Հայ մարդը այսօր հույս չի կապում մեր երկրի հետ
06 Ապրիլ 2021
Մեր առաջին հանդիպումը 2007 թ-ին էր, երբ ուսանող էի, իսկ վերջին հանդիպումը՝ 2018 թ-ի դեկտեմբերի 6-ին՝ այդ չարաբաստիկ ընտրություններից 3 օր առաջ․ սևանցիներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։
Նա նշեց, որ այն խնդիրները, որոնց մասին Սևան քաղաքի հրապարակում միասին խոսել են 2,5 տարի առաջ, այսօր հատ-հատ ցավոտ իրականություն են դարձել․ խոսել են Արցախի հիմնահարցի մասին, խոսել են, որ պատահական մարդկանց՝ ուսապարկերի, պետք չէ ուղարկել խորհրդարան, ովքեր քաղաքացիների շահը չեն կարող պաշտպանել, խոսել են մարզի խնդիրների մասին և ասել՝ այս քաղաքական թիմը ի վիճակի չի լինելու պաշտպանել մարդկանց շահերը։ Եվ դա այսօր իրականություն է դարձել։
«Ի միջի այլոց, ՔՊ-ական այն պատգամավորներն, ովքեր այս տարածքից իբրև ուսապարկեր եկան՝ ձեզանից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին, մինչև հիմա ձեզանից ներողություն չեն խնդրել․ ես խոստանում եմ՝ իրենք ձեզանից ներողություն խնդրելու են, որովհետև հերթական անգամ խաբել են ձեզ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, թե ինչ կատարվեց մեր երկրում․ մի խմբակ, խաբելով մեր ժողովրդին, խոստացավ անվտանգություն, բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա, բարձր աշխատավարձ, խոստացավ, որ երեխաները լավ կրթություն են ստանալու։ Այնինչ, 3 տարի անց ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհեր, փլուզված տնտեսություն, և հայ մարդը այսօր հույս չի կապում մեր երկրի հետ։
«Եթե ժամանակին Հայաստանից արտագաղթում էին նրանք, ովքեր ապրելու պարզ միջոցներ չունեին, այսօր նաև արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն ապրելու հնարավորություն։ Պարզապես, չեն ուզում ապրել այն իշխանությունների հետ, ով դավաճանել է իր ժողվորդին և հույս չեն տեսնում այս երկրի ապագայի հետ։ Բայց մենք կոչ ենք անում այդ քաղաքացիներին գալ, կանգնել մեր պետության կողքին, մեր ժողովրդի կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին և կառուցենք մեր երազած հայրենիքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատերազմից առաջ Գեղարքունիքի մարզը թշնամու հետ սահման ուներ 82 կմ հատված, պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ մարզի անվտանգությունը ունի լուրջ խնդիրներ․ 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ են հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ։ Պատերազմից հետո Հայաստանում կա 7 հազար տեղահանված ընտանիք՝ շուրջ 30 հազար մարդ։ Այս իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը։ Այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի, հանուն մեր ապագայի։ Մենք չենք կարող հանգիստ նստել մեր տներում և տեսնել, թե ինչպես է կործանվում երկիրը։
«Մեր մարզը առաջիկայում շատ ավելի կոնկրետ է տեսնելու այդ խնդիրները․ Քարվաճառի ճանապարհը, որն անցնում էր Գեղարքունիքի մարզով, վերջին շրջանում բավականին տնտեսական ակտիվություն էր ցույց տալիս․ այլևս այդ ճանապարհը չկա։ Սոթքի հանքը, որ մեր մարզի տնտեսական ցուցանիշների հետ կապված բավականին մեծ ցուցանիշներ ուներ, հիմա հարցականի տակ է դրված հանքի շահագործումը։ Վարդենիսի շրջանի մեր բնակիչները առաջիկայում զգալու են այն գյուղատնտեսական խնդիրները՝ խոտհարքի, վարելահողերի, անասնապահության հետ կապված, որոնք արդեն թշնամու հսկողության տակ են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ 3 տարի շարունակ կառավարության անդամները գալիս են Գեղարքունիք, Սևան, խոստանում միլիոնների ներդրումներ, ճոպանուղի, ճեմուղի, հյուրանոցային տնտեսություն, բայց այդ ներդրումները չկան՝ հերթական անգամ խաբել են, ստել են։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/NmZbqcta8cY