Ինքնամերժման խորքային վտանգները
04 Մայիս 2025
Այս հրապարակումը սկսենք մի արյունոտ վիճակագրությամբ. 1877 թ. Բայազետ՝ 1400 հայ, 1879 թ. Ալաշկերտ՝ 1250 հայ, 1894 թ. Սասուն՝ 12 000 հայ, 1895 թ. Արևմտյան Հայաստան՝ 300 000 հայ, 1896 թ. Վան՝ 8000 հայ, 1904 թ. Սասուն՝ 5650 հայ, 1909 թ. Ադանա՝ 30 000 հայ, 1915 թ. Արևմտյան Հայաստանի և Օմանյան կայսրության այլ տարածքներ՝ 1 500 000 հայ, 1918 թ. Կարս՝ 100 000 հայ, 1920 թ. Կիլիկիա՝ 50 000 հայ, 1920 թ. Շուշի՝ 20 000 հայ, իսկ հետո կրկին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա… Արցախ… Այսքանից հետո այդ ո՞ր տկարամիտը կարող էր հավատալ, որ թուրքերի հետ կարող է խաղաղություն լինել: Ու ողորմելի, մորթապաշտ ու ծախու մարդկանց մի խումբ Հայաստանում որոշել է, որ դա հնարավոր է: Պարզ է նաև, որ բուն խնդիրն իրենց ողորմելի իշխանությունը պահպանելն է: Գինը՝ կարևոր չի… Բաց աչքերով նայում են արյունռուշտ գազանին ու իրենք իրենց համոզում, թե այս անգամ կստացվի: Ո՜նց մոռանանք Հովանես Շիրազի հոգու ճիչը՝ «Հայոց եղեռնը ով մտքից հանի, նա է թշնամին նոր Հայաստանի»: Բայց արի ու տես, Ցեղասպանությունն ուրացողը քիչ է գոյություն ունի, մի բան էլ բազմել է կառավարության ղեկավարի աթոռին:
Բազմել ու վեհացնում է իր պապերին ու տատերին մորթողին: Սա այն է, ինչի մասին խոսում էր Գարեգին Նժդեհը՝ «Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ ուզում է թշնամին»: Իսկ թշնամու ուզածն էլ այն է, որ մենք չունենանք նորմալ առաջնորդ, իսկ եթե ունենանք առաջնորդ լինի նիկոլ անունով մի բան, որն ընդունակ է ցանկացած հակազգային ու հակապետական քայլի: Հիրավի, Հայաստանում թուրքի երազանքների իշխանություն… Կենդանաբաններն ասում են, որ «գազանների և մարդկանց միջև եղած տարբերությունն այն է, որ գազանները երբեք թույլ չեն տալիս, որ իրենց առաջնորդի ամենաբթամիտը: Մեր հանրությանը «հաջողվեց» հենց հակառակն անել. որպեսզի աշխարհին անհատականություններ և երևելի գործիչներ տված ազգը դեմ առնի մի չնչին պատնեշի և չկարողանա վերացնել այն, ապահովել իր վաղվա վստահելի օրը: Չկարողանա, որովհետև իրենից ոչինչ չներկայացնող պատնեշի ետևում կագնած են այս երկրի ճակատագիրն այլ շահերի զոհաբերել ցանկացող ուժեր: Եվ կրկին արդիական են դառնում Րաֆֆու խոսքերը. «Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգե՛ք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը:
Բայց խմբե՛ք մի քանի հայեր միասին, և նրանք, պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած՝ միմյանց միսն ուտել»: Սա պարադոքս չէ՝ ի՞նչ է… Ահա այս հարցերն են, որ չստանալով իրենց պատասխանները, մեր ժողովրդին դրդում են խրվել ինքնաքննադատության և ինքնամերժման ծանծաղուտները: Մտաբերենք, թե՛ բանավավեճերում, թե՛ մտերմիկ զրույցներում և թե՛ հատկապես հանրային վայրերում սկիզբ առած բողոքներում մարդիկ ինչպես են արտահայտվում ազգի ու պետության վիճակի, հայ մարդու նկարագրի և առանձին որակների մասին: Ահա նրանց «ցնցող» եզրահանգումը. «Դե ազգ չենք, էլի, հո զոռով չի…»:
Եվ ի՞նչն է տարօրինակ. տվյալ պրոբլեմը չափազանց կոնկրետ է, մի օղակ կամ մարդ իրեն դրսևորում է հակաօրինական, անբարո ձևերով, խախտում է կարգը, անարդար բաներ է անում, իրեն պահում է անդաստիարակ ձևով և այլն, բայց թիրախավորվում է ողջ ազգը: Ասես, բոլորին ձեռք է տալիս, որ մեղավոր լինի ոչ թե կոնկրետ անձը, այլ հանրությունն ամբողջությամբ: Սա պատասխանատվությունից խոսափելու ճարպիկ հնարանք է, ոչ ավելին: Հայտնի բան է, այլոց քննադատողը չի կարող ներել նաև իրեն, և այսպես մարդիկ վարժվում են ինքնաքննադատությանը և ինքնամերժմանը: Հոգեբանական առումով՝ այլոց դատապարտելը ինչ որ առումով ենթագիտակցորեն իշխանության ծարավ է, կիրք, տենչ, որովհետև, երբ ինչ որ մեկին ասում ես՝ «ոչ», կամ «դու սխալ ես», ասողը զգում է իր նշանակալից լինելը: Այլոց դատելը սնում, կերակրում է մարդու «էգոն», արդյունքում՝ դատում են քեզ, դու էլ դատում ես մյուսներին: Պայմանավորված պատմական ու քաղաքական հանգամանքներով, այս ինքնամերժման ցեցը մեզ ուղեկցում է արդեն մի քանի հարյուր տարի: Դա տեսնում ենք Րաֆֆու, Թումանյանի, Դեմիրճյանի, Նժդեհի և մյուս մեծերի խոհերում և գրվածքներում: Նժդեհի ազգային նիհիլիզմի թեման առանձին խոսակցություն է:
Եթե մի քիչ էլ հեռուն գնանք, դրա հետքերը կգտնենք Նարեկացու «Մատյան ողբերգության» հանճարեղ պոեմում: Հանրային գիտակցության մեջ ինքնամերժումն ու ինքնաքննադատությունը, ասես, սահման չեն ճանաչում: Բանն այն է, որ մարդ արարածը դժբախտ է և միշտ պատասխան է փնտրում այն հարցին, թե ինչու է այդպես: Եվ հասարակությունը մարդուն առաջարկում է այսպիսի ելք՝ ԴԱՏԵԼ, դատիր անխնա, դատիր ինքդ քեզ, դատիր թշնամուդ և մերձավորներիդ, բոլորին, անխտիր… Երբ մարդը դատում է, նշանակում է նա չի հասկացել, չի գիտակցել իրականությունը. «Ես կատարյալ չեմ, կատարյալ չեն նաև մյուսները» մտքի և վարքի կոդը դառնում է կանխորոշիչ՝ բոլոր տիպի թե՛ միջանձնային և թե՛ հասարակական հարաբերություններում: Սա հիմնարար հարց է ողջ մարդկության համար, սա միայն մեր խնդիրը չէ: Մի տարօրինակ բան էլ կա՝ ցավ ենք պատճառում մարդկանց, բայց, չգիտես ինչու, ուզում ենք, որ նրանք սիրեն ու հարգեն մեզ: Եթե չես սիրում, չես հարգում և չես վստահում ինքդ քեզ, չունես այդ զգացումները հոգուդ մեջ, ապա ինչպե՞ս կարող ես դրանք բաժանել այլոց:
Հայ հասարկության մեջ սա տարածված և ուժեղ արտահայտված բան է: Պատահական չէ, որ «Ինչո՞ւ հայերն իրար չեն սիրում» հարցը այդպես էլ դուրս չի գալիս մեր խոհերի օրակարգից: Մարդիկ չափից ավելի շատ բան են պայմանավորել «միմյանց սիրելու-չսերելու» հանգամանքով: Սա սխալ մոտեցում չէ, սակայն կիսատ ընկալում է: Առիթներ եմ ունեցել այս թեմաներով զրուցելու օտարների հետ, բայց նրանցից և ոչ մեկն այդքան ճակատագրական չի համարել այս հարցը իրենց ազգի դեպքում: Ասեմ ավելին, նրանց խոսքում չեմ լսել սեփական էթնոտեսակի մասին անհանդուրժող քննադատություն: Երևի նրանք ավելի լավ են հասկանում, որ ինքնախարազանումը խլում, ոչնչացնում է մարդու կենսական էներգիան: Ճապոնական սամուրայրն ասում էր՝ «Վատ մի խոսիր ինքդ քո մասին, ներսումդ ապրող ռազմիկը լսում ու տկարանում է»: Տարիներ առաջ Մատենադարանի աստիճանների վրա զրույցի բռնվեցի մի նորվեգիացի հետազոտողի հետ, որը նաև հայագետ էր: Անուշ մարդ էր, լավ գիտեր մեր մշակույթը, պատմությունը, տիրապետում էր ռուսերենին և մասամբ՝ հայերենին:
Երբ հասանք միջնադար և Նարեկացուն, ես մի անասելի խանդավառությամբ սկսեցի ներկայացնել Նարեկացու մասին իմ դիտարկումները: Նա գիտեր մեր տիտանին: Ուշադիր լսում էր, չէր ընդհատում: Վերջում ասաց. «Ձեր դիտարկումների մեծ մասի հետ համամիտ եմ, բայց մի բան կա, որ այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, ի վերջո, ինչո՞ւ պետք է մարդը տառապի, այն էլ այդքան անողոքաբար, խստորեն դատապարտի ինքն իրեն: Մարդ էակի իրական կոչումը երջանիկ լինելն է, այլ ոչ թե տառապելը: Ենթադրում եմ, որ Ցեղասպանությունը ձեզ շատ է խեղճացրել, և դուք մի տեսակ չեք տեսնում այսօրվա իրական աշխարհը: Մխրճվել եք ձեր ցավի ու կորուստների մեջ և չեք կարողանում դուրս պրծնել այդ վտանգավոր ծուղակից»: Սա միանգամայն այլ ընկալում էր, օտարի ընկալում, և ես լռեցի: Բայց մի հարցում անկարելի էր չհամաձայնել նրա հետ:
Իրոք, մենք լավ չենք տեսնում այս աշխարհը, պետությունների շահերը, երկրների գիշատչական ձգտումները: Իրականում՝ մեր աշխարհը գիտակցությունից զուրկ, ասես, քնած կամ կուրացած մարդկանց աշխարհ է: Այստեղից էլ այսքան թյուրըմբռնումներ, հակամարտություններ, վեճեր, քաոս… Աշխարհի կշիռ ունեցող երկրները ապրում են իշխելու, այլ երկրներից մի բան խլելու, ուրիշների ռեսուրսներին տիրանալու աշխարհակարգում… Քնածների, կուրացածների և արթնացածների, գիտակից մարդկանց միջև կա մի խիստ էական տարբերություն, որը պետք է նկատի ունենալ:
Անգիտակիցը կամ իշխելու տենդի մեջ ապրող մարդը չգիտի, թե ով է ինքը, ուստի նա անընդհատ ձգտում է փաստել, թե ինչ է իրենից ներկայացնում, և դա անում է ողջ կյանքի ընթացքում: Նա ձգտում է դա հաստատել հազարավոր ձևերով: Հաճախ, որպեսզի հայտարարի՝ «ես այս եմ, ես այն եմ», նա բարձրանում է քաղաքական կարիերայի աստիճաններով: Կառուցում է ահռելի տուն, ստեղծում ֆանտաստիկ բիզնես համակարգեր, ցուցադրում է իր հարստությունը, զավթում հարևանների հողերը՝ ցուցադրելով իր ուժը: Իրականում, բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ նա պարզի, թե ինքն ով է: Աչքիս առջև Իհլամ Ալիևն է ու ամպերին հասած նրա էկզոտիկ քիթը… Իսկ եթե առավել պարզեցված ձևով ասելու լինենք, աշխարհի ժամանակակից պատկերը կլինի այսպիսին. «Եթե քո ձեռքին ատրճանակ կա, և ես նույնպես ատրճանակ ունեմ, ապա մենք կարող ենք խոսել օրենքի մասին: Եթե քո ձեռքում դանակ է, իմ ձեռքում՝ նույնպես, մենք արդեն կխոսենք կանոնների մասին:
Եթե դու եկել ես դատարկ ձեռքով, և ես նույնպես, ապա մենք կխոսենք բանականության մասին: Իսկ եթե քո ձեռքինը ատրճանակ է, իսկ իմ ձեռքինը՝ դանակ, այդժամ ճիշտը դու ես: Բայց ահա, երբ դու ունես ատրճանակ, իսկ ես ոչինչ, ապա դա նշանակում է քո ձեռքում ոչ միայն ատրճանակ է, այլև իմ ԿՅԱՆՔԸ: Օրենքների, կանոների և բարոյականության հասկացություններն իմաստ ունեն, եթե հիմնված են հավասարակշռության վրա: Այս աշխարհի դառը ճշմարտությունն այն է, որ երբ խոսում են փողերն ու զենքերը, ճշմարտությունը լռում է: Իսկ երբ խոսում է ուժը, ապա նույնիսկ փողերն են մի քանի քայլ հետ նահանջում: Նրանք, ովքեր կանոններ են ստեղծում, հաճախ իրենք էլ խախտում են դրանք:
Կանոնները շղթաներ են թույլերի համար և գործիքներ՝ ուժեղների ձեռքին: Այս աշխարհում ամեն լավ բանի համար պետք է պայքարել: Խաղի «վարպետները» կատաղի պայքար են մղում ռեսուրսների համար, այն դեպքում, երբ թույլերը նստած են անգործ և սպասում են իրենց բաժին փշրանքներին: Այնպես որ, քանի դեռ դու անգործության ես մատնվել, քո փոխարեն որոշում են ուրիշները և ոչ մի լավ բան մի սպասիր նրանց որոշումներից: Բայց եթե քաջություն կցուցաբերես և ի տես կդնես քո ուժը, ապա քեզ հետ հաշվի կնստեն»: Այսքան պարզ ու մատչելի ձևով արված ձևակերպումն արդեն 135 տարի այլ բառերով ու ձևակերպումներով ասում է ՀՅ Դաշնակցությունը:
Հավանաբար, նաև նորվեգացի իմ զրուցակիցը հենց այս ամենը նկատի ուներ, երբ ասում էր աշխարհից գլուխ չեք հանում: Շատ երկրներ ունեն բոլորովին այլ մոտեցում պրոբլեմների հանդեպ: Նրանք, ի տարբերություն մեզ, ինքնամերժմամբ և ինքնաքննադատություններով, ինչպես ասացինք վերևում, չեն մսխում իրենց դրական էներգիան՝ չեն փոշիացնում: Օրինակ, երբ ինչ որ տեղ ջրատարը վթարվել է, կամ ճանապարհն անանցանելի է, մարդիկ չեն ասում. «Երկիրը երկիր չի, ազգային գիտակցություն չունենք, պետական մտածողությունից զուրկ ենք և այլն»: Նրանք գնահատում են իրավիճակը, ճշգրտորեն ձևակերպում հիմնախնդիրը, պատճառները: Արագ գալիս է կառավարման համակարգի համապատասխան օղակը և տալիս իր մասնագիտական եզրակացությունը, ինչ տարբերակով այն պետք է լուծվի, ինչքան փող է պետք, ով է լինելու կատարման պատասխանատուն, և ինչ ժամկետներում դա պետք է արվի: Վերջ: Այս դեպքում նույնիսկ գործը մամուլին չի հասնում, համակարգն ավտոմատ է անում այս ամենը: Սա մի ճիշտ համակարգ է անգամ ամենաբարդ հարցերը հաղթահարելու համար:
Լինի դա սոցիալ-տնտեսական խնդիր, երկրի ղեկավարի փոփոխություն, անվտանգային հարցեր ու արտաքին հարաբերություններում ճշգրտումներ կամ մեկ այլ բան: Սա բխում է, այսպես ասած, «Արդի պետության» պատկերացման տրամաբանությունից: Պատմում են, որ տարիներ առաջ, երբ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը պարտվեց աշխարհի խաղերի եզրափակիչում, պետական ամենաբարձր մակարդակով՝ Բունդեսթագում հատուկ նիստ հրավիրվեց, պարտության պատճառները հասկանալու և վիճակը արմատապես շտկելու համար: Պատկերացո՞ւմ եք, սա նույնիսկ ֆուտբոլի պես անկանխատեսելի սպորտաձևում:
Ասել է թե՝ «եթե որոշել էինք, որ պետք է հաղթենք, ապա այդպիսի արդյունք չպետք է լիներ, ոչինչ չպետք է շեղեր մեզ մեր նպատակից»: Կասեք, դա կազմակերպված ու զարգացած Գերմանիան է, մենք շատ հեռու ենք նման որակներից: Հարցն էլ հենց դա է՝ ինչպե՞ս են ազգերը հասնում զարգացման այդ մակարդակին: Իսկ նրանք այդ ամենին հասնում են իրենց առողջ և պրակտիկ մտածողության և վարքագծի շնորհիվ: Մեր պարագայում՝ վիճակը տրամագծորեն հակառակն է. գտնել վերացական մեղավորների ու զբաղվել նույնպիսի վերացական ինքնաքննադատությամբ և… բավարարվել այդքանով: Իսկ վերացական մեղավորը և անթիրախ քննադատությունը, ինչպես գիտենք, սկզբից ևեթ մեռյալ են: Հիմա ավելի կոնկրետ. օրինակ, գիտենք չէ՞, որ պետության ղեկին հայտնված մարդն ակնհայտորեն թշնամու դրածո է, մորթապաշտ ու բարոյազուրկ մի սրիկա, երկիրը գլորում է դեպի անդունդ:
Հետևաբար, ինչո՞ւ տեղի չի ունենում այնպիսի մի հանրային ընդվզում, որը դրածոյին դեն կշպրտեր իր աթոռից: Կա հստակ խնդիր, բայց չկա որևէ հստակ գործողություն: Այստեղ է, որ ծույլ ու թանձրամիտ զանգվածին օգնության է հասնում ֆեյսբուքյան «հերոսական պայքարը» դավաճանների դեմ: Անձնական անպատասխանատվությունը վերածվում է հանրային անպատասխանատվության: Սա արդեն իսկական նվեր է դրածոյին և նրան սատարող դրսի և ներսի ուժերին: Ու շատերից լսում ենք՝ «Նիկոլը գնացող չի»: Հիմա հարց. «Իսկ ի՞նչ ես արել, որ նա գնա»: Պարզ է, կոնկրետ ոչինչ, կամ քիչ բան: Պրոբլեմը հիմնականում ձևակերպվել է, բայց դրան չեն հաջորդել հետևողական ջանքեր, կոնկրետ քայլեր:
Սա դեմագոգիա է՝ ոչինչ չանել, բայց ակնկալել դրական արդյունքներ: Այ, սրա համար ենք ասում, որ անպատասխանատու ինքնամերժումն իսկական ծուղակ է, ոչինչ չանելու շատ հարմար պլատֆորմ:
Սրտացավ և կարգին հայի մեջ «Ազգ չենք էլի, հո զոռով չի» բառերը, նույնը նաև՝ «նախկինները» զառանցանքը, միայն զզվանք են առաջացնում, որովհետև կարծես ասվում է՝ «Ես չեմ փոխվելու, թող փոխվի մեկ ուրիշը, փոխվի ու ինձ համար ապահովի անվտանգ տուն, որտեղ ես իմ բաժին երջանկությունը կարող եմ հանգիստ որոճալ»: Ասողն անգիտակից է ու չի հասկանում, որ սա օտարի տուն չէ, հետո ինչ, որ տունն օրեցօր ճաքեր է տալիս ու փլվում: Ու եթե այդպես է, ապա մենք այդ տունն այդպես էլ չենք ունենա, քանի դեռ այն չենք գտել մեր մեջ: Նայենք Հայաստանի այսօրվա քարտեզին, քարտեզն ավելին է պատմում, քան հազարավոր խոսքերը միասին վերցրած, իսկ արյունոտ վիճակագրությունը, որը ներկայացրինք հրապարակման սկզբում, արդեն նոր աղետների ահազանգն է:
Մանվել Մկրտչյան