ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան

03 Փետրվար 2026 Իրավական բացերը, հայեցակարգային անլիարժեքությունը և արդիականացման հրամայականը

1948 թվականի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ինչը շրջադարձային դարձավ միջազգային իրավունքի պատմության մեջ: Կոնվենցիայի ընդունմամբ պատմության մեջ առաջին անգամ սահմանվում էր, որ պետությունները պարտավոր են միջամտել և պատժել մի հանցագործություն, որը նախկինում դիտարկվում էր որպես ներքին ինքնիշխանությանը վերաբերող հարց:1 Ակնկալվում էր, որ կոնվենցիայի ընդունմամբ սկիզբ է դրվում պետությունների բացարձակ ինքնիշխանության սկզբունքի ավարտին՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների պարագայում:

Լինելով Սառը պատերազմի սկզբնական փուլում ձեռք բերված քաղաքական զիջումների ծնունդ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան իր յոթանասունամյա գոյության ընթացքում ենթարկվեց ժամանակակից աշխարհի բարդ հակամարտություններն ու բազմաթիվ ողբերգական իրադարձությունները քննելու և տեսանելի հետևանքներով իրավական գնահատական տալու փորձությանը, սակայն, ինչպես ցույց տվեցին փաստերը, չհաջողեց իրագործել այն առաքելությունը, որի հիմքով ի սկզբանե ստեղծվել էր: Կոնվենցիան, որը ստեղծվել է որպես արձագանք Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության սարսափներին, ժամանակի ընթացքում դարձել է մի տեսակ «իրավական հուշարձան», որի սահմանափակող ձևակերպումները և գործադիր մեխանիզմների բացակայությունը հաճախ խոչընդոտում են հենց այն նպատակին, որի համար այն ստեղծվել է՝ ոճրագործությունների կանխարգելմանը: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ ցեղասպանական գործողությունները հաճախ ընդունում են «դանդաղ հյուծման» կամ մշակութային ջնջման ձևեր, 1948 թվականի տեքստի տառացի և նեղ մեկնաբանությունը ստեղծում է անպատժելիության վտանգավոր միջավայր: Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողություններում ծավալվող հակամարտությունները, որոնք մեծամասամբ ընթանում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով և հանցագործություններով, վկայում են, որ 1948 թվականին ընդունված կոնվենցիան ունի մի շարք իրավական բացեր և հայեցակարգային թերություններ, ուստի դրա արդիականացումն ու ժամանակակից մարդահրավերներին համարժեք արձագանքելու գործիքակազմով օժտելը կենսական անհրաժեշտություն են:

Պատմական ակունքները և Ռաֆայել Լեմկինի հայեցակարգային տեսլականը

Ցեղասպանության կոնվենցիայի ստեղծման պատմությունը սերտորեն կապված է Ռաֆայել Լեմկինի կյանքի և գործունեության հետ: Լեմկինի հետաքրքրությունը այս հանցագործության նկատմամբ սկսվել է դեռևս 1921 թվականին, երբ նա, լինելով երիտասարդ բանասեր, իր պրոֆեսորին հարցրեց, թե ինչու Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չեն ձերբակալվում: Պրոֆեսորի պատասխանը, թե չկա համապատասխան օրենք, դրդեց Լեմկինին թողնել բանասիրությունը և նվիրվել միջազգային իրավունքին: Նրա համար ցեղասպանությունը ոչ միայն զանգվածային սպանություն էր, այլև տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որն ուղղված է ազգային խմբերի կյանքի հիմնական հիմքերի ոչնչացմանը՝ քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական մակարդակներում: Սակայն Կոնվենցիայի մշակման ընթացքում Լեմկինի նախնական լայն սահմանումը զգալիորեն նեղացվեց: Ինչպես նշում է անվանի իրավագետ Ուիլյամ Շաբասը, Կոնվենցիայի վերջնական տեքստը դարձավ պետությունների ինքնիշխանության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության միջև եղած քաղաքական առևտրի զոհ:

Լեմկինն իր՝ «Առանցքի տիրապետությունը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ առաջին անգամ ներմուծելով «ցեղասպանություն» տերմինը, նպատակ ուներ լրացնելու միջազգային իրավունքի բացը, որը թույլ էր տալիս պետություններին անպատիժ ոչնչացնել սեփական քաղաքացիներին: Չնայած Նյուրնբերգյան դատավարության ընթացքում եզրույթն օգտագործվեց մեղադրական եզրակացության մեջ, վերջնական դատավճիռը սահմանափակվեց «մարդկության դեմ ուղղված հանցագործություններով», ինչն էլ ավելի ընդգծեց առանձին կոնվենցիայի անհրաժեշտությունը, որը կգործեր նաև խաղաղ ժամանակ:

Իրավական սահմանման թերությունները. պաշտպանվող խմբերի սահմանափակությունը

Կոնվենցիայի II հոդվածը ցեղասպանությունը սահմանում է որպես գործողություն, որն իրականացվում է «ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի» ոչնչացման մտադրությամբ: Սա փաստաթղթի ամենաշատ քննադատության ենթարկվող կողմերից մեկն է, քանի որ այն դուրս է թողնում քաղաքական և սոցիալական խմբերը:

Քաղաքական խմբերի բացառումը

Փաստաթղթի մշակման ընթացքում քաղաքական խմբերի ներառումը լրջորեն դիտարկվում էր, սակայն Խորհրդային Միության և գաղութատեր մի շարք տերությունների ճնշման ներքո բացառվեց: Պատճառն այն էր, որ պետությունները վախենում էին, որ իրենց երկրներում տեղի ունեցող ներքին բռնաճնշումները կարող են դիտարկվել որպես ցեղասպանություն: Այս բացթողումը հանգեցրել է, այսպես կոչված, «պոլիտիցիդի» (politicide) անպատժելիությանը: Բազմաթիվ դեպքերում, երբ զանգվածային սպանություններն իրականացվում են քաղաքական հայացքների հիմքով, մեղադրյալները կարողանում են խուսափել ցեղասպանության որակումից՝ պնդելով, որ իրենց թիրախը եղել է քաղաքական ընդդիմությունը, այլ ոչ թե էթնիկ կամ կրոնական խումբը: Սա ստեղծում է անհարկի իրավական բարդություններ, երբ դատարանները ստիպված են լինում «մեկնաբանական կրկնակոշիկներ» հագցնել փաստերին՝ քաղաքական խմբերն էթնիկականի մեջ տեղավորելու համար, ինչպես դա եղավ Ռուանդայի թութսիների դեպքում, որոնք որոշ չափանիշներով դիտարկվում էին որպես սոցիալ-քաղաքական խավ:


Մշակութային արժեքների ոչնչացումը, ցեղասպանություն որակելու առաջարկի մերժումը և դրա հետևանքները

Լեմկինի սկզբնական հայեցակարգում ցեղասպանությունը բաժանված էր երեք տեսակի՝ ֆիզիկական, կենսաբանական և մշակութային: Մշակութային ցեղասպանությունը ենթադրում էր խմբի մշակութային արժեքների, լեզվի, հուշարձանների և հոգևոր ժառանգության համակարգված ոչնչացումը, ինչը խմբին զրկում է իր ինքնությունից: Սակայն ՄԱԿ-ի Վեցերորդ կոմիտեում տեղի ունեցած քվեարկությանն ի հետևանք մշակութային ցեղասպանությունը դուրս մնաց կոնվենցիայի վերջնական տեքստից, բացառությամբ երեխաների բռնի տեղափոխման դրույթի: Այս որոշման հիմնական շարժառիթը գաղութատիրական պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա) դիմադրությունն էր, որոնք մտահոգված էին, որ իրենց կողմից իրականացվող բնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականությունը կարող է որակվել որպես ցեղասպանություն: Հետևանքն այն եղավ, որ ժամանակակից միջազգային իրավունքը ցեղասպանությունը դիտարկում է հիմնականում որպես ֆիզիկական ոչնչացում, մինչդեռ մշակութային ջնջումը, որն ունենում է նույնքան կործանարար ազդեցություն խմբի գոյության համար, հաճախ մնում է անպատիժ կամ որակվում է որպես ավելի թեթև իրավախախտում:

Այսօր մշակութային արժեքների ոչնչացումը, որի նպատակը խմբի պատմական հիշողության ջնջումն է, միջազգային դատարանների կողմից հիմնականում որակվում է որպես «պատերազմական հանցագործություն», այլ ոչ թե ցեղասպանություն: Սա թույլ է տալիս հանցագործ պետություններին իրականացնելու «ցեղասպանություն՝ առանց արյունահեղության»՝ վերացնելով խմբի ինքնությունը մշակութային կապիտալի ոչնչացման միջոցով:

Հատուկ մտադրության (Dolus Specialis) ապացուցման պատնեշը

Կոնվենցիայի կիրառման ամենամեծ իրավական մարտահրավերը «մտադրության» (intent) տարրն է: Համաձայն II հոդվածի, գործողությունները պետք է կատարվեն խումբը «ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ»: Սա սահմանում է չափազանց բարձր ապացուցողական շեմ, որը միջազգային իրավունքում հայտնի է որպես dolus specialis: Մեղադրող կողմը պետք է ապացուցի ոչ միայն այն, որ մարդիկ սպանվել են, այլև այն, որ կատարողի կոնկրետ նպատակը եղել է խմբի ֆիզիկական վերացումը: Այս դրույթը հաճախ դառնում է անպատժելիության գործիք: Պետությունները կարող են իրականացնել էթնիկ զտումներ կամ զանգվածային տեղահանություններ՝ պնդելով, որ իրենց նպատակը ոչ թե ոչնչացումն է, այլ տարածքի վերահսկողությունը կամ «անվտանգության ապահովումը» : Առանց ուղղակի ապացույցների, ինչպիսիք են գրավոր հրամանները կամ պաշտոնական հայտարարությունները, շատ դժվար է ապացուցել ցեղասպանական մտադրությունը, ինչը թույլ է տալիս հանցագործներին խուսափելու պատասխանատվությունից՝ սահմանափակվելով պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների որակմամբ:

Հոդված II(c) և «Դանդաղ ցեղասպանության» իրավական անտեսումը Կոնվենցիայի II(c) ենթակետը նախատեսում է ցեղասպանության իրականացումը «խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմամբ, որոնք հաշվարկված են հանգեցնելու նրա լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Սա ներառում է սննդից, դեղորայքից, ջրից կամ կացարանից զրկումը, պաշարումները և շրջափակումները: Չնայած այս դրույթի առկայությանը, այն մնում է միջազգային պրակտիկայում թերօգտագործված:

Գիտնականները մատնանշում են, որ «դանդաղ հյուծման» (attrition) միջոցով իրականացվող ցեղասպանությունները հաճախ ժամանակին չեն արժանանում իրավական արձագանքի, քանի որ դրանք չունեն զանգվածային գնդակահարությունների անմիջականությունն ու տեսողական ազդեցությունը: Երբ պետությունը շրջափակման մեջ է պահում մի խմբի՝ առաջացնելով սով և հիվանդություններ, միջազգային հանրությունը հաճախ դա որակում է որպես «հումանիտար ճգնաժամ», այլ ոչ թե ցեղասպանական գործողություն, ինչը պետություններին ազատում է կոնվենցիայով նախատեսված կանխարգելման պարտավորությունից:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների դեպքում փաստում է Կոնվենցիայի ակնհայտ անլիարժեքության մասին: Բերձորի միջանցքի տասնամսյա շրջափակումը և դրան հաջորդած բռնի տեղահանումը շատ փորձագետներ որակեցին որպես ցեղասպանություն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում հստակեցնում է, որ 120.000 հայերին սովամահության մատնելը համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետին՝ «խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք հաշվարկված են նրա ֆիզիկական ոչնչացման համար»: Չնայած սրան, միջազգային քաղաքական դերակատարները նախընտրեցին օգտագործել «էթնիկ զտում» եզրույթը, որը չունի Կոնվենցիայով սահմանված պատժիչ և կանխարգելիչ ուժ:

Բացի այդ, Արցախում և Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության (Ջուղայի խաչքարեր, Ղազանչեցոց տաճար, Կանաչ Ժամ) համակարգված ոչնչացումը և «ալբանացումը» դիտարկվում են որպես մշակութային ցեղասպանության դասական դրսևորումներ, որոնք ներկայիս իրավական համակարգում մնում են անպատժելի:

Բաքվի հայերի ջարդերի (1990 թ.) անատոմիան և իրավական որակումը 1990 թ. հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցան տեղի հայ բնակչության ջարդերը, որոնք ցեղասպանական գործընթացի դասական օրինակ են, Կոնվենցիայի թերությունների պատճառով ստացան «էթնիկ հակամարտության» մակերեսային որակումը:

1990 թ. հունվարին Բաքվի հայության ջարդերը մեկուսի միջադեպ չէին։ Դրանք դարձան 1988-ին սկսված գործընթացի գագաթնակետը, որն ուղեկցվում էր Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչության պլանավորված ապամարդկայնացմամբ։ Էթնիկ բռնության առաջին զանգվածային դրսևորումը 1988 թ. փետրվարին Սումգայիթի ջարդերն էին։ Ի պատասխան Ղարաբաղի հայության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խաղաղ պահանջներին, Սումգայիթում սկսվեցին կազմակերպված հարձակումներ հայկական բնակարանների վրա։

1990 թվականին հայերի հանդեպ ատելությունը դարձել էր Ադրբեջանի պաշտոնական դիսկուրսի մասը։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի արմատական թևերն օգտագործում էին հռետորաբանություն, որն ուղղակիորեն կոչ էր անում հանրապետությունը «մաքրել թշնամական տարրից»։ Պետական լրատվամիջոցները և կրթական համակարգը սկսեցին տարածել ապամարդկայնացնող կարծրատիպեր՝ հայերին ներկայացնելով որպես «եկվորներ» և «դավաճաններ»։

Ըստ հետազոտությունների՝ ապամարդկայնացումը ցեղասպանության չորրորդ փուլն է, որի ժամանակ զոհերը զրկվում են մարդկային կարգավիճակից, ինչը հեշտացնում է զանգվածային սպանությունների իրականացումը։ Բաքվում այս փուլն անցել էր մինչև 1989 թ. վերջը, երբ հայերին զանգվածաբար ազատում էին աշխատանքից, զրկում բժշկական օգնությունից և ենթարկում ամենօրյա սպառնալիքների։

Բաքվի ջարդերի անատոմիան (13–19 հունվարի 1990 թ.) Բաքվի ջարդերը տարբերվում էին սումգայիթյան իրադարձություններից կազմակերպվածության ավելի բարձր մակարդակով և ներգրավված ուժերի մասշտաբով։ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների, ներառյալ Human Rights Watch-ի (նախկինում՝ Helsinki Watch) հավաքած վկայությունները մատնանշում են, որ հարձակումները տարերային չեն եղել։ Ջարդարարներն ունեցել են հայկական բնակարանների ցուցակները՝ ճշգրիտ հասցեներով, որոնք կարող էին ստացվել միայն պաշտոնական աղբյուրներից, օրինակ՝ անձնագրային բաժիններից կամ բնակշահագործման տեղամասերից (ЖЭК)։ Սա ուղղակիորեն վկայում է պետական կառույցների ներգրավվածության կամ առնվազն հանցակցության մասին բռնության ակտերի նախապատրաստման գործում։

Հունվարի 13-ից սկսած՝ մետաղյա ձողերով և բենզինի տարաներով զինված, երիտասարդների խմբերը շրջում էին հայկական տներով։ Բնակարանները նախապես նշվում էին, որից հետո դրանց վրա հարձակվում էր ամբոխը։ Մարդկանց նետում էին պատշգամբներից, ողջ-ողջ այրում բակերում, կանանց ենթարկում խմբակային բռնաբարությունների՝ հարազատների աչքի առաջ։

Իրավապահ մարմինների գործողությունները Ցեղասպանական մտադրության և 1948 թ. Կոնվենցիայի խախտման ամենահամոզիչ ապացույցներից մեկը ոստիկանության և ներքին զորքերի վարքագիծն է։
Ջարդերի յոթ օրերի ընթացքում միլիցիան չի միջամտել իրադարձություններին՝ անտեսելով օգնության կանչերը։ Ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները ջարդարարներին ցույց են տվել թաքնված հայերի ճանապարհը կամ մասնակցել թալանված գույքի բաժանմանը։ Ցեղասպանության կոնվենցիայի IV հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ պատժի են ենթակա ոչ միայն շարքային կատարողները, այլև պաշտոնատար անձինք։ Էթնիկ խմբի զանգվածային ոչնչացման պայմաններում Բաքվի միլիցիայի անգործությունը ցեղասպանության կանխարգելման պարտավորությունների խախտում է, սակայն Կոնվենցիան չի պարունակում պետություններին իրենց իսկ ֆունկցիոներների գործողությունները հետաքննել ստիպելու արդյունավետ մեխանիզմ։

Իրադարձությունների որակումը Կոնվենցիայի II հոդվածի շրջանակներում

Հասկանալու համար, թե ինչու Բաքվի ջարդերը պետք է դիտարկվեն որպես ցեղասպանություն, անհրաժեշտ է վերլուծել ջարդարարների և իշխանությունների գործողությունների համապատասխանությունը Կոնվենցիայի II հոդվածի կոնկրետ կետերին։

Խմբի անդամների սպանությունը Human Rights Watch-ի գնահատականներով՝ ջարդերի ընթացքում սպանվել է առնվազն 48 մարդ, սակայն ոչ պաշտոնական տվյալները, ներառյալ Թոմաս դե Վաալի և «Մեմորիալ» ընկերության զեկույցները, մատնանշում են մոտ 90 և ավելի զոհերի թիվ։ Կարևոր է հասկանալ, որ ցեղասպանության համատեքստում նշանակալի է ոչ միայն զոհերի բացարձակ թիվը, այլև սպանությունների հետևում եղած մտադրությունը։ Բաքվում սպանություններն իրականացվում էին քաղաքում հայերի ներկայությունը ֆիզիկապես վերացնելու նպատակով (ընդգծումը հեղինակինն է):

Լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել կամ մտավոր խեղման ենթարկելը Բաքվի հազարավոր հայեր դարձան ծեծի, խոշտանգումների և հոգեբանական տեռորի զոհ։ Բռնաբարությունները, որոնք զանգվածային բնույթ էին կրում, միջազգային պրակտիկայում ճանաչվել են որպես ցեղասպանության ակտ, եթե դրանք կատարվում են խմբի սոցիալական հյուսվածքը և վերարտադրվելու ունակությունը քայքայելու նպատակով։ Ողջ մնացածներին պատճառված հոգեբանական տրավման հանգեցրեց համայնքի՝ որպես ամբողջական սոցիալական օրգանիզմի լիակատար քայքայմանը։
Կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք հաշվարկված են խմբի ֆիզիկական ոչնչացման համար

Այս կետն ամենաճշգրիտն է նկարագրում 1989-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում տիրող իրավիճակը։ Դեռևս մինչև բացահայտ սպանությունների սկիզբը, հայ բնակչությունը դրվել էր «սոցիալական մահվան» պայմաններում։

Տնտեսական մեկուսացում. Էթնիկ հատկանիշով զանգվածային աշխատանքից ազատումները մարդկանց զրկեցին ապրուստի միջոցներից։

Բռնի վտարում. «Գնա կամ մեռիր» ուլտիմատումները, որոնք ուղեկցվում էին ֆիզիկական բռնությամբ, ստիպեցին 200-250 հազար մարդու լքել իրենց տները՝ կորցնելով ողջ գույքը։

Ինչու՞ ջարդերը չորակվեցին որպես ցեղասպանություն

Չնայած փաստերի ակնհայտությանը, միջազգային հանրությունը և իրավական ինստիտուտները ձեռնպահ մնացին Բաքվի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց։ Սա տեղի ունեցավ Կոնվենցիայի իրավական բացերի և այն ժամանակվա աշխարհաքաղաքական իրավիճակի համակցության պատճառով։

ԽՍՀՄ քաղաքական մանևրումը

Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ խորհրդային ղեկավարությունը ձգտում էր պահպանել «վերակառուցման» իմիջը և խուսափել իր տարածքում էթնիկ զտումների փաստի ճանաչումից։ Ջարդերը ցեղասպանություն որակելը կպահանջեր ընդունել, որ խորհրդային համակարգը ոչ միայն չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին, այլև եղել է հանցագործության հանցակիցը։ Դրա փոխարեն օգտագործվում էին «միջէթնիկական թշնամանք» և «զանգվածային անկարգություններ» տերմինները, ինչը խնդիրը միջազգային քրեական իրավունքի դաշտից տեղափոխում էր ներքին անվտանգության դաշտ։

VI հոդվածի թերությունները. Իրավասության բացակայությունը

1948 թ. Կոնվենցիայի VI հոդվածը նախատեսում է, որ ցեղասպանության մեջ մեղադրվող անձինք պետք է դատվեն այն պետության իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է արարքը, կամ միջազգային տրիբունալի կողմից։ 1990 թվականին միջազգային տրիբունալ դեռևս գոյություն չուներ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ի և ԽՍՀՄ-ի դատական համակարգը քաղաքականացված էր և շահագրգռված չէր օբյեկտիվ հետաքննությամբ։ Սա Կոնվենցիայի դասական խնդիրն է. այն պատժելու պարտականությունը դնում է հենց այն պետությունների վրա, որոնք հաճախ իրենք են ցեղասպանության կազմակերպիչները կամ հովանավորները։

Ինստիտուցիոնալ անկատարություն. Կանխարգելման և վերահսկողության բացակայությունը

Ի տարբերություն մարդու իրավունքների այլ կոնվենցիաների, 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիան չունի մշտական մոնիտորինգային մարմին կամ տեսչական հանձնաժողով: Կոնվենցիայի VIII հոդվածը պետություններին թույլ է տալիս դիմելու ՄԱԿ-ի իրավասու մարմիններին, սակայն սա կրում է հայեցողական բնույթ և հաճախ կախված է Անվտանգության խորհրդի քաղաքական կամքից, որտեղ վետոյի իրավունքը կարող է կաթվածահար անել ցանկացած կանխարգելիչ գործողություն:

Բացի այդ, կոնվենցիայի տեքստում բացակայում է ունիվերսալ իրավազորության սկզբունքը: VI հոդվածը սահմանում է, որ ցեղասպանության համար պատասխանատու անձինք պետք է դատվեն այն պետության տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունը, կամ միջազգային քրեական դատարանի կողմից: Սա նշանակում է, որ եթե ցեղասպանությունն իրականացվում է պետական մակարդակով, ապա տվյալ պետության դատարանները երբեք չեն դատի իրենց իսկ առաջնորդներին, իսկ միջազգային տրիբունալների ստեղծումը տասնամյակներ է տևում:

Հայաստանի դերը ցեղասպանության կանխարգելման միջազգային օրակարգում Հայաստանը, լինելով ցեղասպանություն վերապրած ազգի պետություն, պետք է լինի միջազգային առաջամարտիկներից մեկը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Հայաստանի համար 1948 թվականի կոնվենցիայի թերությունները տեսական չեն: Թուրքիայի շարունակական ժխտողականությունը և Ադրբեջանի ղեկավարության կողմից օգտագործվող «ատելության խոսքը», ինչպիսիք են հայերին «շների պես վտարելու» կամ «թրի մնացուկներ»ի մասին հայտարարությունները, ուղղակի ցուցիչներ են ցեղասպանական մտադրության պահպանման մասին: Կոնվենցիան, սակայն, չունի բավարար լծակներ պատժելու նման հռետորաբանությունը նախքան այն կվերածվի ֆիզիկական գործողության, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է բարեփոխումների անհրաժեշտությունը:

Բարեփոխումների առաջարկներ. դեպի 21-րդ դարի Կոնվենցիա Հաշվի առնելով վերը նշված բոլոր թերությունները, անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր՝ Ցեղասպանության կոնվենցիան ավելի արդյունավետ և ժամանակակից դարձնելու ուղղությամբ:

Սահմանումների ընդլայնում. պաշտպանվող խմբերի ցանկում պետք է ներառվեն քաղաքական և սոցիալական խմբերը: Բացի այդ, «մշակութային ցեղասպանությունը» պետք է ճանաչվի որպես ինքնուրույն հանցագործություն կամ ցեղասպանության բաղկացուցիչ մաս, քանի որ խմբի ինքնության ջնջումը ևս խմբի ոչնչացում է:

Ապացուցողական շեմի վերանայում. Dolus specialis-ի խիստ պահանջը պետք է լրացվի «գիտակցված ռիսկի» կամ «նպատակային հետևողականության» սկզբունքով: Եթե պետության գործողությունները օբյեկտիվորեն տանում են խմբի ոչնչացմանը, ապա մտադրությունը պետք է համարվի ապացուցված՝ անկախ պաշտոնական հռետորաբանությունից:

Ինստիտուցիոնալ վերահսկողություն. ՄԱԿ-ի շրջանակներում պետք է ստեղծվի մշտական մարմին, որը կզբաղվի բացառապես ցեղասպանության վաղ ահազանգմամբ և պետությունների կողմից իրենց պարտավորությունների կատարման վերահսկմամբ:

Ունիվերսալ իրավազորության ամրագրում. Կոնվենցիան պետք է հստակ նախատեսի, որ ցեղասպանությունը ենթակա է ունիվերսալ իրավազորության, ինչը թույլ կտա ցանկացած երկրի դատել հանցագործներին՝ անկախ նրանց քաղաքացիությունից կամ հանցանքի վայրից:

Եզրակացություն

1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիան, լինելով մարդկության պատմության կարևորագույն իրավական ձեռքբերումներից մեկը, այսօր գտնվում է լուրջ մարտահրավերների առջև: Դրա ստեղծման հիմքում ընկած քաղաքական փոխզիջումները՝ քաղաքական խմբերի և մշակութային տարրի բացառումը, այսօր դարձել են սողանցքեր, որոնց միջով հանցագործները կարողանում են խուսափել արդարադատությունից: Հայաստանի փորձը և Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ «դանդաղ» և «մշակութային» ցեղասպանություններն իրական սպառնալիքներ են, որոնց դեմ ներկայիս կոնվենցիան չունի արդյունավետ գործիքակազմ: Միջազգային հանրությունը պարտավոր է վերանայել և արդիականացնել այս իրավական փաստաթուղթը, որպեսզի Ռաֆայել Լեմկինի տեսլականը՝ աշխարհ առանց ցեղասպանությունների, դառնա իրականություն, այլ ոչ թե մնա թղթի վրա գրված բարի ցանկություն:

Մարի Հովհաննիսյան

«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգաց

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկ

04 Փետրվար 2026
Սփիւռքը պէտք է վերածուի ազգային նախաձե

Այս ամբողջ ընթացքը կասեցնելու առիթը յառաջիկայ Յունիսին Հայաստանի մէջ տեղի ունե

04 Փետրվար 2026
Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխակա

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախո

04 Փետրվար 2026
Սահմանադրութիւնը Կարելի Չէ Շրջանցել

Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութիւններու եւ Հայ եկեղեցւոյ միջեւ արուեստակ

04 Փետրվար 2026
Քաղաքացիական Իրաւանց Ոտնակոխումի Բողոք

Օզի հայատեաց այս յայտարարութիւններուն դէմ բողոքի ալիքը շարունակուեցաւ աճիլ եւ

03 Փետրվար 2026
Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրես

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդ

03 Փետրվար 2026
Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտո

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվական

03 Փետրվար 2026
Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայ

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են

03 Փետրվար 2026
Ակնարկ. Ուրուագիծեր Դէպի Նոր Շրջափուլ

Միացեալ Նահանգներ-Իրան լարուածութեան համապատկերին վրայ փոխսպառնալիքներն ու հռե

03 Փետրվար 2026
Կազմակերպված վրեժխնդրության առաջին կառ

Բացի նպատակից՝ «Հանձնախմբի» և «Նեմեսիսի» միջև կարելի է նշել ևս մեկ-երկու ընդհա

03 Փետրվար 2026
Համաժողովրդական բանակ եւ ազգային ինքնա

Այս մոտեցումը հատկապես կարևոր է փոքր ազգերի համար, որոնց գոյության պայքարը մշտ

03 Փետրվար 2026
Դաշնակցութի՛ւն ինչպէ՞ս բնութագրել քեզ

Լրատւութեան մը ընթացքին անցորդներուն ուղղուած հարցումը յամեցաւ մտքիս մէջ։ Մէ՞կ

03 Փետրվար 2026
1948 թվականի Ցեղասպանության հանցագործո

Իրավական սահմանման թերությունները. պաշտպանվող խմբերի սահմանափակությունը Կոն

03 Փետրվար 2026
«Արտոյի երկիրը» ֆիլմը Գեղարվեստական ազ

2026 թվականի հունվարի 7-ից Ֆրանսիայի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Թա

03 Փետրվար 2026
Ով մոռանա….

1970-ին թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունը հերքելուց անցան հերթ

03 Փետրվար 2026
Հայերի ազգային առաջին բողոքի ձայնը Կան

Տարաբնույթ աղբյուրների համաձայն, Կանադայում հայկական գաղութի ձևավորումը սկսվել

03 Փետրվար 2026
Կառավարվող լարվածություն՝ Իրան-ԱՄՆ հար

Միաժամանակ, իրանական վերլուծություններում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով

02 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Քարնիի ախտաճանաչումը յստակ է. մենք չենք գտնուիր պարզ անցումային շրջանի մը մէջ,

02 Փետրվար 2026
ԱՄՆ հիմնական նպատակը Իրանում իշխանափո

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սա

02 Փետրվար 2026
Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակու

Հայ դատը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այնպիսի բանաձեւեր

02 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company