Կոչ եմ անում գալ այստեղ և թույլ չտալ, որ խորհրդարանի շենք որևէ պատգամավոր մուտք գործի․ Իշխան Սաղաթելյան
09 Մարտ 2021
ԱԺ մտնելու որևէ փորձ որևէ մեկը չանի, մենք այդ սադրանքին չենք գնալու․ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ բոլոր մուտքերը փակելու՝ Վազգեն Մանուկյանի կոչից հետո։
«Մեր՝ այստեղ գալու նպատակը հետևյալն է․ մենք 10 օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն ենք արտահայտել, նախագահն իր շենքում է փակվել՝ չգիտեմ ինչով է զբաղվում, խորհրդարանն՝ իր շենքում։ Մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի։ Մենք որևէ սադրանքի չենք տրվելու, մենք այս փողոցի վրա շարունակելու ենք մեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ արեց մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տանը նստած ասում էին՝ քայլ չեք կատարում․ «Սա քայլ է, կոչ եմ անում գալ այստեղ, կանգնել մեր կողքին և թույլ չտալ, որպեսզի այս խորհրդարանի շենք որևէ պատգամավոր մուտք գործի, որովհետև նրանք այլևս անելիք չունեն»։
«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկեցին ցուցարարները։
Հանրահավաքի մասնակիցները Դեմիրճյան փողոցի կողմից փակել են ԱԺ մուտքը, չնայած ոստիկանությունը շարունակում է խոչնդոտել։ Դեմիրճյան փողոցում շարունակում է իրավիճակը լարված մնալ։
Քաղաքացիները նաև վրաններ բերեցին և սկսեցին տեղադրել Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ-ի մուտքը փակելու նպատակով։
«Մենք այստեղ պետք է տեղադրենք մի քանի վրաններ, որպեսզի խորհրդարան պատգամավորներ չմտնեն։ Այս խորհրդարան պատգամավորներ պետք է մտնեն միայն մեր թելադրած օրակարգով»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանների մեծ քանակով ուժեր են կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում։ Նրանք վահաններով պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիներին վրաններ տեղադրել։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/mWyHWm-rCpY