ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր
28 Հունվար 2026
Հայոց բանակի կազմավորման 34–րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր՝ հունվարի 28-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր պանթեոն :
Նրանք ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում՝ ի հիշատակ նահատակ հայորդիների, որոնք անմնացորդ նվիրվեցին հայրենիքի ազատագրության պայքարին։
«Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների ու կառույցների փոխարեն ոստիկանական ստորաբաժանումներ է ձևավորում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով բանակի օրվա նշանակությանը՝ Սեյրան Օհանյանը նշել է. «Ես մեր ժողովրդին շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման կապակցությամբ: Իհարկե այսօր տոնակատարությունները այն մեծ շուքով ու տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշում, որովհետև մենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետև բազմաթիվ անհաջողություններ են եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել: Մեր ժողովուրդն ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի իր անվտանգության երաշխավորը, բանակը յուրաքանչյուր պետության ռազմական հզորության առանցքն է»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես համոզված եմ, որ մեր նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումն է Հայոց բանակը։ Անկախ նրանից՝ ինչ վիճակում ենք, ինչ հոգեբանական վիճակում ենք, սա տոն է, սա կարևորագույն տոն է և դրա առիթով շնորհավոր բոլորիս։ Մենք պետություն ստեղծել ենք, որ անվտանգ լինենք ու այդ անվտանգության ամենակարևոր, ամենահիմնական հիմնասյունը մեր բանակն է»:
