Ամերիկյան միջնորդությունը Սյունիքի միջանցքի հարցում
01 Օգոստոս 2025
Զանգեզուրի միջանցքը շարունակում է մնալ տարածաշրջանային ամենավիճելի և քննարկվող հարցերից մեկը։ Ադրբեջանն օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ պահանջելու անարգել մուտք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Այս առումով, ԱՄՆ-ն, կարծես, որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել՝ միջնորդի դերում հանդես գալու համար։ Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Թոմաս Ջ. Բարաքը վերջերս առաջարկել է ԱՄՆ-ին հարյուր տարվա վարձակալությամբ վերահսկողություն ստանձնել 32 կիլոմետրանոց ճանապարհի նկատմամբ, և որպեսզի բոլոր կողմերը կարողանան օգտվել դրանից1:
Այս առաջարկին նախորդել էր ամսվա սկզբին Քարնեգիի փորձագետ Օլեսյա Վարդանյանի տարածած այն լուրը, որով վերջինս պնդում էր, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ներգրավվել այս հարցում` որպես կայունացնող ուժ։ Պաշտոնական աղբյուրներին հղում անելով՝ Վարդանյանն ասել է, որ ԱՄՆ-ը կարող է առաջ մղել այն տարբերակը, որի շրջանակում ամերիկյան մասնավոր ընկերությունը կներգրավվի որպես անկախ օտարերկրյա օպերատոր՝ երթուղու լոգիստիկայի կառավարման համար։ Քանի որ դժվար կլինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հրաժարվելու իր պահանջներից, ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, հույսը կդնի Երևանի վրա՝ հետևելու ԱՄՆ-ի առաջարկած տարբերակին2:
Դեսպանի առաջարկից առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախագահ Թրամփի հետ նիստի ժամանակ հույս էր հայտնել շուտով տեսնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը3:
Հայտարարությունը արվել էր հենց այն օրը, երբ Աբու Դաբիում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պետքարտուղարությունը որևէ լրացուցիչ մեկնաբանություն չտվեց, բացի այն, որ.«Սա այն վարչակազմն է, որը աշխատում է խաղաղության համար։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է և կգնան այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»։4
Իրականում Թրամփի վարչակազմի հետաքրքրության ակտիվացումն ուշագրավ էր, քանզի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ լուրջ հայտարարություն կամ քայլեր չեն եղել, առվազն հանրային կերպով, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում՝ բացառությամբ ԱՄՆ պետքարտուղարի կողմից բանակցությունների ավարտը ողջունելու հայտարարության։ Սա բավական տարբերվում է Բայդենի վարչակազմի քաղաքականությունից, ով ստանձնել էր ակտիվ միջնորդի դեր և պաշտոնավարման ամիսներին ակտիվորեն հորդորում էր կողմերին ավարտին հասցնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Ի հակադրություն Բայդենի՝ Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող նախագահ է, ով չի ներգրավվում որևէ հարցում, քանի դեռ նրանում առկա չեն ամերիկյան հետաքրքրություններ և շահեր։ Ուստի, հարկ է նշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Դոնալդ Թրամփի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան չէ։ Ուստի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները որևէ հետաքրքրություն չէին ներկայացնի նրա համար, եթե չլիներ վերջինիս ձգտումը ներկայանալու որպես հակամարտություններ կարգավորող ԱՄՆ նախագահ։
Ուստի, ոչ միայն Թրամփի վարչակազմը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացին առնչվող հայտարարություն տարածեց վերջերս, այլև դրան հաջորդեց այդ թեմային անձամբ նախագահ Թրամփի կատարած անդրադարձը։ 2025 թվականի հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասաց, թե. «Կարծես, հայ-ադրբեջանական հակամարտությունը հաջող ավարտի է հանգում»5: Նախագահ Թրամփը ևս մեկ անգամ անդրադարձավ այս հարցին հուլիսի 19-ին՝ Սպիտակ տանը հանրապետական սենատորներին հյուրընկալելիս ունեցած իր ելույթի ժամանակ։ Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն «Այնտեղ հրաշքներ է գործել և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է կնքվելու, եթե այն դեռ չի կնքվել»6:
ԱՄՆ մասնավոր ընկերությանը որպես անկախ օտարերկրյա օպերատոր ներգրավելու առաջարկի առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը երկար սպասեցնել չտվեց։ Շուշիում մեդիա ֆորումի ժամանակ վերջինս անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից արված առաջարկին՝ հայտարարելով, թե․ «Մեր տարածքում չի կարող լինել ոչ մի օպերատոր, ոչ մի առևտրական, ոչ մի վարձակալ», հավելելով, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Նիկոլ Փաշինյանի հետ անձնական բանակցությունների ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Ադրբեջանը պետք է ունենա անարգել և անվտանգ անցում Ադրբեջանից Ադրբեջան… «Մեր բեռները և քաղաքացիները չպետք է ամեն անգամ այնտեղ տեսնեն հայ սահմանապահի դեմքը։ Սա մեր պահանջն է։ Սա օրինական պահանջ է, արդարացի պահանջ։ Հակառակ դեպքում մեր քաղաքացիները վտանգի տակ կլինեն»7:
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությանը պատասխանել է վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ կոչելով այն․ «Թաքնված տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»։ Այնուամենայնիվ, Ալիևի այս պահանջն էլ կարող է բավարարվել, քանի որ ըստ ՀՀ վարչապետի խոսնակի. «Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները (ՀՀ սահմանապահ ծառայությունների հետ) Հայաստանի Հանրապետության սահմանային և մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ»8: Ուստի, այս տեխնոլոգիաների ներդրմամբ, ադրբեջանցիները ստիպված չեն լինի ՀՀ սահմանապահների հետ առնչվել, իսկ ադրբեջանական բեռները կարող են առանց ՀՀ սահմանապահների անմիջական ստուգումների տեղափոխվել երկրի տարածքով։
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանություններն ավելի պատրաստակամ են ամերիկյան մասնավոր ընկերության՝ որպես անկախ օտարերկրյա օպերատորի ներգրավմանը, քան ադրբեջանական կողմը։ Նախկինում նման առաջարկ արդեն իսկ եղել է ԵՄ-ի կողմից, որը, որպես այդպիսին, նման է Ռուսաստան-Վրաստան բանակցությունների ընթացքում անկախ օտարերկրյա օպերատորի ներդրման առաջարկին, որի միջոցով պետք է վերահսկվեր Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վիճելի տարածքներով անցնող երթուղիների լոգիստիկան, և տվյալներ փոխանակվեին բոլոր կողմերի հետ9: Ներկայումս, նախագահ Թրամփը ցանկանում է դառնալ այս հարցում միջնորդ, ինչը իրականում պատահական չէ։ Լինելով բիզնես մտածելակերպ ունեցող նախագահ, Հարավային Կովկասի այս տարածաշրջանը թեև դուրս է իր հետաքրքրությունների և շահերի շրջանակից, սակայն Դոնալդ Թրամփի այս նախագահական շրջանի գլխավոր նպատակներից է հակամարտություններ կարգավորողի դերի ստանձնումը և իրեն դիրքավորելը որպես աշխարհում խաղաղություն հաստատող ղեկավար՝ փորձելով հասնել իր վաղուցվա բաղձալի նպատակին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալուն։ Ուստի, այս նպատակից ելնելով, Թրամփը փորձում է ցանկացած շանս օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում մեծ դեր խաղալու համար։
_____________________________
1. Strengthening U.S.-Türkiye Relations and Advancing Relations with Syria, https://www.state.gov/briefings-foreign-press-enters /strengthening-us-turkiye-relations-and-advancing-relations-with-syria, (21.07.2025).
2. Vartanyan O., Why Armenia Is Seeking to Normalize Relations With Turkiye,https://carnegieendowment.org/russia-eurasia/politika/2025/06/ armenia-turkiye-rapprochement?lang=en, (21.07.2025).
3. Department Press Briefing – July 10, 2025, https://www.state.gov/briefings/department-press-briefing-july-10-2025/, (21.07.2025).
4. Նույն տեղում։
5. NATO Secretary General meets President Trump to bolster support for Ukraine, https://www.nato.int/cps/en/natohq/news_237031.htm, (22.07.2025).
6. Trump speaks to GOP senators at White House dinner, https://www.youtube.com/watch?v=69BIhm6wB4U, (22.07.2025).
7. Trump says US ‘worked magic’ in Armenia–Azerbaijan peace talks, as debate over corridor continues, https://oc-media.org/trump-says-us-worked-magic-in-armenia-azerbaijan-peace-talks-as-debate-over-corridor-continues/, (22.07.2025)
8. ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ, https://armenpress.am/hy/article/1225308 , (07.2025).
9. Նշվ. աշխ. Vartanyan O.
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն