ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Համաժողովրդական բանակ եւ ազգային ինքնագիտակցություն

03 Փետրվար 2026 Հասարակական կազմակերպման ձևի հենասյուները

Հայ քաղաքական մտքի պատմությունը ձևավորվել է ոչ թե կայացած պետականության պայմաններում, այլ՝ դրա շարունակական բացակայության, գոյաբանական վտանգների և արտաքին ճնշումների ներքո։ Հենց այս իրողությունն է, որ ազգային հարցը հայ իրականության մեջ դուրս է բերել մշակութային և պատմագիտական սահմաններից ու դարձրել այն գաղափարական և քաղաքական հիմնահարց։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ հարկադրված է եղել պատասխանելու ոչ միայն ինքնության, այլև գոյության հարցին՝ ունա՞կ է արդյոք պահպանելու իրեն որպես քաղաքական ամբողջություն։ Հենց այս պայմանն է հայ քաղաքական մտքի առանցքում մշտապես պահել ինքնապաշտպանության, կազմակերպվածության և ազգային կամքի խնդիրը։

Այս համատեքստում առանցքային նշանակություն են ստանում դաշնակցական մեծ տեսաբաններ Միքայել Վարանդյանի և Գարեգին Խաժակի գաղափարական բանաձևումները։ Դրանք բխում են նույն գոյաբանական հրամայականից. ազգը կա՛մ դառնում է իր ճակատագրի գիտակից կրողը, կա՛մ անխուսափելիորեն վերածվում է արտաքին ուժերի կամքի գործիքի։ Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը և Խաժակի «Ազգի ու ազգային գաղափարախոսության» ըմբռնումը որպես հայ քաղաքական մտածողության արգասիք միավորվում են մեկ ամբողջական համակարգի մեջ, որտեղ պաշտպանությունը, քաղաքական կամքը և ազգային ինքնագիտակցությունը դրսևորվում են որպես փոխկապակցված և անբաժանելի սկզբունքներ։

Միքայել Վարանդյանի մտածողության ելակետը պարզ, բայց անխուսափելի ճշմարտությունն է. ազգի ինքնորոշման և գոյության իրավունքը ոչ միայն չի տրվում, այլև չի պահպանվում ինքնաբերաբար։ Նա բազմիցս շեշտել է, որ ազգը, որն իր պաշտպանության պատասխանատվությունը հանձնում է ուրիշների ձեռքը, փաստորեն հրաժարվում է իր քաղաքական իրավունքներից և զրկվում է արժանապատվությունից։ Վարանդյանի համար պաշտպանությունը ոչ թե ինքնանպատակ գործընթաց է, այլ՝ քաղաքական դիրքորոշում։ Պաշտպանությունից հրաժարումը, ըստ նրա, հավասարազոր է քաղաքական պարտությունն ընդունելուն։

Այս համոզմունքից է ծնվել Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը։ Նրա տեսության համաձայն՝ բանակը ժողովրդի միջից ծնված և նրա գիտակցված կամքը մարմնավորող համակարգ է։ Այն չի կարող գոյություն ունենալ որպես հասարակությունից անջատված կամ առանձին կառույց, քանի որ իր իրական ուժը ստանում է միայն ժողովրդի կազմակերպված կամքի վրա հենվելով: «Համաժողովրդական բանակը» գոյություն ունի միայն այն դեպքում, երբ այն հենվում է համազգային նպատակների գիտակցված որդեգրման վրա՝ ըստ ժողովրդի քաղաքական պատասխանատվության և համախմբվածության հիմքի։ Երբ ժողովրդի կամքը թուլանում է կամ կորչում է կազմակերպվածությունը, բանակը մնալով միայն որպես ռազմական կառույց՝ կորցնում է իր իրական ռազմավարական և քաղաքական ուժը։ Այսպիսով, «Համաժողովրդական բանակը» ոչ միայն ռազմական, այլև նախ և առաջ քաղաքական և հասարակական համակարգ է, որը կարող է լիովին իրացնել իր նշանակությունը միայն այն ժամանակ, երբ ժողովրդի գիտակցությունը և կամքը շարունակաբար ապահովում են դրա ռազմավարական և քաղաքական ազդեցությունը։

Վարանդյանը կտրականապես մերժում է այն պատկերացումը, թե ազգային անվտանգությունը կարող է պահպանվել հասարակության քաղաքական անգործության պայմաններում։ Նա զգուշացնում է, որ նույնիսկ ամենազինված բանակն անկարող է հաղթանակ ապահովել, եթե այն հենված չէ գիտակից, կազմակերպված և իր պայքարի նպատակն ըմբռնած ժողովրդի վրա։ Այդ պատճառով նա զենքը երբեք չի դիտարկել որպես արժեք, ինքնանպատակ միջոց: Նրա հայտնի միտքը, ըստ որի զենքն իրական արժեք է ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ ծառայում է գիտակցված գաղափարին, ուղղված է հենց այն վտանգի դեմ, որը ծագում է երբ ռազմական ուժը կտրվում է քաղաքական նպատակներից։

Վարանդյանի տեսության կենտրոնում զինվոր - քաղաքացու կերպարն է։ Նա հետևողականորեն շեշտում է, որ զինվորը չպետք է վերածվի կույր գործիքի։ Զինվորն առաջին հերթին քաղաքացի է՝ գիտակից և պատասխանատու, որն իր գիտակցությամբ ու գաղափարական ըմբռնումով մասնակցում է ազգային պաշտպանության գործին։ Նրա ձևակերպմամբ՝ զինվորը պետք է մնա քաղաքացի, իսկ քաղաքացին պատրաստ լինի անհրաժեշտ պահին դառնալու զինվոր։ Այս երկակիությունը Վարանդյանի համար հակասություն չէ, այլ ազգային պաշտպանության բնական վիճակ։

Այս մոտեցումը հատկապես կարևոր է փոքր ազգերի համար, որոնց գոյության պայքարը մշտապես տեղի է ունեցել ուժերի անհավասար պայմաններում։ Վարանդյանը լավ գիտակցում է, որ հայ ժողովուրդը թշնամու նկատմամբ դժվար թե ունենա թվային գերազանցություն կամ ռազմական հզորության առավելություն, սակայն նա վստահ է, որ գաղափարական կազմակերպվածությունը և կամքի կենտրոնացումը կարող են փոխհատուցել այդ բացը։ Այդ իսկ պատճառով նրա համար «Համաժողովրդական բանակը» նախ և առաջ հոգեբանական, քաղաքական և կազմակերպական պատրաստակամության համակարգ է։

Գարեգին Խաժակի «Ազգի ու ազգային գաղափարախոսության» մտածողությունը, որը խտացված է նրա «Ի՞նչ է ազգությունը» աշխատությունում, թեև արտահայտվում է ավելի տեսական լեզվով, բայց նույնքան կտրուկ է իր քաղաքական հետևություններում։ Խաժակը մերժում է ազգը միայն կենսաբանական, լեզվական կամ մշակութային հատկանիշներով սահմանելու մոտեցումը։ Նրա հայտնի ձևակերպմամբ՝ ազգը կենսաբանական պատահականություն չէ, այլ պատմական կամք։ Այս ըմբռնումը հայ քաղաքական մտքի համար շրջադարձային նշանակություն ունի, քանի որ ազգը ներկայացնում է որպես գիտակցված ընտրություն և պարտավորություն։

Խաժակի համար ժողովուրդն ազգ է դառնում միայն այն ժամանակ, երբ գիտակցում է իր միասնական նպատակը և իր պատմական պատասխանատվությունը։ Առանց այդ գիտակցության ժողովուրդը կարող է գոյություն ունենալ որպես հասարակական միավոր, բայց չի կարող դառնալ գիտակցված քաղաքական ուժ։ Նրա կարծիքով՝ պատմությունը չի ճանաչում չեզոք ազգեր. կա՛մ ազգը գործում է, կա՛մ նրա փոխարեն գործում են ուրիշները։ Այս ըմբռնումը հատկապես արդիական է այն պայմաններում, երբ արտաքին ուժերը մշտապես ձգտում են հայ ժողովրդի փոխարեն որոշել նրա ճակատագիրը։

Խաժակի ազգային գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ ազգը չի կարող գոյատևել գաղափարական սնանկության պայմաններում։ Նա հստակ արձանագրում է, որ ազգը, որը չունի սեփական գաղափարախոսություն, անխուսափելիորեն սկսում է ծառայել ուրիշների գաղափարներին։ Ազգային գաղափարախոսությունը նրա մոտ ոչ թե քարացած դոգմա է, այլ կենդանի համակարգ, որը ձևավորվում է պատմական փորձից և ուղղված է ապագային։ Այդ համակարգի առանցքում են ազգային արժանապատվությունը, ինքնիշխանությունը և պատմական շարունակականության գիտակցումը։

Խաժակի մոտ ազգային գաղափարախոսությունն անբաժանելի է պաշտպանվելու պատրաստակամությունից։ Նա ընդգծում է, որ իրավունքները գոյություն ունեն այնքանով, որքանով ազգը պատրաստ է դրանք իրացնել և պաշտպանել։ Ազգը, որը հրաժարվում է պայքարից, փաստացի հրաժարվում է իր իրավունքներից։ Այս տրամաբանությունն ուղիղ կերպով համադրվում է Վարանդյանի «Համաժողովրդական բանակի» տեսության հետ։ Երկուսի մոտ էլ ազգային կամքը չի կարող մնալ հռչակագրերի մակարդակում. այն պետք է նյութականացվի կազմակերպված գործի միջոցով։

Այսպիսով, Վարանդյանի և Խաժակի գաղափարները տարբեր հարթություններում ձևակերպում են նույն հիմնարար ճշմարտությունը. ազգը գոյատևում է ոչ միայն ֆիզիկական առումով, այլև՝ իր գոյության քաղաքական և սոցիալական պատասխանատվությունը գիտակցելով և այն իրացնելու պատրաստակամությամբ։ Այս պատասխանատվության քաղաքական և ռազմական արտահայտությունը կազմակերպված ինքնապաշտպանությունն է, իսկ նրա գաղափարական հիմքը՝ ազգային ինքնագիտակցությունը և մտավոր պատրաստվածությունը, որոնք ապահովում են ազգի դիմադրողականության և կազմակերպվածության շարունակականությունը։

Միքայել Վարանդյանի և Գարեգին Խաժակի գաղափարական մոտեցումները, թեև ձևակերպված են տարբեր լեզվամտածողությամբ և տարբեր խնդիրների անմիջական արձագանք են հանդիսանում, բայց իրականում միավորվում են մեկ ընդհանրական քաղաքական համակարգի մեջ։ Այդ համակարգի առանցքում ազգի ըմբռնումն է, որպես կամքի, պատասխանատվության և կազմակերպված գործողության միավոր։ Այստեղ ազգը չի սահմանափակվում ինքնության պահպանման դերով, այլ դիտարկվում է որպես հավաքական քաղաքական ուժ, որն ունի իրավունքներ այնքանով, որքանով ունի դրանք պաշտպանելու պատրաստակամություն։

Այս ամբողջական համակարգում Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը ազգային կամքի կազմակերպական արտահայտություն է, իսկ Խաժակի «Ազգի ու ազգային գաղափարախոսության» մտածողությունը՝ որպես այդ կամքի գաղափարական և ռազմավարական հիմք։ Առանց գաղափարախոսության «Համաժողովրդական բանակը» կարող է վերածվել զուտ ռազմական ուժի, իսկ առանց կազմակերպված պաշտպանության գաղափարի ազգային գաղափարախոսությունը մնում է վերացական հռչակագիր՝ առանց իրական քաղաքական և ռազմավարական ազդեցության։ Այս փոխլրացման գիտակցումն է, որ դաշնակցական քաղաքական մտածողությունը վերածել է ամբողջական համակարգի, այլ ոչ թե առանձին գաղափարների ամբողջության։

Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական–քաղաքական ծրագիրը հենց այս համակարգի ծրագրային արտահայտությունն է։ Դաշնակցության հիմնադիր սերունդը վաղուց էր արձանագրել այն ճշմարտությունը, որ հանուն ազատության և անկախության ազգային ազատագրական պայքարը չի կարող իրականացվել միայն որոշակի խավի, կուսակցության կամ սերնդի միջոցով։ Այս պայքարի արդյունքները՝ ազատությունը և անկախությունը, համաժողովրդական են, և պահպանվում են միայն համաժողովրդական կամքով: Այս դրույթը Դաշնակցության ծրագրում հանդես է գալիս ոչ որպես կարգախոս, այլ որպես քաղաքական- գաղափարական սկզբունք։

Դաշնակցության ծրագրում ազգի պաշտպանությունը դիտարկվում է որպես ամբողջ ժողովրդի քաղաքական պարտք։ Այս մոտեցումը լիովին համահունչ է Վարանդյանի այն համոզմանը, որ պետությունը չի կարող պաշտպանել ժողովրդին, եթե ժողովուրդը պատրաստ չէ պաշտպանել պետությունը։ Այստեղ պետությունը հանդես է գալիս ոչ թե որպես ազգից վեր կանգնած կառույց, այլ որպես նրա կամքի քաղաքական կազմակերպում։

Դաշնակցության ծրագրային դրույթներում հատուկ ընդգծվում է ժողովրդի քաղաքական դաստիարակության նշանակությունը։ Դաշնակցությունը վաղուց է հասկացել, որ առանց քաղաքական գիտակցության զինված ուժը դատապարտված է դառնալու կամ արտաքին ազդեցությունների գործիք, կամ ներքին քայքայման աղբյուր։ Այդ պատճառով Դաշնակցության գործունեության մեջ գաղափարական աշխատանքը միշտ դիտարկվել է որպես ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս։ Ազգային -քաղաքական կրթությունը այստեղ հիմնականում ձևավորում է քաղաքական գիտակցություն, ազգային պատասխանատվություն և գաղափարական պատրաստակամություն՝ ժողովրդին նախապատրաստելով իրականացնելու իր պաշտպանությունը և պահպանելու ազգային անվտանգությունը։

Այս գաղափարական հենքի վրա ձևավորվել է նաև դաշնակցական ըմբռնումը բանակի և զինվորական ծառայության մասին։ Զինվորը Դաշնակցության համար երբեք չի եղել պարզապես հրաման կատարող։ Նա գաղափարական մարտիկ է, որը կրում է զենք՝ ազգի անունից։ Այս մոտեցումը ուղիղ կերպով ժառանգում են Վարանդյանի զինվոր–քաղաքացի գաղափարը և Խաժակի՝ զինվորին որպես ազգի գիտակցված կամքի կրող ձեւակերպումը։ Զինվորն այստեղ չի կտրվում հասարակությունից, այլ հանդիսանում է նրա գիտակից ներկայացուցիչ։

Այս գաղափարական հասկացության արդիականությունն ու կենսունակությունը մեր օրերում դառնում են առավել ակնհայտ։ Արցախյան առաջին ազատամարտը, քառօրյա և 44-օրյա պատերազմները տարբեր փուլերում ցույց տվեցին, որ հայ ժողովրդի պաշտպանական կարողությունը անմիջականորեն կապված է նրա գաղափարական ամրության վիճակի հետ։ Այն ժամանակ, երբ ազգային կամքը համախմբված էր և պայքարի իմաստը գիտակցված, հնարավոր դարձավ դիմակայել և հաղթել թվային ու ռազմական գերազանցություն ունեցող հակառակորդին։ Իսկ երբ գաղափարական դաշտում տիրապետող դարձան անորոշությունը, պատասխանատվության բաշխման մթնոլորտի մթագնումը և պարտության հետ հաշտվելու հռետորաբանությունը, քաղաքական և ռազմական պարտությունը դարձավ անխուսափելի։

Արցախի կորուստը միայն տարածքային կամ ռազմական պարտություն չէ։ Այն գաղափարական ճգնաժամի արտահայտություն է, որը տարիների ընթացքում արմատավորվել էր մեր ազգային-քաղաքական մտածողության մեջ։ Երբ ազգային հիմնահարցերը սկսում են դիտարկվել որպես անցյալի հիշողություններ, այլ ոչ արդի քաղաքական պարտավորություններ, ազգը դադարում է հանդես գալ որպես կենսունակ միավոր և իր իրավունքները կրող գիտակցված ուժ։ Խաժակի այն սահմանումը, որ ազգը, որը մոռանում է իր չլուծված հարցերը, փաստորեն հրաժարվում է իր պատմական իրավունքից, մեր օրերում ստանում է ցավալի հաստատում։

Վարանդյանի տեսության լույսի ներքո Արցախի հարցի մոռացումը կամ դրա հետ հաշտվելը հավասարազոր է ազգային կամքի ինքնալուծարմանը։ Նա վաղուց է զգուշացրել, որ պաշտպանությունը սկսվում է ոչ թե պատերազմի օրը, այլ խաղաղության տարիներին: Ազգը, որը երկար ժամանակ չի պատրաստվում պաշտպանվելու, պատերազմի պահին արդեն պարտված է։ Այս միտքն այսօր պետք է ընկալել ոչ որպես պատմական մեջբերում, այլ որպես քաղաքական ախտորոշում։

Մեր օրերում Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը պահանջում է նորովի մեկնաբանում՝ մեր ժամանակների պահանջներին համապատասխան։ Այն չի կարող սահմանափակվել դասական ռազմական պատրաստությամբ։ «Համաժողովրդական բանակը» այսօր ենթադրում է հասարակության այնպիսի կազմակերպում, որի պայմաններում ազգային անվտանգության հարցը ներառված է կրթության, տեղեկատվական դաշտի, հասարակական կազմակերպման և քաղաքական մշակույթի մեջ։ Այստեղ զինված պայքարը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ, այլ որպես վերջին միջոց՝ ազգային իրավունքների պաշտպանության համար։

Դաշնակցության գաղափարախոսության մեջ խաղաղության արժեքը երբեք չի հակասել ազգային պայքարի հիմնարար սկզբունքների։ Խաղաղությունը Դաշնակցության համար միշտ եղել է ցանկալի, բայց ոչ ցանկացած գնով։ Խաղաղությունն արժեք է միայն այն դեպքում, երբ այն բխում է ազգի ինքնիշխան կամքից և ապահովված է պաշտպանվելու կարողությամբ։ Խաղաղությունը, որը հիմնված է քաղաքական տեղատվության և ինքնախաբեության վրա, վերածվում է ժամանակավոր դադարների՝ հաջորդ պարտության ճանապարհին։

Այսպիսով, ՀՅԴ ծրագրային մտածողության հենքի վրա, Վարանդյանի և Խաժակի գաղափարական ձևակերպումների համադրումը ձևավորում է ազգային գոյության քաղաքական ձևաչափ, որը մեր օրերում ունի ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն։ Այդ ձևաչափը պահանջում է վերադարձ քաղաքական պատասխանատվության, ազգային կամքի կազմակերպման և հասարակության ներսում պաշտպանական գիտակցության վերականգնման։

Դաշնակցության ծրագրային հենքի վրա, Վարանդյանի և Խաժակի գաղափարական ժառանգության ամբողջական ընթերցումը, մեզ կանգնեցնում է մի պարզ, սակայն հստակ քաղաքական ճշմարտության առջև. ազգը գոյություն ունի ոչ այնքան իր անցյալով, որքան իր ներկայի, և հատկապես ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ։ Ազգ լինելը վիճակ չէ, այլ մշտական ընտրություն։ Այդ ընտրությունը յուրաքանչյուր պատմական փուլում վերաձևակերպվում է, սակայն իր էությամբ մնում է նույնը՝ պատրաստակամություն պաշտպանելու սեփական իրավունքները և գոյությունը։

Միքայել Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը հենց այդ ընտրության կազմակերպված արտահայտությունն է, իսկ Գարեգին Խաժակի «Ազգի և ազգային գաղափարախոսության» ըմբռնումը այս տեսությանը տալիս է գաղափարական առանցք։

Այս երկու մոտեցումների համադրումը Դաշնակցության գաղափարական աշխարհընկալման մեջ վերածվել է քաղաքական ծրագրի և տեսության, որը հատկապես մեր օրերում, ստացել է գոյաբանական նշանակություն։ Արցախի կորուստը բացահայտեց այն ճշմարտությունը, որ ազգային անվտանգության հարցը հայ քաղաքական մտքի համար երկար ժամանակ դիտարկվել էր մասնատված, ապաքաղաքականացված և գաղափարական հիմքից զրկված ձևով։ Երբ պաշտպանությունը վերածվում է միայն պետական համակարգի գործառույթի, իսկ հասարակությունը դուրս է մնում այդ պատասխանատվությունից, պարտությունը դառնում է ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն։ Այս իրողությունը Վարանդյանը կանխատեսել էր դեռ իր ժամանակներում, երբ գրում էր, որ պաշտպանությունը չի սկսվում պատերազմի օրը, այլ՝ խաղաղության տարիներին։

Խաժակի տրամաբանությամբ, Արցախի հարցի մոռացությունը կամ դրա տեղափոխումը բացառապես զգացմունքային հարթություն, քաղաքական սնանկություն և պարտություն է նշանակում։ Այսօր, երբ փորձ է արվում պարտությունը ներկայացնել որպես նոր իրականության հետ հաշտվելու անհրաժեշտություն, Խաժակի այս միտքը դառնում է քաղաքական զգուշացում՝ ուղղված ոչ թե անցյալին, այլ ներկային և հատկապես՝ ապագային։

Վարանդյան–Խաժակ գաղափարական համակարգը մեզ չի խոստանում հեշտ լուծումներ։ Այն չի առաջարկում հույս կապել արտաքին ուժերի, պատահական հանգամանքների կամ ժամանակի հետ։ Այն պահանջում է վերադարձ պատասխանատվության։ Պատասխանատվություն՝ կրթելու քաղաքականապես գիտակից քաղաքացի, ձևավորելու ազգային նպատակների ըմբռնում, պահպանելու պատմական հիշողությունը և մշտապես պահպանելու ինքնապաշտպանության կարողությունը։ Այս գաղափարական համակարգը հասարակական կազմակերպման ձևի հենասյունն է։

Միքայել Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը և Գարեգին Խաժակի «Ազգի և ազգային գաղափարախոսության» ըմբռնումը հայ քաղաքական մտքի անցյալին չեն պատկանում։ Դրանք կենդանի քաղաքական ուղեցույց են, որոնք հստակ արձանագրում են, որ ազգը գոյություն ունի այնքանով, որքանով ունի կամք, գաղափար և այդ գաղափարը պաշտպանելու պատրաստակամություն։ Ազգ լինելը վիճակ չէ, այլ մշտական ընտրություն՝ յուրաքանչյուր պատմական փուլում վերաձևակերպվող, բայց իր էությամբ անփոփոխ։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգաց

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկ

04 Փետրվար 2026
Սփիւռքը պէտք է վերածուի ազգային նախաձե

Այս ամբողջ ընթացքը կասեցնելու առիթը յառաջիկայ Յունիսին Հայաստանի մէջ տեղի ունե

04 Փետրվար 2026
Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխակա

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախո

04 Փետրվար 2026
Սահմանադրութիւնը Կարելի Չէ Շրջանցել

Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութիւններու եւ Հայ եկեղեցւոյ միջեւ արուեստակ

04 Փետրվար 2026
Քաղաքացիական Իրաւանց Ոտնակոխումի Բողոք

Օզի հայատեաց այս յայտարարութիւններուն դէմ բողոքի ալիքը շարունակուեցաւ աճիլ եւ

03 Փետրվար 2026
Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրես

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդ

03 Փետրվար 2026
Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտո

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվական

03 Փետրվար 2026
Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայ

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են

03 Փետրվար 2026
Ակնարկ. Ուրուագիծեր Դէպի Նոր Շրջափուլ

Միացեալ Նահանգներ-Իրան լարուածութեան համապատկերին վրայ փոխսպառնալիքներն ու հռե

03 Փետրվար 2026
Կազմակերպված վրեժխնդրության առաջին կառ

Բացի նպատակից՝ «Հանձնախմբի» և «Նեմեսիսի» միջև կարելի է նշել ևս մեկ-երկու ընդհա

03 Փետրվար 2026
Համաժողովրդական բանակ եւ ազգային ինքնա

Այս մոտեցումը հատկապես կարևոր է փոքր ազգերի համար, որոնց գոյության պայքարը մշտ

03 Փետրվար 2026
Դաշնակցութի՛ւն ինչպէ՞ս բնութագրել քեզ

Լրատւութեան մը ընթացքին անցորդներուն ուղղուած հարցումը յամեցաւ մտքիս մէջ։ Մէ՞կ

03 Փետրվար 2026
1948 թվականի Ցեղասպանության հանցագործո

Իրավական սահմանման թերությունները. պաշտպանվող խմբերի սահմանափակությունը Կոն

03 Փետրվար 2026
«Արտոյի երկիրը» ֆիլմը Գեղարվեստական ազ

2026 թվականի հունվարի 7-ից Ֆրանսիայի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Թա

03 Փետրվար 2026
Ով մոռանա….

1970-ին թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունը հերքելուց անցան հերթ

03 Փետրվար 2026
Հայերի ազգային առաջին բողոքի ձայնը Կան

Տարաբնույթ աղբյուրների համաձայն, Կանադայում հայկական գաղութի ձևավորումը սկսվել

03 Փետրվար 2026
Կառավարվող լարվածություն՝ Իրան-ԱՄՆ հար

Միաժամանակ, իրանական վերլուծություններում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով

02 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Քարնիի ախտաճանաչումը յստակ է. մենք չենք գտնուիր պարզ անցումային շրջանի մը մէջ,

02 Փետրվար 2026
ԱՄՆ հիմնական նպատակը Իրանում իշխանափո

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սա

02 Փետրվար 2026
Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակու

Հայ դատը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այնպիսի բանաձեւեր

02 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company