Պարտությունից դեպի նոր պատերազմ
04 Մայիս 2025
Օսմանյան կայսրության պատմության մեջ 1918 թ. բախտորոշ ժամանակաշրջան էր. նա պարտվել էր Առաջին աշխարհամարտում և ստորագրել անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր, որի պահանջով զինաթափում և կազմալուծում էր զինված ուժերը: Նրան սպառնում էր մասնատում դաշնակից պետությունների միջև:
Կայսրության համար այդ ծանրագույն շրջանում՝ 1919 թ․ ապրիլի 30-ին, ռազմական նախարարը դիմում է սուլթանին՝ Մուստաֆա Քեմալին 9-րդ բանակի տեսուչ նշանակելու առաջարկով: Նույն օրը սուլթանը տալիս է հրամանը, որի համաձայն՝ Մուստաֆա Քեմալին, բացի 9-րդ բանակի տեսուչի լիազորություններից, տրվում են նաև այլ լիազորություններ, որոնց շնորհիվ նրա վերահսկողության տակ են անցնում «Տրապիզոնի, Կարինի (Էրզրումի), Սվազի (Սիվասի), Վանի վիլայեթների և Երզնկայի (Էրզինջանի) ու Ջանիկի առանձին լիվաների քաղաքացիական իշխանությունները: Փաստորեն նա դառնում էր Օսմանյան կայսրության արևելյան հատվածի տերն ու տիրակալը» :
Այս լայն լիազորությունների հրամանը ձեռքին՝ նա 1919 թ. մայիսի 19-ին Բանդրմա նավով ժամանում է Սամսուն և նույն օրն էլ հայտարարում ընդհանուր զորահավաք: Հենց այդ օրն էլ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ նշվում է որպես ազգային-ազատագրական պայքարի սկիզբ՝ երկիրը նվաճած պետությունների դեմ: Քեմալը հունիսի 22-ին Ամասիայում հրապարակում է շրջաբերական (Amasya Genelgesi), որով հայտարարում է, որ երկրի անկախությունը սպառնալիքի տակ է, և հրավիրում է պատգամավորների կոնգրես:
Ավելի քան մեկ տարի տևած խաղաղությունը խաթարվում է 1919 թ. աշնանը, երբ սկիզբ է առնում, այսպես կոչված, ազգային-ազատագրական պայքարը: Թեև այս պայքարի ընթացքում Քեմալը հրապարակային ելույթներում խուսափում էր Անտանտի կրտսեր դաշնակից Հայաստանի Հանրապետության և հայերի նկատմամբ բացահայտ թշնամական կեցվածք ցուցադրելուց, սակայն արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիրին հղած գաղտնի նամակում գրում է. «…հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երևալուն» : Այնուհետև հանգամանալից կերպով բացատրելով Հայաստանի և հայերի գոյության աննպատակահարմարությունը Թուրքիայի շահերի տեսակետից՝ նա Քարաբեքիրին հրամայում է, որպեսզի «Հայաստանը քաղաքականապես և նյութապես մեջտեղից վերացվի» :
Ներումը և Օրդուի հայերը
1918 թ. օգոստոսին հայտարարված ներումից հետո բազմաթիվ խմբեր իջան լեռներից և անցան խաղաղ կյանքի: Ֆիդայիները հիմնականում գյուղացիներ էին, որոնք աստիճանաբար սկսեցին վերանորոգել կամ վերակառուցել իրենց ավերված կամ քանդված տները և մշակել այգիները:
Հ. Հովակիմյանի հայտնի գրքի 526-529 էջերում զետեղված են Օր¬դուի բնակիչ Պ. Անդրեասյանի հուշերը, որոնց համաձայն՝ շատերը չհավատացին իշխանություններին և լեռներից չիջան: Դրանցից էր հայտնի խմբապետ, բազմաթիվ կռիվներում կոփված Քյուչուկ Արթինը: Նա և նրա զինակիցները երբեք չհավատացին թուրքական իշխանություններին: Զինադադարի օրերին նրանք, զենքերը թաքցրած, երբեմն քաղաք (Օրդու) էին իջնում մթերք գնելու և աքսորից վերադարձած հայրենակիցներին հանդիպելու համար: Կառավարությունն ամեն խոստում տալիս էր՝ նրանց իրենց հողերի վրա տեղավորելու համար, բայց՝ ապարդյուն: Իսկ երբ քեմալական Թուրքիան ուժեղանում է, նրանք առագաստանավերով տեղափոխվում են Սուխում :
Ցեղասպանության տարիներին մի կերպ փրկված և այստեղ-այնտեղ ապաստան գտած հայերը նույնպես զինադադարի շրջանում վերադառնում են հայրենի օջախներ: Ըստ Պ. Անդրեասյանի՝ 1918 թ. քաղաքում կային 16-17 տարեկան մոտ 80 պատանի և շուրջ 1000 կին ու երեխա: Ուրիշ բնակավայրերի հետ համեմատած՝ այս թիվը ամենամեծն էր: Վերադարձածների առաջնահերթ խնդիրներից մեկը որբախնամ հանձնախմբի ստեղծումն էր (անդամներ՝ Նշան Պ. Անդրեասյան, Գարեգին Պ. Անդրեասյան, Տիգրան Ե. Անդրեասյան, Հրանդ Ս. Բլոճյան, Սեփոն Պ. Ճգնավորյան) (Պ.Ա., էջ 526): Որբանոցի գոյության կարճ ընթացքում այնտեղ ապրեցին 200-ի չափ որբեր, իսկ ընդունվող-հեռացող որբերի թիվը հասավ 500-ի: Մեկ տարում Օրդուից Ամերիկա կամ Սուխում՝ իրենց ազգականների մոտ տեղափոխվեցին բազմաթիվ չափահաս աղջիկներ և կանայք: Թեև որբահավաք մարմինը մեծ ջանքեր գործադրեց քաղաքի բոլոր որբերին հավաքելու ուղղությամբ, բայց բավական թվով որբեր մնացին թուրքերի ընտանիքներում՝ նրանց հայ լինելը ապացուցել չկարողանալու պատճառով: Անկարելի եղավ նաև թուրքերի հետ ամուսնացած կանանց և աղջիկներին վերադարձնելը, քանի որ թուրքերը դիմադրում էին ամեն կերպ (Պ. Ա., էջ 528):
Օրդու վերադարձած հայերը, ապագայի նկատմամբ հույսով լցված, փորձում են վերականգնել համայնքի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր ազգային հաստատություններն ու մարմինները: Ոգևորված մարդիկ ընտրում են Թաղական խորհուրդ (անդամներ՝ Հրանտ Ս. Բլոճյան, Հակոբ Պ. Չիլիջյան, Կարապետ Ավետյան, ատենապետ է նշանակվում Հակոբ Սեֆերյանը), որը կազմակերպում է դրամահավաք և վերանորոգում եկեղեցին, վերաբացում դպրոցը: Կյանքն աստիճանաբար սկսում է աշխուժանալ:
Օրդուի հայերը շրջակա բնակավայրեր վերադարձածների համեմատությամբ ունեին որոշ ազատություններ, սակայն զինադադարից հետո էլ թուրքերը շարունակում են սպանել հայերին հատկապես գյուղերում և ճանապարհների վրա: Աքսորից վերադարձող օրդուցիների 15-20 հոգանոց մի խումբ սրախողխող է արվում ճանապարհին: Մեսուդիեում մնացած հայերն էլ կամ մահանում էին անմարդկային չարչարանքներից, կամ սպանվում էին:
Օրդուի հայերը համեմատաբար ազատ էին միայն առաջին տարին, հետո նրանց կյանքն էլ է վտանգվում: Վերապրած պատանիներն իրենց հերթին որոշում են վրեժ լուծել թուրք չարագործներից: Ուշագրավ է մի օրդուցի հայի հուշերից հետևյալ հատվածը. Չաքըր Ահմետ անունով մի թուրք իր մոտ է կանչում հայ պատանիներին և հետևյալ խորհուրդը տալիս. «Ես ալ իմ ամբողջ հոգիովս կ’ատեմ թուրքերը իբրև վատ և ստոր ցեղ. ինչ որ ընէք անոնց, իրաւացի էք. անոնց գործած ոճիրները ձեր ազգին հանդէպ որևէ կերպ չեն կրնար մոռցուիլ: Բայց, զաւակներս, դուք անփորձ էք. այսօր թուրքը ինկած է և թոյլ, սակայն մեռած չէ. կրնայ ըլլալ, որ վաղը միւս օր նորէն ոտքի կանգնի, այն ատեն ձեզմէ ոչ մէկը ողջ կը մնայ, ինչ որ ընէք, ըրէք այնպէս, որ չիմացուի, թէ ո΄վ ըրաւ և ինչպէ΄ս ըրաւ» :
Իմաստուն և բարի այս թուրքի խոսքերը շուտով հաստատվում են. իշխանության եկած Մուստաֆա Քեմալը որդեգրում է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը: Ամենուր վերսկսվում են քրիստոնյաների հալածանքներն ու սպանությունները: Իր վայրագություններով բոլորին գերազանցում էր Տրապիզոնի հայերի և հույների թիվ մեկ դահիճ, իր զոհերի ունեցվածքի թալանով մեծ հարստություն դիզած կիրասունցի Թոփալ Օսմանը : Իր շրջանի մեջ այլևս անելիք չունենալով՝ նա որոշում է ոչնչացնել Օրդուի վերականգնվող հայկական համայնքը, 1920 թ. 200 արյունարբու ավազակներով արշավում է դեպի Օրդու, սակայն օրդուցի Ալի փաշայի որդի Զիյա բեյը մեծ զորաջոկատով փակում է նրա ճանապարհը՝ ասելով. «Այս շրջանը իմ իրաւասութեան տակ է» : Օրդուի հայերն այս անգամ փրկվում են նոր կոտորածից և թալանից:
Դարձյալ դեպի լեռներ
Մեկ տարի հարաբերական խաղաղությունից հետո 1919 թ․ ամռանը քեմալական շարժման ազդեցությամբ չեթեները վերսկսում են փոքրաթիվ բնակչությամբ հայկական գյուղերի ասպատակությունները, թալանն ու սպանությունները: Նախկին դաժանությունները դրսևորվում են ողջ ուժգնությամբ: Ունիեի շրջանի Օզուար գյուղում մի գիշեր թուրքերը հրկիզում են Հովհաննես Ուրումյանի տունը: Նա այդ օրը բացակայում էր տնից: Բոցերի մեջ այրվում են նրա կինը, 17-ամյա դուստրը, երկու փոքր տղաները և չորս որբեր, որոնց խնամում էր Ուրումյանների ընտանիքը:
Կոտորածն ու թալանը դյուրացնելու նպատակով կազմակերպում են դավադրություններ, որոնց զոհ են գնում բազմաթիվ ազդեցիկ հայեր և հույներ, այդ թվում՝ Ֆաթսայի խմբապետ Արթին Մինասյանը:
Իշխանությունների ներմանը հավատացած և խաղաղ կյանքի անցածներից շատերը թաքստոցներից հանում են զենքերը և դարձյալ բարձրանում լեռները:
Ունիեի գավառակ: Քյոքլուղցիների նոր ոդիսականը
Չեթեներն ու զանազան հանցավոր խմբեր աստիճանաբար մեծացնում են ճնշումը: Հուլիսի 25-ին մի մեծ խումբ շրջապատում է հայտնի Քյոքլուղ գյուղը: Գյուղի զինյալները բազմաթիվ կռիվներում աչքի ընկած խմբապետ Ավետիս Չաքրյանի ղեկավարությամբ ճեղքում են պաշարման շղթան և անցնում թշնամու թիկունքը: Անզիջում կռվի մեջ թեև թուրքերը տալիս են բազմաթիվ զոհեր, բայց մահացու վիրավորվում է նաև խմբապետ Չաքրյանը: Երկօրյա կռիվներում թշնամուն պարտության մատնելուց հետո համագյուղացիները գյուղի գերեզմանատանը, ուր հանգչում էին գյուղացիների սիրելի ղեկավար, դաշնակցական գործիչ Տիգրան Զեյթունջյանի աճյունը, բոլորի կողմից պաշտելի անվեհեր քահանա տեր Միքայելի ոսկորները, հողին են հանձնում խիզախ հրամանատարի մարմինը և նրա շիրիմի վրա երդվում վրեժ լուծել թշնամուց (Օր., 746-747):
Այս կռվից հետո թուրքերը շուրջ մեկ տարի չհայտնվեցին, սակայն 1920 թ․ օգոստոսին քյոքլուղցիները գավառի իշխանություններից հրաման ստացան հանձնել զենքերը: Հայերը, որ մտադիր չէին ենթարկվել այդ հրամանին, ամրացրին դիրքերը և սկսեցին սպասել թուրքերի հերթական հարձակմանը:
Սեպտեմբերյան մի օր թրքական Մանաստր գյուղում նկատվում է զորքերի կուտակում: Նույն գիշերն իսկ Քյոքլուղի ղեկավարներն անզեն ժողովրդին գյուղից դուրս են բերում և խմբապետ Կարապետ Թահմիզյանի (Դելի Հոջա) պաշտպանության ներքո տեղավորում մերձակա անտառում, իսկ Գևորգ Քյոսյանի խումբը բարձրանում է Թազ դաղ լեռը՝ ամրացնելու դիրքերն ու կարգի բերելու ապաստարանները: 100-ի չափ ֆիդայիներ խմբապետներ՝ Սերոբի և Գալուստի ղեկավարությամբ, դիրքավորվում և սպասում են թուրքերի հարձակմանը: Սեպտեմբերի սկզբին շուրջ 1500 զինվորներ, նրանց աջակից չեթեներ և այլ զինյալներ շարժվում են դեպի հայկական դիրքերը:
Անզիջում կռիվը շարունակվում է 5 ժամ. երեկոյան կողմ թշնամին, հավաքելով դիակները, նահանջում է: Երկրորդ օրը սպիտակ դրոշ պարզած սուրհանդակը տեղեկացնում է, որ Ունիեի կայմակամը ցանկանում է հանդիպել հայերի ղեկավարների հետ: Կայմակամն առաջարկում է հանձնել զենքերը, որի դիմաց կառավարությունը երաշխավորում է նրանց կյանքը: Կտրուկ մերժումից մեկ օր հետո կռիվը վերսկսվում է առավել սաստիկ ուժով: Թուրքերն օգտագործում են նոր բերված գնդացիրներ և նեղում հայերին, որոնք, բավականաչափ զոհեր տալով, նահանջում են և սեղմվում մի նեղ հատվածում: Դեպքերի մասնակիցը գրում է. «Երեկոյեան օրհասական պահեր ապրեցանք: Այս անգամ ալ մեր փրկակար ռումբերէն 3 հատ պայթեցնելով ու համազարկը սաստկացնելով սարսափի մատնեցինք թշնամին: Արդէն գիշեր էր և ան դադրեցուց կռիւը, իսկ մենք ալ մեր վիրաւորները վերցնելով, նոյն գիշերը հասանք Թազ տաղ: Տելի Հոճան մնաց միայն դիրքերու վրայ, մինչեւ որ գիւղը դատարկուեցաւ» (ՕՐ., էջ 748):
Իշխանություններն ամեն քայլի դիմում են՝ դիմադրության օջախները ոչնչացնելու համար: Որտեղ որ զենքով հաջողության չէին հասնում, փորձում էին դավաճաններ գտնել: Այդպես պատահեց նաև այս կռվում պարտություն կրելուց հետո: Հայերի ղեկավարների հետ ևս մեկ անգամ բանակցելու պատրվակով կայմակամը հանդիպման է հրավիրում խմբապետ Կ. Թահմիզյանին և հայերին անվտանգ կյանք խոստանում հայրենի գյուղում՝ խմբապետ Սերոբի գլխի դիմաց: Կ. Թահմիզյանը հրաժարվում է կատարել պահանջը՝ պատճառաբանելով, որ Սերոբը հեռացել է գյուղից, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը: Երբ օրեր անց կայմակամը գլխի է ընկնում, որ իրեն խաբել են, ձերբակալում է Կ. Թահմիզյանին և նրա 10 ընկերներին ու բանտարկում:
Խմբապետները որոշում են հարձակվել բանտի վրա և ազատել ընկերներին: Այդ մտահղացումն իրականացնելու համար 1920 թ. նոյեմբերի 5-6–ին ավերակ Չանկերիլ գյուղում տեղի է ունենում հայկական և հունական մի քանի խմբերի համատեղ ժողով, ուր որոշում է ընդունվում միասնական ուժերով ազատել բանտարկյալներին: Ժողովին մասնակցում էր թերմեցի Խաչիկ Կարագյոզյանը (Կարա Խաչիկ), ով Զիլ Օհաննեսի սպանությունից հետո ընտրվել էր Տրապիզոնի նահանգի հայկական ուժերի ընդհանուր հրամանատար:
Ըստ հաստատված ծրագրի՝ քյոքլուղցիների 50 հոգիանոց խումբը՝ Սերոբի և Գալուստի հրամանատարությամբ, որոշված օրը պետք է հարձակվեր քաղաքամերձ թուրքական գյուղերի վրա և կոտորեր բնակչությանը՝ իշխանության ուշադրությունն իր վրա հրավիրելու համար: Այդ ժամանակ Կարա Խաչիկի խումբը պետք է հարձակվեր բանտի վրա և ազատեր գերյալներին, իսկ հույների ամենաբազմամարդ խումբը Ունիե պետք է մտներ արևմտյան կողմից:
Նոյեմբերի վերջին որոշվում է իրագործել ծրագիրը, բայց մի հույն մատնիչի պատճառով այն ձախողվում է. բանտարկյալներին տեղափոխել էին այլ բանտ: Սակայն գործադրվում է ծրագրի առաջին մասը. քյոքլուղցիներն ասպատակում են քաղաքամերձ թուրքական գյուղերը և բարեհաջող վերադառնում Թազ դաղ՝ իրենց կենտրոնատեղի (ՕՐ., էջ 749):
Այս դեպքերից մի քանի օր անց, երբ թշնամին ետ էր քաշվել, քյոքլուղցի 55 զինյալներ չարշամբացի Խաչիկ Թուլումճյանի 85 հոգիանոց խմբի հետ մի անսովոր կռվի են մասնակցում հույներին պատկանող Չոկջին կոչվող բարձրադիր քարհանքերում, ուր հույները ջրաղացի քարեր էին պատրաստում: Այդ վայրը գտնվում էր Ունիեից շուրջ 15-17 կմ հեռավորության վրա և ապահով էր թվում:
Երկու խմբերը որոշել էին ձմեռանոց տեղափոխվելուց և ձմեռվա պատրաստություններ տեսնելուց առաջ մի քանի օր հանգստանալ այս վայրերում և քննարկել անելիքները: Սակայն ամեն ինչ ընթանում է այլ կերպ. մի օր առավոտյան արթնանում են ժամապահների տագնապի ձայնից և տեսնում, որ իրենք պաշարված են բազմաթիվ թուրք զինվորներով, ոստիկաններով և զինված խուժանի բազմությամբ:
Շուտով կողմերի միջև կատաղի կռիվ է սկսվում: Մեծաթիվ թուրքական ուժերն աստիճանաբար նեղում են պաշարվածներին: Կռվի թունդ պահին Հարություն Ափյան անունով զինվորը հանկարծ սկսում է երգել «Քոռ օղլի»-ն: Կռիվը մի պահ դադարում է: Թուրք հրամանատարը որոշում է ժամանակ շահել, մինչև Չարշամբայից օգնության կհասնի Համդի բեյի զորաջոկատը: Հայերն էլ այս դադարն օգտագործում են՝ իրենց դիրքերին մոտեցնելով մի քանի տասնյակ ջրաղացի քարերը, որ պատրաստել էին հույները:
Թուրքերը երկար են սպասում օգնական ուժին, բայց նա տեղ չի հասնում. Կարա Խաչիկը, որ տեղեկացել էր կռվի մասին, իր խմբով օգնության է շտապում, բայց, ճանապարհին հանդիպելով Համդի բեյի զորաջոկատին, կռվի է բռնվում նրա հետ և փակում ճանապարհը: Թուրք հրամանատարը տեսնելով, որ օգնությունն ուշանում է, վերսկսում է կռիվը: Հայերը թույլ են տալիս, որ թուրքերն ավելի մոտենան իրենց դիրքերին, և բարձունքից նրանց վրա են բաց թողնում մի քանի տասնյակ ջրաղացքար: Կռվի մասնակիցը հիշում է. «Աննկարագրելի էր թշնամիին խուճապը, մանաւանդ որ շատեր մնացին այդ քարերու տակ, իսկ մենք, օգտուելով այս կացութենէն, կրցանք դուրս գալ պաշարման շղթային մեջէն» (ՕՐ., էջ 750):
Կարա Խաչիկի հմուտ ղեկավարության և խմբերի միջև մշտական կապի շնորհիվ դարձյալ վերականգնվեց փոխօգնության և համագործակցության այն համակարգը, որ ձևավորվել էր մինչ 1918 թ․ օգոստոսին հայտարարված ներումը: Ավելին՝ նույնիսկ հունական խմբերն էին ընդգրկվել այս համակարգի մեջ, որոնք դեկտեմբերի 25-ին դիմում են Կարա Խաչիկին՝ համագործակցության առաջարկով: Ինչպես ողջ կայսրության մեջ, այնպես էլ Տրապիզոնի նահանգում հայերի ցեղասպանությունը սկսվեց մի փոքր ավելի շուտ, քան հույներինը: 1915-16 թթ. բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ հույն հասարակ մարդիկ և հոգևորականները նույնիսկ իրենց կյանքի գնով հայերի են փրկել և թաքցրել իրենց տներում: Բազում օրինակներից հիշենք մեկը. գրեթե առանց հայ բնակչության մնացած Տրապիզոնում հույների մետրոպոլիտ Խրիսանթոսը փրկում է որբ և անտեր մնացած 600 հայ երեխաների և վերցնում իր խնամքի տակ: Այս գործի մեջ նա ներգրավել էր բազմաթիվ հույն հոգևորականների: Թուրք իշխանությունները, սակայն, երեխաներին խլում են մետրոպոլիտից, 150-ին թունավորում են, իսկ մյուսներին դաժանաբար ծովամույն անում:
Հայ-հունական հարաբերությունները հայտնի են նաև այդ շրջանում թուրքերի դեմ մղված բազմաթիվ համատեղ կռիվներով, որոնցից մի քանիսին անդրադարձել ենք այս հոդվածի նախորդ մասերում: Հատկապես հայտնի է «Ջանիքի լեռներում (Ամիսոսի և Սամսունի միջև) հայկական հայդուկային խմբերի մղած երկարատև գոյամարտը, որի ընթացքում 1916 թ. նոյեմբերին, ծանր կորուստների գնով փրկվել և ռուսական բանակի կողմից գրավված տարածք է փոխադրվել մոտ 200 հույն ընտանիք»:
Հայերը և հույները թուրքերի դեմ միասնաբար կռվել են ոչ միայն Տրապիզոնի նահանգում, այլև 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմի տարբեր ճակատներում: 1920 թ. զորավար Թորգոմը (Արսեն-Արշակ-Խարիտոն Նագգաշյան) Հունաստանի թագավոր Կոստանդինից արտոնություն է ստացել ստեղծելու «Հայկական լեգեոն» անունով մի զորամիավորում՝ բաղկացած 1700 մարդուց: 1922 թ. հայ կամավորականների թիվն արդեն հասնում էր 2500-ի, որոնք կռվում էին Մագնեսիա-Աֆիոն-Կարահիսար, Էսքիշեհիր տեղամասերում և Բրուսայի շրջանում:
Հույն խմբապետների համագործակցության առաջարկը բխում էր անցյալի փորձառության վրա ձևավորված վստահությունից: Հայերը սիրով ընդունում են առաջարկը, և Գարաջալի կոչվող ամայի հայկական ագարակներում տեղի է ունենում հայ և հույն խմբապետների հանդիպում: Հույներն ունեին 450 մարտիկ, որոնց հրամանատարներն էին հայտնի խմբապետներ Սարու Յանին և Խարիկոն: Թեև հանդիպումն անցնում է բարեկամական ջերմ մթնոլորտում, սակայն կենտրոնակայանի հարցում համաձայնության չեն գալիս. հայերն առաջարկում էին ձմեռն անցկացնել Թազ լեռան վրա կառուցված ձմեռանոցում, հույները հասկանալի պատճառներով չէին ուզում լքել իրենց շրջանը: Թեև համաձայնություն չկայացավ, բայց խմբերը բաժանվեցին բարեկամական տրամադրություններով՝ 1920-21 թթ. ձմեռն առանձին-առանձին անցկացնելու որոշմամբ:
***
Հայկական ու հունական ճակատներում Մուստաֆա Քեմալի տարած հաղթանակներն ամրապնդում են նրա իշխանությունը: Նա որոշում է հայ և հույն զինյալներին վերջնականապես ոչնչացնել և Պոնտոսում նույնպես ամրապնդել դիրքերը: Անցանկալի կամ թշնամական տարրեր էին դիտվում նաև հակաքեմալականները, որոնք նույնպես դատապարտված էին ոչնչացման: Այս հանգամանքն ստիպում է, որ վերջիններս միանան հայերին և հույներին:
1921 թ. գարնան սկզբին հայերը ծանր մարտեր են մղում իրենց ամենուր հետապնդող կառավարական զորքերի դեմ: Առաջին ուժեղ ընդհարումը տեղի է ունենում հունական Կարաբեքիր գյուղի մերձակայքում՝ Քըրք քառագագաթ բարձունքների վրա, որը տևում է երկու օր և ավարտվում հայերի հաղթանակով: Այդ կռիվներից մեկի ժամանակ սպանվում է Թոփալ Օսմանի քրոջ որդին: Դրանից հետո հայերի բարեկամությանն են ձգտում հակաքեմալական չերքեզները, որոնք քեմալականների դեմ կռիվներում ցուցաբերում են քաջություն և Հասան Չաուշի գլխավորությամբ կռվում հայերի կողքին:
Հայերից թեև շատերն էին այն կարծիքին, ու չերքեզների և, հատկապես, թուրքերի հետ վտանգավոր է կռվել թեկուզ ընդհանուր թշնամու դեմ, բայց այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ բոլոր շրջաններում՝ Սամսունի, Չարշամբայի, Օրդուի և այլն, կռիվներն աստիճանաբար վերածվում էին քեմալականների և հակաքեմալականների միջև անհաշտ հակամարտության: Շուտով Հասան Չաուշը Չարշամբայի իր մի հավատարիմ ընկերոջից նամակ է ստանում, ուր նա «…կը թելադրէր փախստականներուն ապաստանիլ հեռաւոր լեռները, որովհետև Համտի պէյը պաշարման տակ առած է բոլոր ծովային և ցամաքային ճամբաները» (ՕՐ., էջ 751):
Եվս մի ներում
Երբ քեմալական իշխանություններն ամենուր հաստատում են վերահսկողություն, լեռներում ապաստանած զինյալներին նորից ներում է շնորհվում: Նրանց մեծ մասն իջնում է լեռներից և անցնում խաղաղ աշխատանքի: Այս վիճակը տևում է այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիայի և Հունաստանի միջև ավարտվում է հույն և թուրք ժողովուրդների փոխանակությունը : Հայերը նույնպես օգտվում են առիթից և մի քանի հարյուր հայ ուղարկում Ռուսաստան՝ Սոչիի շրջան:
Սակայն փոխանակման ընթացքում բոլոր հույները չէ, որ վերադարձան հայրենիք. «Շատերը մեկնեցին արտասահման, մյուսները պատերազմից հետո փախստական դարձան: Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության երկրներում նրանք գտան իրենց բարեկամներին և համաքաղաքացիներին, ցեղասպանության հետևանքով կորածներին: Պոնտոսի հույների բնաջնջումը մարդկության պատմության աննախադեպ ոճիրներից մեկն էր» ։
Հույների և թուրքերի փոխանակությունից հետո վիճակը նորից է լարվում. լեռներում ապաստանած և ներմանը չհավատացած հայկական խմբերը իշխանությունների դեմ մնացել էին միայնակ ոչ միայն այն պատճառով, որ հույների մեծ մասը տեղափոխվել էր Հունաստան, այլև այն պատճառով, որ պակասել էր կռվողների թիվը, քանզի շատերն իջել էին լեռներից, շատերն էլ տեղափոխվել էին Ռուսաստան: Թուրքական գյուղերը, որոնք մինչև ներումը հակաքեմալական էին և օգնում էին հայերին, նույնպես այժմ թշնամական դիրք էին բռնել: Լեռներից իջած խմբապետներից միայն Կրբաշյանը որոշեց վերահաստատել կապերը լեռներում մնացածների հետ:
Այս պայմաններում մյուս խմբապետները՝ Աբրահամ աղան, Արթին աղան , Սերոբը, Գալուստը, Հովհաննես (Օվանես) Ուրումյանը, Կարապետ Սարյանը, Տրդատ Թահմազյանը, Լևոն Մինասյանը, Եփրեմ Զեյթունջյանը, Հաջի Բեկը և ուրիշներ, որոշում են իրենց խմբերով և մնացած ժողովրդով անցնել Ռուսաստան: Սակայն մտադրությունը չի իրականանում: 1921 թ. մայիսին Թերմեի մոտակայքում մի կռվի պատճառով իշխանությունները խստացնում են ստուգումներն ու հետապնդումները, որոնք հաճախ ավարտվում էին զինված ընդհարումներով:
Հիշատակված հերոսական խմբապետների փաղանգից էր առասպելական խիզախությամբ և քաջությամբ հայտնի քահանա Գալենճյանը (թուրքերը նրան տվել էին Դելի Քեշիշ՝ խենթ քահանա անունը): Հերոսական դրվագներով հարուստ նրա կյանքից մի հետաքրքիր դեպք է պատմում Մ. Թոռլաքյանը: 1915 թ. տեղահանությունների ժամանակ՝ լեռ բարձրանալու օրը, քահանան թուրքալեզու մի զգուշացում է գրում և փակցնում իր տան դռանը. «Ես զենքը ձեռքիս լեռը բարձրացած եմ. տունը իմ ընտանիքիս հանգիստը խանգարողին խերը կ΄անիծեմ, շանսատակ կ΄ընեմ, լինի ան զինուորական, կառավարական պաշտօնեայ թէ ոստիկան» : Շրջանում ահ ու սարսափ տարածած խմբապետ քահանայի ահից վեց ամիս ոչ մի թուրք չի համարձակվում մոտենալ նրա տանը: Սակայն հետագայում թուրքական կանոնավոր մի մեծ զորամիավորում հարձակվում է գյուղի վրա և ոչնչացնում քահանայի տունն էլ, գյուղն էլ:
Մի առանձին կռիվ
Այս կռվի առանձնահատկությունն այն է, որ թեև տեղի է ունեցել դարձյալ համշենահայերի և Պոնտոսի թուրքերի միջև, բայց՝ Տրապիզոնի և, ընդհանրապես, Թուրքիայի սահմաններից դուրս: Այդ մասին սույն փոքրիկ ակնարկը զետեղում ենք այստեղ՝ պահպանելու համար հիշատակված կռիվների ժամանակագրական սկզբունքը:
Երբ 1921 թ. Աբխազիայում հայ և հույն փախստականների կյանքն աստիճանաբար կարգավորվում է, հայտնվում են ավելի քան 200 թուրք մարդասպաններ, որ Տրապիզոնի նահանգում մասնակցել էին հայերի և հույների կոտորածներին: Այժմ նրանք կազմակերպված կերպով տեղափոխվել էին Աբխազիա և բնակություն հաստատել Օչամչիրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ջգերդա գյուղում, որտեղ նախապես աբխազների կողքին բնակվում էին թուրքեր: Նրանք եկել էին այստեղ՝ կոտորածներից մի կերպ փրկված հայ և հույն փախստականներին ոչնչացնելու հատուկ ծրագրով:
Նրանց հայտնվելու նպատակը ճշտելով՝ խմբապետ Սյուրմենեցի Արշակի և հույն խմբապետ Խամբոյի ղեկավարությամբ փորձառու հայդուկները, օգնության կանչելով ռուսական ճակատից վերադարձող վրացական մի զորաջոկատի, գյուղից ոչ հեռու գտնվող միջնադարյան Մոկվի վանքի մերձակայքում գլխովին ջախջախում են թուրք մարդասպաններին :
Ոճրագործների ահաբեկումներ
Հայկական խմբերը, զգալով, որ տարիների զինված պայքարը մտնում է նոր փուլ, և տեղահանության ու կոտորածի տարիներին իրենց վայրագություններով աչքի ընկածները նոր իշխանությունների օրոք սկսել են ակտիվանալ, որոշում են նրանց պատժել:
Այդ հրեշներից հատկապես աչքի էր ընկնում Վելի Չաուշ անունով մեկը՝ իր չեթեների հետ: Տեղահանության օրերին սրանք Էրպաայի շրջանի երկու հայկական գյուղերի՝ Սաքարջալի և Էվազալի տղամարդկանց հավաքում և կոտորում են կանանց ու երեխաների աչքի առաջ, 15-25 տարեկան աղջիկներին և կանանց առանձնացնում են մյուսներից, վերջիններիս քարավանն ուղարկում Էրբազի ուղղությամբ, իսկ առանձնացրած կանանց և աղջիկներին տանում են յայլաները, և մի քանի օր խրախճանք անում: Կանանցից շատերը ինքնասպան են լինում՝ նետվելով քարափներից, որոշները քարերով են իրենք իրենց սպանում, որոշներն էլ դիմում են բացահայտ փախուստի, որպեսզի սպանվեն:
Եվ ահա Քյոքլուղի խմբի մարտիկները 1921 թ. օգոստոսին հատուկ ծուղակ են պատրաստում և բոլորին բռնում։ Դեպքերի մասնակիցը գրում է. «Վելի Չաուշն ու ընկերները և բոլորը մեկ մորթեցինք ողջ ողջ» (ՕՐ., էջ 754):
Մյուս թիրախը նահանգում հայտնի մոլեռանդ մի շեյխ էր, որը իր քարոզներով ողջ մուսուլման բնակչությանը տրամադրել էր հայերի դեմ՝ նրանց համոզելով, որ հայ սպանելը աստվածահաճո գործ է:
Նրա քարոզներն ազդեցիկ էին այն աստիճանի, որ նույնիսկ հայ երեխաներ որդեգրած թուրքերը սպանում են այդ երեխաներին: Երկար որոնումներից հետո հայ վրիժառուները իրենց բարեկամ թուրքերից լսում են, որ շեյխը սեպտեմբերի 25-ին պետք է քարոզի իրենց գյուղի մզկիթում: Հայ զինյալները գյուղ տանող ճանապարհին ծուղակ են պատրաստում և 25 հրացանի համազարկով սպանում շեյխին և նրան ուղեկցող մոլլաներին:
Հաջորդը դարձյալ մի մոլեռանդ քարոզիչ հոջա էր, որ կազմակերպել էր Կարապետ Թահմիզյանի և նրա 10 ընկերների ձերբակալությունը, որից հետո նրանք, ի վերջո, դաժանաբար սպանվում են:
Պատահաբար իրենց ծանոթ Մարիա անունով մի հույն կնոջից լսելով, որ այս հոջան ցանկանում է բռնի ամուսնանալ իր աղջկա հետ, դարձյալ ծուղակ են պատրաստում, գյուղ մտնելու պահին գնդակահարում են նրան և, խուսափելով ոստիկանների գնդակներից, առանց զոհեր տալու հասնում են Թազ դաղ:
1921 թ. աշնան վերջին նշանակալի իրադարձությունը հանրահայտ ավազակապետ Թոփալ Օսմանի ավելի քան 1000 չեթեներից բաղկացած հրոսակախմբի ջախջախումն էր: Օսմանը նոյեմբերի վերջերին որոշում է մի հուժկու հարվածով վերջ տալ Թազ դաղում ամրացած հայկական խմբերին՝ այդպիսով լուծելով նաև քրոջ որդու վրեժը: Լուրն առնելով՝ Օրդուից, Ֆաթսայից և այլ շրջաններից մի քանի հայկական խումբ շարժվում է դեպի Թազ դաղ: Հայկական ուժերը՝ թվով շուրջ 200 հոգի, կենտրոնանում են լեռան վրա և ծրագրում անելիքը: Ուժերի մի մասը թողնելով տեղում՝ մյուսները փոքր խմբերով իջնում են և թաքնվում Այգեճյուղի անտառներում: Շուտով հայտնվում է Օսմանի զորքը, որին հայ զինյալներն աննկատ ուղեկցում են: Երեկոն վրա է հասնում հայկական Յաթակ ամայի գյուղում, ուր և գիշերում է թուրքական զորքը: Կեսգիշերին հայկական խմբերն անցնում են գործի: Պատմում է դեպքերի մասնակիցը. «Մոտեցանք փայտաշէն գիւղին և կրակի տուինք տասնեակ մը տուներ, չորս կողմէն ալ սկսանք համազարկերը: Յանկարծակիի եկած թշնամին խուճապի մատնուեցաւ և ամէն մէկը կը ջանար իր գլուխը ազատել: Ոմանք շապիկ-վարտիքով, ոմանք զէնքով, ոմանք ալ առանց զէնքի փախուստ տուին մեր զէնքերու կրակին տակ» (ՕՐ., էջ 755):
1921-22 թթ. ձմեռն անցնում է առանց մեծ դժվարությունների և լուրջ իրադարձությունների, սակայն դեկտեմբերի վերջին նվիրյալ ֆիդայիներից մեկը՝ Ադամ Թահմազյանը, մի քանի դավաճանների մատնության զոհն է դառնում: Սրանք գործել էին Գուչքյոյ գյուղի թուրքերի դրդմամբ և նրանց մոտ էլ ապաստան գտել: Ճշտելով լուրի իսկությունը՝ հայ ֆիդայիները շրջապատում և հրդեհում են գյուղը, սկսում անխնա կոտորել բոլորին: Խմբապետներ Գալուստն ու Սահակը իրենց հուշերում գրում են. «Գիւղին մուխթարը ստիպուեցաւ մեզի յանձնել հայ և թուրք չարագործները, որոնց հաշիվը մաքրեցինք անմիջապես» (ՕՐ., էջ 756):
Դավադրություններ հայ խմբապետների դեմ
Որքան ուժեղանում էր քեմալական իշխանությունը, այնքան ավելի «մեղմ ու խաղաղասեր» վարքագիծ էր ցույց տալիս հայ և հույն հայդուկների նկատմամբ: Այսպես՝ 2022 թ. հունիսին Թերմեի կայմակամը Քոջաման Բաշի գյուղ է հրավիրում Կարա Խաչիկին և զենքերը հանձնելու և խաղաղ կյանքով ապրելու առաջարկ է անում: Քսան զինվորների ուղեկցությամբ հանդիպման գնացած փորձառու խմբապետը, որ լավ էր ճանաչում թուրքերին և չէր հավատում նրանց անկեղծությանը, մերժում է զինաթափվելու առաջարկը:
Նույն տարվա դեկտեմբերին կայմակամը նորից է հանդիպման հրավիրում՝ այս անգամ հայերի հետ նաև հույների խմբապետների: Կարա Խաչիկը, հույների հայտնի խմբապետ Սարու Յանին և մի քանի այլ խմբապետներ ու փորձառու զինվորներ՝ թվով տաս հոգի, ուղևորվում են Քոջաման Բաշի գյուղ՝ իմամի տուն, ուր նրանց խաղաղության առաջարկով սպասում էր կայմակամը: Կարա Խաչիկը նախազգուշական միջոցներ էր ձեռք առել՝ նախօրոք գյուղի մերձակա անտառներ ուղարկելով զինված խմբերին: Սակայն փորձառու խմբապետներն ու զինվորները թատերականացված հյուրասիրության քողի տակ չեն նկատում ծուղակը և դավադրաբար սպանվում են: Ազատվում է միայն Թոքմաքչյան Գրիգորը, որը մի կերպ հասնում է թաքստոցներում սպասող ընկերների մոտ և հաղորդում բոթը:
Վրեժով լցված հայ և հույն զինվորները հարձակվում են Քոջաման Բաշի գյուղի վրա, այն հրդեհում են և անխնա կոտորում բոլորին՝ չխնայելով ոչ մեկին: Այդ ողբերգական դեպքի առիթով ֆիդայիները հորինեցին դավադրության զոհ չանկիրիշցիների հիշատակին նվիրված մի երգ, որը համշենահայերի սերունդները երգում են նաև մեր օրերում:
Այս դեպքից մեկ-երկու ամիս անց կազմակերպված դավադրությունների զոհ են դառնում Ունիեի, Թերմեի, Չարշամբայի, Էրբաայի հույն և հայ խմբապետներ և հայտնի զինվորներ՝ թվով մոտ երեսուն հոգի: Դավադրության զոհ է դառնում նաև Էրբաայի հայտնի խմբապետ Հովհաննես Ուրումյանը:
Քեմալական իշխանությունները որդեգրել էին հայկական և հունական ուժերը ոչնչացնելու թուրքական ոճը՝ բարեկամության կեղծ խոստումներ և դավադրություններ, ինչն այդպես էլ խորթ ու անհասկանալի մնաց առյուծասիրտ ֆիդայիներին, որոնք ութ տարի ահ ու սարսափի մեջ էին պահում թուրքական իշխանություններին: Քյոքլուղի խմբապետներն իրենց օրագրում դիպուկ են նկատել, թե. «Այն ինչ որ Թուրքը չկրցաւ ընել 7-8 տարիներու ընթացքին, երեք օրուան մէջ յաջողեցաւ ընել՝ երկու տարի «բարեկամի», «հոգատարի» կեղծ վերաբերում ցույց տալէ ետք…» (ՕՐ., էջ 758-759):
Նախպատրաստվելով դեպի Ռուսաստան գաղթին
Օրեցօր ուժեղացող Թուրքիայի Հանրապետությունում քեմալական իշխանությունների այլամերժ քաղաքականությունը ոչնչով չէր տարբերվում երիտթուրքերի ազգային քաղաքականությունից: Շատերն էին հասկանում, որ իրենց գոյությունը Թուրքիայում ժամանակավոր է: Այս գիտակցությունն ամրապնդվեց հատկապես թուրքերի և հույների զանգվածային փոխանակումից հետո: Արդեն պարզ էր, որ գրեթե 8 տարի տևած գոյամարտը երկար չէր կարող շարունակվել: Խմբապետները մտածում էին ժողովրդի վերջին բեկորներն էլ ուղարկել Ռուսաստան:
Տեղափոխության համար հարկավոր էր դրամ և սննդի պաշար: Այդ հարցերը հոգալով և նավատերերի հետ բանակցություններն ավարտելով՝ 2022-ի հուլիսին Ռուսաստան են ուղարկում 250 հոգու: 1923-ի մարտին Քյոքլուղի մարտական խմբերը, իրենց մեկնումը հետաձգելով մինչև աշուն, 75 հոգու հաջողությամբ տեղափոխում են Սոչի:
Նախօրոք կանանց, երեխաներին և ծերերին մաս առ մաս Ռուսաստան տեղափոխելուց հետո 1923 թ. ապրիլի վերջերին Օրդուի շրջանի հրամանատար Կարապետ Վարդանյանի (Վաշտոնօղլու) գլխավորությամբ շրջանի վերջին ֆիդայիները՝ թվով 105 մարդ , նավ նստեցին և մայիսի մեկին ափ իջան Սոչի քաղաքի մերձակայքում՝ Վեսյոլոյե գյուղում :
Տարբեր նավահանգիստներից մեծ ու փոքր խմբերով նույնպես Ռուսաստան անցնելու փորձեր էին արվում, որոնք հիմնականում ավարտվում էին հաջողությամբ: Կառավարությունը աչք էր փակում այս ամենի վրա, քանի որ նրանց հեռանալը իրեն ձեռնտու էր:
Քյոքլուղի զինյալ խմբերը, մինչև Ռուսաստան անցնելը, ևս մեկ կռիվ տվեցին իրենց գյուղը շրջապատած թուրքական գերազանցող ուժերի դեմ, տարան ևս մեկ հաղթանակ, սակայն այլևս պարզ էր, որ փոքրաթիվ և օրեցօր նվազող ուժերով անընդհատ ուժեղացող թշնամուն դժվար, եթե ոչ անհնար կլինի դիմակայելը:
1923 թ. հանրապետություն հռչակված Թուրքիայի և նորաս-տեղծ Խորհրդային Միության միջև սահմանների հաստատումն ու վերահսկողության խստացումն իր հերթին նորանոր և գրեթե անլուծելի խնդիրների առջև է կանգնեցնում. կտրվում է կապն արտաքին աշխարհի հետ, ինչն անհնար էր դարձնում երկարատև պայքարի հեռանկարը:
Լուծելով նահատակների վրեժը
Ամենուր գործակալական-լրտեսական ցանցեր տարածած իշխանությունն աստիճանաբար սեղմում էր օղակը: Պոնտոսի լեռներում ապաստանած անվեհեր հերոսները, որոնք ծրագրել էին ժողովրդի վերջին բեկորներն անվտանգ կերպով տեղափոխելուց հետո հեռանալ Ռուսաստան, որոշում են մինչև այդ լուծել դավադրաբար զոհված խմբապետների վրեժը: Առանձնաբար գործող մեծ ու փոքր խմբերը հավաքվում են Չանկիրիշ լեռան վրա և հստակեցնում անելիքները: Նրանք բաժանվում են 15 ջոկատների և ցրվում տարբեր կողմեր՝ դավադրության կազմակերպիչներին և մասնակիցներին սպանելու կամ ողջ-ողջ բռնելու և մեկ շաբաթվա ընթացքում բոլորին Չանկիրիշ հասցնելու որոշումով:
Մեկ շաբաթ հետո լեռան վրա կայացվում է դատավճիռը. «… ձեռք անցածներէն 42 հոգի ընտրելով գնդակահարեցինք, իբրև վրէժ մեր 10 խմբապետներու նահատակութեան: Այնուհետև արձակեցինք բոլոր գերիները և միայն Թերմէի գազայէն երկու հարուստ կալվածատէրեր վար դրինք մեր քովը իբրև պատանդ, որպեսզի Հայերուն ձեռք չտան» (ՕՐ., էջ 760):
Հայ ֆիդայիները դրանից հետո ոչնչացնում են թուրքական Ելգրուգ գյուղը՝ ի պատասխան այս գյուղի բնակիչների կողմից խմբապետ Պետրոս Թահմազյանի դավադիր սպանության: Պատժում են նաև Օզուր գյուղի մի քանի չարագործների, իսկ 5 հոգու գերում են և իրենց հետ տանում Թազ լեռան ապաստարանները, որտեղ գործած ոճիրների համար նրանց գլխատում են:
Թուրքական կառավարությունը 1923-ի օգոստոսին դարձյալ ներում է շնորհում հայերին և արտոնում հեռանալ երկրից: Հայ ֆիդայիները դեռևս մի քանի ամիս առաջ յայլա գնալու ճանապարհին գերի էին վերցրել Ֆաթսայի Գատըօղլու Նուրի փաշայի երկու թոռներին, որոնք իրենց ազատության դիմաց խոստանում են մեծ փրկագին, երկրից հեռանալու գործում նյութական աջակցություն և այլն: Եվ ահա գալիս է այդ պահը. երկու երիտասարդ բեյերն ամեն ինչ անում են՝ վերջին հայ ֆիդայիներին իրենց միջոցներով նավ նստեցնելու և Ռուսաստան ուղարկելու համար:
Հրաժեշտ Թուրքիա դարձած հայրենիքին
Ահա մասնակիցների հուշերից մի հատված. «Վերջին անգամ մը աչքերը դարձուցինք 8 տարի մեզ հյուրընկալած լեռներուն՝ Թազ տաղ, Քել թեփէ, Չաղման, Թեմի օլուխ, Պոզ թեփէ, Տաղլաղաջի գագաթ, և այլն և իբր երախտագէտներ ծունկ եկանք, տուինք մեր վերջին մնաս բարովը, վերյիշեցինք դարձեալ մեր նահատակ-ները, անոնց գերեզմաններուն վրա արցունքներ թափեցինք և կա-րօտով ձգեցինք մեզի համար սրբատեղիներ դարձած այդ վայրերը» (ՕՐ., էջ 762):
1923 թ. նոյեմբերին 16-ին և 19-ին վերջին հայ ֆիդայիները բարձրանում են նավ և հեռանում, ինչպես իրենք էին ասում՝ Թուրքիա դարձած իրենց հայրենիքից:
Նոյեմբերի 21-ին, զենքերը թափելով ծովը, նրանք ափ իջան Ռուսաստանի Սոչի քաղաքում, որի շրջանի բազմաթիվ գյուղերում տեղավորված ազգականները, բարեկամներն ու ընկերները սպասում էին նրանց:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ութամյա այս դյուցազնամարտի համար որպես ամփոփիչ խոսք հարմար է տարիներ շարունակ համշենահայերի հետ ուս ուսի, թիկունք թիկունքի Պոնտոսի լեռներում մարտնչած Յոզղաթի նահանգի հայ ֆիդայիների պայքարի տարեգիրների հետևյալ տարակուսական հարցը. «Մենք հիմա բաղդատաբար հեռուէն և աւելի պաղարեամբ դիտելով այս և նման անձնուրաց անհետացողներու հսկայ ստուերները, կ’ապշինք, թէ ինչո՞ւ չիրականացաւ անոնց Մեծ Երազը: Լեռներուն շարժեցե΄ք ըսելու հաւատքն ունէին անոնք և աստուածներու անվեհերութիւն: Եւ այդ բոլորը չէին բաւէր…» :
Հայկազուն Ալվրցյան