ԵԽԽՎ-ում ունեն իրենց առաջնահերթությունները
28 Հունվար 2026
Եթե Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը ընդդիմության տապալումն է, ապա, ուրեմն, պետք է ընդդիմության տապալում համարել այն, որ Արևմուտքը ամբողջությամբ պաշտպանում է այս իշխանություններին։ Դա, կարծում եմ, որևէ մեկի համար նորություն չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե նախօրեին ընդունված բանաձևը պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալում է համարվում։
«Այս մթնոլորտում, որտեղ այս կառույցը քաղաքական դիրքորոշում ունի, ամբողջությամբ հակառուսական ընթացք է իրականացնում։ Սա է իրենց համար գլխավորը։ Եթե որևէ մեկը հետևել է Եվրախորհրդի նիստերին, կտեսնի, որ այստեղ հակառուսականությունը գլխավոր տեղ ունի։ Եվ սրանից օգտվում են ՀՀ գործող իշխանությունները՝ ներկայացնելով իրենց իբրև թե եվրոպական արժեքներ կրող, բայց իրականում մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում երկրում։
Մենք դժգոհ ենք բանաձևում առկա ձևակերպումներից՝ նախևառաջ այն պատճառով, որ զեկույցը ներկայացնելուց առաջ պահանջվում էր, որ մոնիթորինգի համանախագահների այց կատարվի ՀՀ, սակայն անհասկանալի և անընդունելի պատճառաբանություններով այդ այցը չեղարկվել է։ Նրանք կարող էին հետաձգել այցը, քանի որ որպես պատճառաբանություն ներկայացվել էր համանախագահներից մեկի հիվանդությունը․ անդամներից մեկը հիվանդանոց էր պառկել, բայց հիմա արդեն այդ անձը հիվանդանոցից դուրս է եկել, այդուհանդերձ այդ այցը տեղի չի ունեցել։
Մենք սրա վերաբերյալ մեր դժգոհությունը ներկայացրել ենք իրենց։ Մենք ստիպված ենք եղել առանձին հանդիպումներ ունենալ մոնիթորինգի համազեկուցողների հետ, ամբողջությամբ փոխանցել ենք իրենց, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իրենք լավ տեղյակ են ամեն ինչից՝ քաղբանտարկյալների առկայությունից, եկեղեցու նկատմամբ հալածանքներից և արշավից, և այս ամենը իրենք շատ լավ գիտեին, բայց, ինչպես ասացի, իրենց համար գերակա է քաղաքական դիրքորոշումը՝ ամեն գնով պաշտպանել այս իշխանություններին, և սա որևէ մեկի համար ոչ գաղտնիք է, ոչ էլ նորություն»։
Ռուստամյանը նշեց, որ այս ֆոնին բանաձևում փորձում են նաև որոշ հայտարարությունների մեջ ընդգծել այն հանգամանքը, որ գոյություն ունի անհասկանալի լարվածություն վարչապետի և եկեղեցու ղեկավարության միջև։ «Միաժամանակ խոսել են վարչական ռեսուրսը չարաշահելու մասին՝ ընտրությունների նախաշեմին և այլ հարցերի մասին․ սրանք էլ բանաձևի մյուս, այսպես ասած, «երեսն» են, որոնք կարելի է տեսնել, որ համապատասխան են իրականությանը։
Մնացածը, ընդհանուր առմամբ, իրենց քաղաքական դիրքորոշումից է բխում, այն է՝ Արևմուտքը անվերապահ աջակցում է այս իշխանություններին հայտնի պատճառներով»։
Նա ընդգծեց, որ ամենամտահոգիչը թերևս այն է, որ իրենք խոսում են հաղորդումների մասին՝ կապված եկեղեցու դեմ պայքարի հետ, և դա իրենց մտահոգում է, մինչդեռ պետք է ոչ թե հաղորդումներով առաջնորդվեն, այլ Եվրախորհրդի մանդատի ներքո կարող էին գալ, տեղում և ամբողջությամբ իրենց աչքերով տեսնել ու գնահատել, այլ ոչ թե առաջնորդվել ինչ-որ հաղորդումներով։ «Իրենք պարզապես չեն ուզում գալ տեղում տեսնել, թե ինչ է իրականում կատարվում։ Սա է ամենաանընդունելին այս ամենի մեջ, բայց, չնայած դրան, այնուամենայնիվ եկեղեցու դեմ արշավի մասին ձևակերպումներ կան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բավարարված չէ զեկույցից, և այն ավելի խիստ գնահատականներ կարող էր տալ այն իրավիճակին, որը Հայաստանում առկա է։
Ռուստամյանն ընդգծեց, որ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենում մոնիթորինգի համանախագահների հետ և իրենց մտահոգությունները բանաձևի վերաբերյալ հայտնում են։ «Մենք փորձելու ենք նրանց մղել, որ առնվազն ադեկվատ լինեն, լսեն ոչ միայն իշխանական թիմին և առաջնորդվեն ոչ միայն նրանց հաղորդումներով, այլ նաև ընդդիմության կարծիքով։ Ի վերջո, իրենք գրասենյակ ունեն Հայաստանում, թող գնան ուսումնասիրեն այդ ֆարս դատերը։ Այսինքն՝ շատ ասելիք կա իրենց, քանի որ այսպես չի կարող վարվել մի կառույց, որը փորձում է ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակը չի սազում և հարիր չէ այս կառույցի հեղինակությանը։
