Ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ. ճգնաժամ հռետորաբանության և շահերի միջև
31 Հուլիս 2025
Վերջին ամիսներին Ռուսաստանը և Ադրբեջանը հայտնվել են քաղաքական լարվածության կիզակետում՝ երբեմնի ռազմավարական գործընկերների հարաբերություններն այսօր նմանվում են փոխադարձ անվստահությամբ լի մրցակցության։ Դրա հիմքում ոչ միայն առանձին միջադեպեր են, այլ նաև խորքային փոփոխություններ՝ արտաքին քաղաքական ուղղությունների, հասարակական ընկալումների ու պետական հռետորաբանության մակարդակներում։
Ռուսաստանը և Ադրբեջանը ժառանգել են Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված բարդ հարաբերություններ՝ նորանկախ պետությունների դաշտում։ 1990-ականների սկզբին Բաքուն դուրս է եկել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունից, ինչը անկախ քաղաքական ուղու ընտրության ազդանշան էր։ Պատերազմների ու տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում, հատկապես 2020 թ. Արցախում 44-օրյա պատերազմից և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Ադրբեջանը մեծացրել է իր համագործակցությունը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ, որոնք այդ երկրին ժամանակակից զինտեխնիկա են մատակարարում։ Արդյունքում, Բաքուն սկսել է ավելի քիչ հենվել Ռուսաստանի զենքի վրա, ինչը փոխհարաբերությունների փոփոխության կարևոր ցուցիչներից մեկն է։
Ռուսաստանը, ի պատասխան, խիստ զսպողականություն է ցուցաբերել, փորձելով զսպել տարածաշրջանային հակամարտությունները, սակայն այժմ սթափ է գնահատում իրավիճակը, հասկանալով, որ նախկին դաշնակիցն աստիճանաբար իրենից օտարանում է։ Այս հանգամանքը Ռուսաստանի ներսում խորացնում է մտահոգություններն ու հակադրությունները։
Այս ամենին գումարվել է նաև տնտեսական բաղադրիչը, քանի որ տնտեսական հարաբերությունները նույնպես զգալի փոփոխությունների են ենթարկվել։ Ներգաղթյալների և աշխատողների՝ ռուսական շուկայում եղած ադրբեջանական համայնքի նկատմամբ բռնությունները, ինչպես նաև տնտեսական պատժամիջոցները, զգալիորեն ազդում են երկու կողմերի փոխհարաբերությունների վրա։ Վերլուծաբանները նշում են, որ ռուսական շուկան կորցնում է ռազմավարական դերը Բաքվի համար, որի տնտեսությունը խարսխվում է նավթի ու գազի արտահանման վրա։ Ըստ այդմ, տնտեսությունը դառնում է ևս մեկ դաշտ, որտեղ արձանագրվում են շահերի բախումներ, ինչը լրացուցիչ հարված է հասցնում դիվանագիտական հարաբերություններին։
Վերոնշյալը կարևոր է, հասկանալու համար, թե ինչու են այժմ ռուս-ադրբեջանական հարաբերությունները այսքան սրվել։ Վերջին շրջանի զարգացումների համատեքստում լարվածության առաջին էտապը սկսվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին, երբ Ռուսաստանի տարածքում՝ Դաղստանի երկնքում, խոցվեց ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց 38 մարդ։ Ադրբեջանը մեղադրեց ռուսական կողմին անհարկի ագրեսիայի մեջ՝ պահանջելով բացատրություններ ու պատասխանատվության ենթարկում ։
Արևմտյան և միջազգային լրատվամիջոցները ևս անդրադարձել են խնդրին՝ սրելով իրավիճակն ու սադրելով Ադրբեջանին։ Միջազգային վերլուծականները, մասնավորապես CNN-ը և BBC-ն, չեն բացառել, որ «Pantsir-S1» համակարգը գործողության է դրվել՝ ենթադրելով, թե ուղևորատար ինքնաթիռն անօդաչու թռչող սարք կարող էր լինել։ Այդ վարկածը, բնականաբար, խիստ քննադատության է արժանացել Բաքվում ։ Ռուսաստանը, իր հերթին, միայն ցավակցություն է հայտնել՝ առանց պատասխանատվություն ստանձնելու։ Այդ միջադեպը դարձավ հարաբերություններում վստահության ճաքեր տալու մեկնարկային կետը։
Փաստացի այս ճգնաժամը նոր փուլ էր ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ պայմանավորված ոչ միայն ռազմաքաղաքական խնդիրներով, այլև հասարակական ու տեղեկատվական դաշտերում ձևավորված հակադրություններով։ Սակայն ներկայիս ճգնաժամը դուրս է եկել պետական մակարդակից։ Տարածաշրջանային լարվածությունն այսօր արտացոլվում է նաև տեղեկատվական դաշտում, սոցիալական հարթակներում ու քաղաքացիական ընկալումներում՝ ձևավորելով խորքային անվստահության մթնոլորտ։
2025 թվականի հունիսին լարվածությունն առավել սրվեց, երբ լրտեսության և ֆինանսական խարդախության կասկածանքով Եկատերինբուրգում ձերբակալվեցին մի խումբ ադրբեջանցիներ։ Հայտնի դարձավ նաև ձերբակալության ընթացքում երկու ադրբեջանցու մահվան մասին, ինչն Ադրբեջանում ընկալվեց որպես քաղաքական հաշվեհարդար։ Մահվան դեպքը սոցմեդիայում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց, իսկ ադրբեջանական թելեգրամյան հարթակներում ներկայացվեց որպես էթնիկ հաշվեհարդար։ Թելեգրամյան ադրբեջանցի օգտատերերն ու օգտահաշիվները գրում էին, թե մահացածներից մեկը ենթարկվել է համակարգված ֆիզիկական բռնության, ինչն էլ հենց ադրբեջանական հանրության շրջանում ընկալվեց որպես էթնիկ հաշվեհարդարի ակտ ։
Ի պատասխան՝ Բաքուն մի շարք դիվանագիտական և տեղեկատվական քայլեր ձեռնարկեց՝ սկսած Ռուսաստանում մշակութային միջոցառումների չեղարկումից, մինչև «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության աշխատակիցների ձերբակալումը՝ ապօրինի գործունեության մեղադրանքով ։
Ավելին, վերջին շրջանում պաշտոնական Բաքուն սկսել է առավել կտրուկ արտահայտվել Մոսկվայի հասցեին։ Նախագահ Ի. Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իրականացվում է «թաքնված ճնշում և նվաստացում» , իսկ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է Հարավային Կովկասում «միակողմանի և երկակի ստանդարտների վրա հիմնված քաղաքականություն» վարելու մեջ։ Բաքվի մամուլում ու հեռուստաեթերում ակնհայտ հակառուսական շեշտադրումներ են ավելացել։ Դրանք ուղեկցվում են հասարակական լայն դժգոհությամբ՝ հատկապես սոցիալական հարթակներում, որտեղ ակտիվ քննարկվում է Ռուսաստանի՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը անտեսելու մարտավարության հարցը։
Ռուսաստանի արձագանքը հակասական է եղել։ Մի կողմից՝ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության և հարաբերությունների վերականգնման, սակայն մյուս կողմից՝ խոսնակներ Մարիա Զախարովան և Դմիտրի Պեսկովը մեղադրել են Ադրբեջանին էմոցիոնալ և չկշռադատված արձագանքների մեջ՝ ակնարկելով նաև երրորդ երկրների՝ մասնավորապես Ուկրաինայի, ազդեցության մասին ։ ՌԴ պետական լրատվամիջոցները սկսել են թիրախավորել ադրբեջանական իշխանություններին՝ ներկայացնելով նրանց որպես ոչ հավատարիմ գործընկերներ, իսկ Բաքվի գործողությունները՝ որպես «անհարգալից և վտանգավոր» ։
Պետական հռետորաբանության մակարդակում կրքերը թեժացել են այնքան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բաց տեքստով խոսել է ԵԱՏՄ–ի «դաշնակիցների հետ վստահության խաթարման մասին», իսկ Մ. Զախարովան Ադրբեջանին մեղադրել է «էմոցիոնալ արկածախնդրության» մեջ ։
Սոցիալական մեդիայում և ոչ պետական հարթակներում իրավիճակը դարձել է առավել պայթյունավտանգ։ Ռուսաստանում ակտիվացել են ադրբեջանատյաց խմբերը՝ տարածելով կեղծ տեղեկություններ և էթնիկ խտրականություն հրահրող կոչեր։ Ադրբեջանում էլ լայն տարածում են ստացել տեսակետներն այն մասին, որ Ռուսաստանը վարկաբեկում է ադրբեջանական ինքնիշխանությունը և փորձում է միջամտել երկրի ներքին գործերին։ Ադրբեջանում հակառուսական թեմատիկ նյութերը հաճախ ներկայացվում են կիսապատերազմական հռետորաբանությամբ։
Ադրբեջանական ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցներն անգամ գրում են, թե Ռուսաստանը «թաքուն վրեժխնդրություն է փորձում իրականացնել»՝ Ղարաբաղից դուրս մղվելուց հետո։ Ադրբեջանական AZTV պետական հեռուստաալիքն հանրային խոսքում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին անգամ անվանել է «նացիստ»՝ համեմատելով նրան Ի. Ստալինի, իսկ նրա քաղաքականությունը՝ 1937 թվականի հետ։ Ադրբեջանական ազգային հեռուստաալիքում արծարծվել է, որ Ռուսաստանն ունի «ռասիստական մշակույթ», որը շարունակվում է «ցարական և խորհրդային ժամանակներից» ։ Թելեգրամյան ալիքներում էլ Ռուսաստանի կողմից կազմակերպված կիբերհարձակումների և տեղեկատվական մանիպուլյացիաների վերաբերյալ մեղադրանքներ են շրջանառվում։ Բացի այդ, բողոքներ կան, որ Մոսկվան, իբրև թե, խոչընդոտում է ադրբեջանական ապրանքների մուտքը ԵԱՏՄ շուկա։
Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, լարվածությունը դուրս է գալիս սովորական դիվանագիտական միջադեպերի շրջանակից։ Խոսքը տարածաշրջանային ազդեցության համար պայքարի մասին է։
Ադրբեջանը վերջին տարիներին ցուցաբերել է առավել ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ խորացնելով կապերը մի կողմից Թուրքիայի, Չինաստանի և Ուկրաինայի հետ, մյուս կողմից՝ Իսրայելի և Պակիստանի։ Բաքվում սկսել են ակնարկներ հնչեցնել նաև BRICS միությանը մերձենալու նախաքայլերից, ինչպեսև Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից հրաժարվելու մասին։ Մոսկվան այդ ֆոնին փորձում է վերանայել իր քաղաքականությունն ու ամրապնդել վերահսկողությունը, սակայն առանց այն նախկին ուժեղ դիրքի, որն ուներ 10–15 տարի առաջ։
Արդյունքում, այսօր Մոսկվան ու Բաքուն գտնվում են մի կետում, որտեղ վստահությունը թե՛ քաղաքական, թե՛ հանրային մակարդակներում խիստ մաշված է։ Պաշտոնական հռետորաբանությունը շարունակաբար կոշտանում է, իսկ հասարակական տրամադրություններն արդեն ձևավորում են վտանգավոր աշխարհաքաղաքական պատկեր։ Սա պարզապես հերթական ճգնաժամ չէ։ Սա տարածաշրջանում քաղաքական ուժերի դասավորության վերափոխման ազդակ է, որտեղ Ռուսաստանը այլևս միակ որոշողը չէ, իսկ Ադրբեջանը ձգտում է առավել ինքնիշխան դերակատարության հասնել։
Ինչպիսի զարգացումներ էլ որ տեղի ունենան, ակնհայտ է՝ Մոսկվա–Բաքու հարաբերությունները վերադարձ չունեն դեպի նախկին «եղբայրական» համատեքստ։ Նոր դարաշրջանը՝ լարված, մրցակցային և բազմաբևեռ, արդեն սկսվել է։ Վերջին ամիսներն էլ ցույց են տալիս, թե որքան փխրուն է Ռուսաստանի համար տարածաշրջանային խաղաղության ձևավորման մոդելը։ Սրա վկայությունն է ադրբեջանական հռետորաբանության փոփոխությունը պետական և ոչ պետական մակարդակներում, այն է՝ պաշտոնական մեղադրանքներ՝ էթնիկ բռնությունների, տեղեկատվական պատերազմի, երկակի ստանդարտների դեմ։ Իրական վտանգն այն է, որ սա ոչ միայն զուտ դիվանագիտական սկանդալ է, այլև կարող է լուրջ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների հանգեցնել։
Այս փուլում կողմերը կարծես շարժվում են դեպի մրցակցային, ոչ թե գործընկերային դաշտ։ Եթե չձևավորվի նոր վստահության պլատֆորմ, ներկայիս լարվածությունը կարող է վերաճել անվտանգության համակարգերի բախման վտանգավոր փուլի։ Հաջորդ փուլում, արդեն, կարող են հակամարտությանը նոր դերակատարներ ավելանալ, օրինակ, ի դեմս Թուրքիայի։ Ակնհայտ է, որ Մոսկվան, այլևս ի տարբերություն 10 տարի առաջվա, ուղղակի «լա՛վ հարևան» չէ Բաքվի համար։
Լիանա Պետրոսյան
