Ոչ թե համակերպվել, այլ՝ պայքարել, սա պիտի առաջիկա ժամանակահատվածի մեր հավատամքը
27 Հունվար 2026
ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն, հունվարի 25-ին նշեց ՀՅԴ հիմնադրման 135- ամյակը՝ «Հայրենիք, Ինքնություն, Հզորացում» խորագրով։
Միջոցառումը վերահաստատեց կուսակցության հաևյուևամյա առաքելությունն ու նվիրումն ազգին ու հայրենիքին,ևս մեկ անգամ փաստելով, որ Հայաստան-սփյուռք կապը ազգային անքակտելի խարիսխներից մեկն է:
ՀՅԴաշնակցության 135-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանի եւ հայության դեմ ծառացած մարտահրավերներին, ներքին և արտաքին խնդիրներին։ Նրա հորդորն էր` «ոչ թէ համակերպվել, այլ` պայքարել»:
Գալստյանը անդրադարձավ Հայաստանում ներկայիս վարչախմբի թողած համատարած ձախողումների հետագծին նշելով, որ այսօր գլխավոր օրակարգն է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրությունը։ Առավել եվս, նա նշեց, որ նոր աշխարհակարգի ձևավորման ներկա հանգրվանը մեզանից պահանջում է ռազմավարությունների և մարտավարությունների վերաիմաստավորում։
Այդ իսկ պատճառով «կենսական անհրաժեշտություն է համահայկական գաղափարական-ծրագրային օրակարգերի որդեգրումն ու դրանց իրագործմանն ուղղված ռեսուրսների ձևավորումը», նշեց Գալստյանը ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է։
Գալստյանը թշնամական պատվեր համարեց ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ սանձազերծած՝ ապազգային և հակապետական ասպատակությունը, անվանելով դա ակնհայտ նպատակադրում՝ որը միտված է քայքայել համահայկական ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային կառույցն ու ջլատել մեր միասնությունը»։
Նա նաև անդրադարձավ արտաքին ճակատում մղվող պատերազմին, մատնանշելով վերջերս տորագրված TRIPP հայտարարությունն ու Մեղրիի միջանցքը, որի միջողով Հայաստանը կորցնում է Սյունիքի հարավային դարպասների նկատմամբ վերահսկողությունն ու առհասարակ խոցելի դարձնում ինքնիշխանությունը։ Նրա մեկնաբանությամբ՝ «այս գործարքի ամենամեծ քաղաքական շահառուն թուրքական աշխարհն է: Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ, երկրի ներքին և արտաքին օրակարգերը ճշտվում են Բաքվում և Անկարայում, իսկ սեփական աթոռը պահելու համար վարչախումբը պատրաստ է ցանկացած զիջումի»:
Նա նաև ընդգծեց, որ՝ «սա ոչ թե խաղաղություն է, այլ՝ սողացող կապիտուլյացիա»:
Իր խոսքում Գալստյանը անդրադարձավ օրակարգային մի շարք հարցերի շուրջ Դաշնակցության պատկերացումներին և առաջնահերթություններին․ այդ թվում՝ անվտանգություն, զարգացում և արժանապատիվ կյանք։ Նշելով, որ՝ «այս առաջնահերթությունների շուրջ պիտի ձևավորվի համահայկական գաղափարական օրակարգն ու ծրագիրը։ Համահայկական, որովհետև մարտահրավերները վաղուց ներհայաստանյան չեն, այլ՝ համահայկական են»․
Անվտանգ և խաղաղ Հայաստան
Անվտանգ Հայաստանը երկարաժամկետ խաղաղությունն է՝ կառուցված հավասարակշռված արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային դերակատարների հետ փոխշահավետ հարաբերությունների, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, բանակաշինության և ռազմարդյունաբերության կայուն և արդյունավետ դոկտրինի վրա։
Խաղաղություն, որը չպիտի ուրանա արցախահայության վերադարձի իրավունքը, լուծի բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը, ներառի անվտագային երաշխիքներ, բացառի հայկական կողմի կենսական զիջումները, Թուրքիայի և Ադրբեջանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։
Պատերազմի այլընտրանքը կատուլյացիան չէ։
Համերաշխ Հայաստան
Մենք մերժում ենք ներազգային բաժանարարները, որովհետև միայն համերաշխությամբ, Հայաստան-Սփյուռք միասնությամբ և ազգային ներուժի առավելագույն ներգրավմամբ է հնարավոր բեկում մտցնել երկրի կյանքում։
Արդար Հայաստանը մարդակենտրոն պետությունն է, ուր հաղթահարված է աղքատությունն ու բոլոր խմբերի համար ընձեռնված է սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների համակարգ։
Իրավականն այն Հայաստանն է, ուր վերականգնված է սահմանադրական կարգը, պաշտպանված են Մարդու իրավունքները և դրանք հիմնված է ոչ թե անհատական կամ քաղաքական շահերի, այլ՝ օրենքների գերակայության, արդարության, հավասարության և կայունության սկզբունքների վրա։
Զարգացող Հայաստան
Զարգացող Հայաստանը մրցունակ և ժամանակակից պետություն է, որի տնտեսությունը ծառայում է հայ մարդու և հասարակության բարեկեցությանը, որը գրավիչ է ու հպարտության աղբյուր աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայի համար։
Սփյուռքը վերականգնվող Հայաստանի կենսական տարածքն է, և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների վերարժևորումը միանգամայն նոր հայեցակարգ է պահանջում՝ փոխադարձաբար վերականգնելու առաջացած խզումն ու նոր լիցք հաղորդելու Սփյուռքին որպես քաղաքական և քաղաքակրթական գործոնի։
Առանց հոգևոր Հայաստանի չկա անվտանգ Հայաստան, չկա հայկական ինքնություն։ Անվտանգ, համերաշխ և զարգացող երկիր կառուցելու նախապայմանը բարոյական, մասնագիտական բարձր հատկանիշներով և ազգային-պետական մտածողությամբ նոր իշխանությունն է։
«Մեր հակառակորդները գիտակցում են մեր ուժը, բանտարկում են, ահաբեկում, բռնությունների ու զեղծարարությունների դիմում, փորձում են պառակտել՝ բաժանելով ներսի ու դրսի դաշնակցականների։ Դատապարտված են նրանք, որովհետև չեն գիտակցում, որ Դաշնակցությունը արժեհամակարգ է և գաղափարախոսություն, շարքային կուսակցության մեջ չտեղավոր ֆենոմեն է դաշնակցությունը», – նշեց նա։
Ամփոփելով իր խոսքը, Լիլիթ Գալստյանը խոսեց կարևորագույնից՝ չհուսահատվելուց․ «որովհետև հուսահատությունը համազոր է քաղաքական կատարյալ անկման, մեր նվիրական իղձերից հրաժարումի: Սա հակառակորդի օրակարգն է։ Մենք կարող ենք և պարտավոր ենք թոթափել հուսահատությունն ու դատապարտվածությունը», – ասաց նա։
