Իրան-Իսրայել 12-օրյա հակամարտությունը և Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը
31 Հուլիս 2025
2025 թ. հունիսի 13-ին Իսրայելը սկսեց «Առյուծի վերելք» (Rising Lion) ռազմական գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային և ռազմական ենթակառուցվածքների դեմ: Իսրայելի օդուժը, օգտագործելով F-35 կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր, հարվածներ հասցրեց Նաթանզի, Ֆորդոյի և Բուշեհրի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև Համադանի ռազմաբազային: Պատերազմի հրահրման Իսրայելի նպատակներից էր խաթարել Իրանի միջուկային ծրագիրը, որը, Իսրայելի պնդմամբ, մոտ էր ռազմական կիրառման համար անհրաժեշտ մակարդակին: Իսրայելի վարչապետը հայտարարել էր, թե գործողությունը «պաշտպանական» էր՝ կանխելու Իրանի կողմից միջուկային սպառնալիքը: Բայցևայնպես ակնհայտ էր, որ Իսրայելի համար ԻԻՀ վրա հարձակվելու, թերևս, բարենպաստ ժամանակն էր ընտրված։
Իրանն արագ արձագանքեց՝ հակադարձելով «Խիստ պատիժ» գործողությամբ: Իրանի պատասխան հարվածներին (ավելի քան 550 բալիստիկ հրթիռ և 1000 պայթուցիկ ԱԹՍ) դիմակայելու համար Իսրայելն օգտագործել է իր բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության համակարգը ։
Իրանը թիրախավորել էր Իսրայելի ռազմական օբյեկտները, ներառյալ Թել Ավիվի մերձակայքում գտնվող ռազմաբազան և «Arrow» հակահրթիռային պաշտպանության համակարգի կայանները: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ գործողությունները «պաշտպանական» էին և նպատակ ունեին «պատժել ագրեսորին»։ Պատերազմը զգալի կորուստներ պատճառեց երկու կողմերին էլ:
Զոհերի թիվը տարբեր աղբյուրներում հակասական են՝ պայմանավորված ռազմական գրաքննությամբ, քարոզչությամբ և տեղեկատվության սահմանափակ հասանելիությամբ: Օրինակ՝ Իրանի պաշտոնական աղբյուրները հակված են ընդգծելու քաղաքացիական զոհերի թիվը, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ իր հարվածները եղել են ճշգրիտ և ուղղված ռազմական թիրախներին:
Ըստ ԱՄՆ-ում գործող Human Rights Activists in Iran (HRANA) կազմակերպության՝ Իսրայելի հարվածների հետևանքով մինչև 2025 թ. հունիսի 24-ը զոհվել է 974 մարդ, այդ թվում՝ 268 ռազմական անձնակազմի անդամ, 387 քաղաքացիական անձինք և 319 չճանաչված անձինք: Վիրավորների թիվը կազմել է ավելի քան 3000: Իսկ Իրանի առողջապահության նախարարության հաշվետվությունների համաձայն՝ զոհվել է 610-ից մինչև 1060 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են (ավելի քան 90%): Վիրավորների թիվը տատանվում է 2500-ից մինչև 4700:
Իսրայելի պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանի հրթիռային և ԱԹՍ հարձակումների հետևանքով զոհվել է 28-30 մարդ, որոնք գրեթե բոլորը քաղաքացիական անձինք են (մեկ զինվոր զոհվել է Բեեր Շևայում, ևս յոթ զինվոր վիրավորվել է): Վիրավորների թիվը կազմում է ավելի քան 3238 մարդ ։
Պատերազմը ներքաշեց այլ խաղացողների ևս, մասնավորապես, Եմենի հութիները հարձակումներ իրականացրին Իսրայելի ռազմական նավերի վրա Կարմիր ծովում: ԱՄՆ-ն, աջակցելով Իսրայելին, լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայեց Պարսից ծոցում։ Թուրքիան, չնայած Իսրայելի հետ լարված հարաբերություններին, չեզոք դիրքորոշում որդեգրեց, սակայն Ադրբեջանը, լինելով Իսրայելի ռազմավարական դաշնակիցը և Իրանի հարևանը, հայտնվեց բարդ դիվանագիտական և անվտանգային իրավիճակում և մեղադրվեց Իսրայելին հետախուզական տվյալներ փոխանցելու մեջ, որոնք հիմնված էին Նախիջևանի վրայով իսրայելական անօդաչուների անցման մասին հաղորդումների վրա, որոնք նկատվել են 2025 թ. հունիսի 13-ին:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Իսրայելի կարևոր դաշնակիցն է Հարավային Կովկասում: Ըստ Stockholm International Peace Research Institute-ի, 2016-2021 թվականներին Իսրայելն իրականացրել է Ադրբեջանի զենքի ներմուծման մինչև 69%-ը, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվել են 2020 թ. Արցախի դեմ պատերազմում : Ադրբեջանը, իր հերթին, Իսրայելին մատակարարում է նավթ՝ ապահովելով նրա նավթի ներմուծման մինչև 65%-ը : Այս կապերն Իրանում ընկալվում են որպես սպառնալիք:
Իրանի կողմից Ադրբեջանը բազմիցս մեղադրվել է Իսրայելին հետախուզական տվյալներ տրամադրելու և նրա տարածքը Իրանի դեմ գործողությունների համար օգտագործելու մեջ: Սրա վառ ապացույցներից է Իսրայելի ՄՈՍԱԴ-ի 8-րդ տնօրեն Դանի Յաթոմի՝ 2023 թ. հարցազրույցը, որտեղ այն հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունն Իսրայելի ազգային անվտանգության համար, նա պատասխանում է, որ այդ հանգամանքը Իսրայելին տալիս է Իրանի դեմ գործելու բազմաթիվ հնարավորություններ՝ սկսած կործանիչների լիցքավորման համար ադրբեջանական օդանավակայանների օգտագործումից մինչև Իրանից հետախուզական տեղեկատվության հավաքման համար Ադրբեջանի տարածքի լիարժեք օգտագործումը :
Իրանը պաշտոնապես չի հաստատել Ադրբեջանի տարածքի օգտագործումը, սակայն սոցիալական մեդիայում և որոշ լրատվամիջոցներում տարածվել են մեղադրանքներ, որ Ադրբեջանը «հաշվեհարդար է տեսնում» Իրանի հետ՝ թույլ տալով Իսրայելին օգտագործելու իր օդային տարածքը:
Հարկ է նշել, որ Իրանի դեմ իրականացված գործողություններում Ադրբեջանի ներգրավվածության հարցը բավականին զգայուն է ընկալվում Ադրբեջանում, ինչը փաստում է նաև այն հանգամանքը, որ այս թեմային անդրադարձավ անձամբ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը, մասնավորապես նշեց, որ․ «վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի էջեր տարածում են ամբողջովին անհիմն և կեղծ պնդումներ այն մասին, թե իբր Ադրբեջանը իսրայելական կողմի հանձնարարությամբ հավաքագրել է էթնիկ ադրբեջանցիների որպես գործակալների և ուղարկել Իրանի տարածք։ Այս տեսակի անհեթեթ և երևակայական մեղադրանքները որևէ առնչություն չունեն իրականության հետ և ներկայացնում են բացահայտ ապատեղեկատվություն։ Մենք կտրականապես հերքում ենք նման կեղծ լուրերն ու անհիմն մեղադրանքները» ։
Ադրբեջանը պահպանել է չեզոք դիրքորոշում՝ հայտարարելով, որ իր տարածքը չի օգտագործվի երրորդ կողմերի դեմ գործողությունների համար: Այս դիրքորոշումն արտացոլվել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի 2025 թ. հունիսի 14-ի հայտարարություններում, երբ նա զանգահարել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին՝ վստահեցնելու, որ Ադրբեջանը չի թույլատրում իր տարածքի օգտագործումը որևէ երրորդ կողմի դեմ : Այս հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի փորձը՝ խուսափելու ուղղակի առճակատումից:
Իրանի նախկին դեսպանը Ադրբեջանում՝ Սեյեդ Աբբաս Մուսավին, Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման մասին ասել է. «Իմ ծանոթությունը նրանց հետ ցույց է տալիս, որ նրանք չունեն այնքան խիզախություն, որ նման դավադրություններ կազմակերպեն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Նրանք տեսել են Քաթարում ԱՄՆ-ի ռազմաբազայի ճակատագիրը: Իրանը չի կատակում ազգային անվտանգության հարցում: Եթե այս մեղադրանքները հաստատվեն, դա կարող է համապատասխան ժամանակին և վայրում հետևանքներ ունենալ նրանց համար» :
Իրանի դեսպանը Հայաստանում՝ Մեհդի Սոբհանին, նույնպես խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքի հնարավոր օգտագործման մասին՝ առաջացնելով Ադրբեջանի արտգործնախարարության կոշտ արձագանքը: Ադրբեջանի արտգործնախարարությունը Սոբհանիի հայտարարությունները որակել է «սադրիչ» և «անհիմն»՝ ընդգծելով, որ նման մեղադրանքները վնասում են երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի և տարածքային ամբողջականության վրա հիմնված հարաբերություններին :
Այս ամենի ֆոնին բավականին հետաքրքրիր էր ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հուլիսի 4-ի այցը Ստեփանակերտ՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս այցը, որը նրա առաջին արտասահմանյան այցն էր Իրան-Իսրայել հակամարտությունից հետո, կրում էր խորհրդանշական և ռազմավարական նշանակություն, չնայած այն ոչ միանշանակ ընկալվեց հասարակության տարբեր հատվածների կողմից։
Իրանի հասարակության զգալի մասը, մասնավորապես՝ իշխանամետ և պահպանողական խմբերը, դրական են ընդունել Փեզեշքիանի այցը Ստեփանակերտ՝ այն դիտարկելով որպես Իրանի ազգային շահերի պաշտպանության խորհրդանշական քայլ: Փեզեշքիանի այցը Ստեփանակերտ ընկալվել է որպես ազդանշան Ադրբեջանին և Իսրայելին, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ թշնամական գործողություններ:
Հասարակության մի մասի մոտ էլ այս այցը ոչ միայն քննադատության մեծ ալիք է բարձրացրել, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «քաղաքական սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում ։
Այսպիսով, Իրան-Իսրայել պատերազմը Ադրբեջանին դրել է բարդ ընտրության առջև: Չնայած Իսրայելի հետ ռազմավարական կապերին, Ադրբեջանը փորձել է խուսափել ուղղակի ներգրավվածությունից՝ պահպանելով չեզոքություն: Սակայն Իրանի մեղադրանքները և սահմանային լարվածությունը խորացրել են երկու երկրների միջև անվստահությունը: Պատերազմը նաև ընդգծել է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունը և տարածաշրջանային կայունության կարևորությունը: Իրանի կողմից հնարավոր հակահարվածները կարող էին թիրախավորել Ադրբեջանի էներգետիկ օբյեկտները, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարը և Southern Gas Corridor-ը, որոնք կարևոր են Եվրոպայի էներգետիկ մատակարարումների համար: Ի պատասխան՝ Ադրբեջանը 2025 թ. հունիսի 15-ին ամրապնդել է այս օբյեկտների պաշտպանությունը՝ ներառյալ ռազմական ներկայության ուժեղացումը խողովակաշարերի երկայնքով : Ուստի, Ադրբեջանը կանգնած է դիվանագիտական մարտահրավերի առջև՝ հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունները և Իսրայելի հետ ռազմավարական գործընկերությունը:
Նարե Գևորգյան