Արամ Մանուկյան. Կենդանի քաղաքական ուղեցույցն ու պետականության չափանիշը
29 Հունվար 2026 ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶՐԱՅԱՆՀունվարի 29-ը հայոց նորագույն պետականության գաղափարական և քաղաքական հիմնասյուներից մեկի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է, ինչը պարտադրում է ոչ լոկ ձևական հիշատակում կամ ծիսական հարգանքի դրսևորում։
Արամի անունը հաճախ շրջապատվում է պաշտամունքային լռությամբ, որը որքան էլ արտաքուստ հարգալից, բայց իրականում վտանգավոր է. այն նրան վերածում է անցյալի սրբապատկերի, ոչ թե ներկայի համար գործող քաղաքական երևույթի։ Մինչդեռ Արամ Մանուկյանը արժեք է այնքանով, որքանով նա մնում է քաղաքական մտածողության կենդանի ուղեցույց, այլ ոչ թե պարզապես պատմական կերպար։ Նրա կյանքն ու գործունեությունը չեն կարող տարանջատվել գաղափարից ու գործից, անհատականից ու հավաքականից, պատմական պատասխանատվությունից ու առաքելությունից, ներկայից ու ապագայից։ Նա մարմնավորում է ազգային պայքարի ամբողջական դարբնոց, պետական մտածողության չափանիշ և քաղաքական վարքագծի բարձրագույն ցուցիչ։
Արամ Մանուկյանի գաղափարական ձևավորումը անքակտելիորեն կապված է Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխարհայացքի հետ։ Դաշնակցական լինելը նրա համար երբեք չի եղել կուսակցական նեղ պատկանելություն, այլ ազգային գոյապայքարի համապարփակ ընկալում, քաղաքական պատասխանատվության և ազգային ինքնիշխանության ըմբռնում։ Դաշնակցության գաղափարախոսությունը նրան զինել է սթափությամբ արտաքին աշխարհի հանդեպ և անզիջում հավատով սեփական ուժերի նկատմամբ։ Նրա հայտնի խոսքը՝ «Ամէն ոք իր մասին է մտածում… Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին...», պարզապես ժամանակի մարտահրավերների արձանագրում չէ, այլ դաշնակցական քաղաքական մտածողության խտացված բանաձև։ Այդ խոսքի մեջ մերժվում է օտարի բարեհաճությանը ապավինելու պատրանքը և հաստատվում է միակ կենսունակ ճանապարհը՝ ինքնակազմակերպված ազգային պայքարը։
Այս գաղափարական հենքով է Արամ Մանուկյանը տարիներ շարունակ գործել Արևմտյան Հայաստանում՝ Վան–Վասպուրականում: 1915 թվականին, Հայոց Ցեղասպանության ամենասև օրերին, Վանի ինքնապաշտպանությունը պատմական բացառիկ երևույթ է ոչ միայն ռազմական, այլ քաղաքական իմաստով։ Այն ապացուցեց, որ նույնիսկ կազմակերպված բնաջնջման պայմաններում հնարավոր է դիմակայել, եթե ժողովուրդն ունի կազմակերպող միտք, քաղաքական ղեկավարում և ազգային պատասխանատվության գիտակցում։ Վանում ստեղծված ինքնապաշտպանական և վարչական համակարգը ինքնաբուխ երևույթ չէր։ Այն երկար տարիների գաղափարական աշխատանքի, դաշնակցական կազմակերպչական փորձի և Արամ Մանուկյանի քաղաքական կամքի արդյունք էր։ Նա հստակ գիտակցում էր, որ հայության փրկությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ժողովուրդը դադարում է լինել ողբերգության լուռ զոհը և վերածվում է պայքարի կազմակերպված ուժի։
Վանի ինքնապաշտպանության օրերին Արամ Մանուկյանը ոչ միայն ղեկավարեց զինված դիմադրությունը, այլ կյանքի կոչեց պետականության նախատիպ։ Կարգ ու կանոն, վարչական պատասխանատվություն, ներքին անվտանգություն՝ այս ամենը գործեց այն պայմաններում, երբ համաշխարհային ուժերը լուռ հետևում էին հայ ժողովրդի կոտորածին։ Վան–Վասպուրականի հազարավոր հայերի փրկությունը արտաքին միջամտության արդյունք չէր։ Այն սեփական ուժերին ապավինած քաղաքական որոշման հետևանք էր։ Այս փորձը դարձավ Արամ Մանուկյանի հետագա պետական մտածողության և գործունեության հիմնաքարը։
1917–1918 թվականներին նույնպիսի գոյաբանական վտանգի առջև կանգնեց Արևելյան Հայաստանը։ Ռուսական բանակի հեռացումը, վարչական համակարգի քայքայումը, փախստականների հոսքը, համաճարակը, սովը և թուրքական ներխուժման սպառնալիքը ստեղծել էին լիակատար քաոս և պետական կառավարման ճգնաժամ։ Այդ պայմաններում աշխուժացան արտաքին օգնության, միջազգային երաշխիքների և դիվանագիտական սպասումների մասին խոսակցությունները։ Արամ Մանուկյանը մերժեց այդ սին պատրանքները։ Նրա համար գոյապայքարը և պետականության ստեղծումը այլևս հնարավոր էր միայն կամքի, կազմակերպվածության և ինքնիշխան որոշման միջոցով։ Եթե ժողովուրդը ինքն իրեն չի պարտադրում պետություն ունենալու կամք, որևէ արտաքին ուժ դա չի անի նրա փոխարեն. հավատացած էր Արամը:
1918 թվականի մայիսյան օրերին այդ համոզմունքը վերածվեց վճռական գործի։ Արամ Մանուկյանը դարձավ համազգային դիմադրության կազմակերպիչ առանցքը և ոգին։ Նրա կամքի շուրջ համախմբվեցին զինվորականները, կամավորական ուժերը, հոգևորականները և քաղաքացիական բնակչությունը։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը ծնվեցին ոչ միայն ռազմի դաշտում ցուցաբերած քաջությունից և սխրանքներից, այլ նաև քաղաքական կամքից։ Այդ կամքը մարմնավորվում էր Արամ Մանուկյանի կերպարում։ Նա հստակ գիտակցում էր, որ այդ պահին պարտությունը հավասարազոր է ազգի վերջնական կործանմանը, իսկ դիմադրությունը՝ պետականության ծնունդին։
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության ծնունդը հնարավոր չէր առանց այդ քաղաքական կամքի։ Անկախ պետականության ձևավորումից հետո, ներքին գործերի նախարարի պաշտոնում Արամ Մանուկյանը փաստացի դարձավ պետական կառավարման առանցքային դեմքը։ Նրա համար պետությունը սոսկ ձևական գոյություն չէր, այլ ամենօրյա պայքար և մաքառում, խիստ կարգ ու պատասխանատվություն պահանջող գոյաձև։ Նա անզիջում պայքարում էր անիշխանության, ինքնահոս գործունեության և քայքայիչ «ազատությունների» դեմ՝ համոզված լինելով, որ պետականությունը չի կարող կառուցվել քաոսի վրա։ Պետական կարգը նրա համար ազգային անվտանգության հիմնական բաղադրիչն էր։
Նիկոլ Աղբալյանի մահախոսական խոսքերը՝ «Յուրաքանչյուրը պետք է դիմի սեփական խղճին ու հարցնի՝ ծառայե՞լ է արդյոք հայ ժողովրդին այնպես, ինչպես ծառայել է Արամ Մանուկյանը…», և զորավար Մովսես Սիլիկյանի գնահատականը, որ «առանց Արամի ոչինչ չի անի», վկայում են այդ բարոյական չափանիշի ուժի մասին։ Այս խոսքերն ընդգծում են, որ իրական իշխանությունը ծնվում է գաղափարից, վստահությունից և ազգային նվիրվածությունից, ոչ թե կոչումից կամ պաշտոնից։ Արամ Մանուկյանը քաղաքականությունը վերածել էր անմնացորդ նվիրումի և անխոնջ ծառայության, ոչ թե ինքնանպատակ իշխանության։
Արամի ամբողջական կերպարն այսօր անխուսափելիորեն հակադրվում է Հայաստանի քաղաքական իրականությանը։ Այսօր, գործող իշխանությունների կողմից պետականությունը հաճախ ընկալվում է որպես ծանր բեռ, ինքնիշխանությունը՝ որպես խոչընդոտ, իսկ պարտությունը՝ որպես իրատեսական հանգրվան։ Այնտեղ, որտեղ Արամ Մանուկյանը տեսնում էր գոյության խնդիր և պահանջում համազգային համախմբում, ներկա իշխանությունը խոսում է «խաղաղության» մասին՝ ուժի գիտակցումից զուրկ բառապաշարով։ Բայց այն խաղաղությունը, որը չի շաղկապվում ժողովրդի կամքի ու պետական պատասխանատվության հետ, Արամ Մանուկյանի դիտակետից ոչ թե «իրատեսական» քաղաքականություն է, այլ քայքայիչ մոտեցում, դավաճանություն:
Արամ Մանուկյանը երբեք չէր ընդունի պարտությունը որպես անբեկանելի դատավճիռ, նահանջը՝ որպես հասուն քաղաքականություն, իսկ զիջումը՝ որպես փրկության ուղի։ Նրա աշխարհայացքում պետությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան ժամանակ զինված է ինքնապաշտպանվելու կամքով։ Այն պահից, երբ իշխանությունը հրաժարվում է այդ կամքից, պետության ճակատագրի տնօրնումը փոխանցում է արտաքին ուժերին և ապավինում է միջազգային խոստումներին, նա դադարում է լինել ազգային իշխանություն և վերածվում է վարչական գործիքի։
Հունվարի 29-ը պարզապես հիշատակի օր չէ։ Այն չափման օր է՝ մեր ազգային խղճի, մեր քաղաքական կամքի և մեր պետական պատասխանատվության համար։ Արամ Մանուկյանին հիշելն առանց այս գաղափարական համեմատության նշանակում է դավաճանել նրա քաղաքական էությանը։ Նրա կերպարն ու գործը պարտադրում են հարց տալ ինքներս մեզ․ունե՞նք արդյոք այսօր այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է ազգային ճգնաժամը հաղթահարելու համար։ Եթե ոչ, ապա Արամի կերպարը վերածվում է խիստ դատավճռի՝ մեր քաղաքական անգործության համար։
Արամ Մանուկյանը մեր անցյալը չէ։ Նա մեր չիրացված ներկան է և մեր անխուսափելի ապագան:
