Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական մշակույթը․ ՀՀ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում պաշտպանելու այն
05 Մայիս 2025
Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը «Ապառաժ»-ի խմբագիր Հ․Շինդյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության ուղղությամբ․
«Ցավոք սրտի, ՀՀ ներկա իշխանություններն Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման հարցը թողել են բարձիթողի։ Թե ինչ են անում ՀՀ դիվանագիտական առաքելությունները, ԱԳՆ-ն, համապատասխան մարմինները, որոնք կոչված են ներկայացնելու մեր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ մարտահրավերները, որոնք առկա են՝ հայտնի չէ։ Մինչև հիմա, բացի մի քանի ոչինչ չասող հայտարարություններից՝ գործնական քայլեր չեն ձեռնարկվում:
Օկուպացված տարածքներում ոչ միայն միջնադարյան եկեղեցիները, վանական համալիրները, մատուռները, գերեզմանոցները, տապանաքարերը, խաչքարերը, բերդ-ամրոցները, կամուրջներն են ենթարկվում վանդալիզմի ու ոչնչացման, այլ նաև համեմատաբար նոր կառուցված հուշարձանները, մասնավորապես՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին և Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրները: Մենք այդպիսի հուշարձանների հիմնահատակ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստեր ունենք, օրերս Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մասին տեղեկություն տարածվեց»,- նշել է նա:
Հարցին, թե ի՞նչ պետք է արվի պաշտպանելու համար Արցախի մշակութային ժառանգությունը եւ ովքե՞ր են այդ գործին լծված՝ Լ․Հովհաննիսյանը նշել է․
«Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցն այսօր մնացել է Հայ Առաքելական եկեղեցու եւ մի շարք այլ գիտակրթական եւ մշակութային միությունների, ինչպես նաեւ Սփյուռքի կառույցների, հիմնականում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի օրակարգում։ Արցախի իշխանությունների կողմից եւս որոշակի քայլեր ձեռնարկվում են, որպեսզի կարողանանք այդ ամենին ինչ-որ չափով հակազդել և քանդման ու պղծման ընթացքը կանգնեցնել: Իհարկե, Արցախի թեմը եւս որոշակի քայլեր է կատարում այդ մասին անընդհատ խոսելով, ինչպես նաեւ աշխատանքներ է իրականացնում թե՛ Արցախի մշակութային ժառանգության մատենաշարի հրատարկման, թե՛ ապագայում ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես նաեւ իր բոլոր հանդիպումներում, այդ թվում նաեւ տարբեր օտարեկրյա պատգամավորների, համաշխարհային քրիստոնեական տարբեր կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ միշտ բարձրացվում է այդ հարցը։
Տարբեր երկրների ղեկավարների առջեւ այդ հարցը բարձրացվում է Վեհափառ Հայրապետի մակարդակով։ Սակայն դա միայն չպետք է լինի հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի կամ տարբեր կազմակերպությունների առաքելությունն ու աշխատանքը, այլ նաեւ պետք է համակարգվի ՀՀ պետության կողմից, որն այսօր, ցավոք սրտի, չի արվում։
Ես գտնում եմ, որ միջազգային կազմակերպությունների մոտ այդ հարցը համակարգված ներկայացնելու դեպքում մենք կարող ենք հաջողությունների հասնել, որը ցավոք սրտի, ինչպես նշեցի, չի արվում։ Բայց մենք մեր աշխատանքը կատարում ենք նաեւ Արցախի նկատմամբ սրտացավ մարդկանց աջակցությամբ, մեծ աշխատանքներն են տարվում Հայ դատի գրասենյակների միջոցով Արցախի մշակութային ժառանգության հատկապես հանրահռչակման ուղղությամբ, նաեւ ինչ-որ ձեւով միջազգային հանրությանը ներկայացնելով այն ամենն ինչ ունենք, որպեսզի միջազգային ճնշման ներքո կարողանանք սանձել Ադրբեջանի էթնոցիդ քաղաքականությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին զսպելու քաղաքականություն վարի»: