ԱՄՆ-ն հրաժարվում է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել. Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է
10 Մարտ 2023
Օրերս Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով:
«Միացյալ Նահանգները չեն դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար:
Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` նրանց խաղաղությանը մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում», – հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը բազմիցս կոչ է արել Ադրբեջանին հանել շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամի է հասցրել Արցախը:
Բոնոյի հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` նշելով, որ Բոնոն սրանով ցույց է տալիս ԱՄՆ-ի թուլությունը.
«Լուիս Բոնոն, իր առաջին հրապարակային ելույթում քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին, Իլհամ Ալիևի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր հայտարարությունները չի իրականացնի գործողություններով», – նշել է Համբարյանը: