Կազմակերպված վրեժխնդրության առաջին կառույցը ցեղասպանության տարիներին
03 Փետրվար 2026 Մուտք1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի - 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարված ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովն ընդունեց մի գաղտնի որոշում, որը կոչվեց «Հատուկ գործ», իսկ ժողովրդի մեջ հետագայում հայտնի դարձավ վրեժխնդրության հունական «Նեմեսիս» աստծո անունով: Կյանքի կոչվեց Հատուկ կամ Պատասխանատու մարմին՝ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալու (Հակոբ Տեր-Հակոբյան) ղեկավարությամբ: Մարմնի կազմում ընդգրկվեցին նաև Դաշնակցության երիտասարդ, բայց արդեն մարտական լուրջ փորձառություն ունեցող Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, որոնց անունները պետք է կարճ ժամանակ անց հայտնի դառնային համայն հայությանը:
Ընդհանուր ժողովից հետո մշակվում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցանկը կազմելու և նրանց ահաբեկելու հանգամանալից ծրագիրը, որի գործադրման ազդանշանը եղավ Թալեաթի գլխին Ս. Թեհլիրյանի արձակած դիպուկ գնդակը Բեռլինում 1921 թ. մարտի 15-ին:
Այս հոդվածում չենք անդրադառնա «Նեմեսիսի» գործունեությանը: Ուղղակի միայն նշենք, որ իր կազմակերպվածությամբ, գաղտնիությամբ, կատարման անվրեպությամբ և գաղափարական ուղղվածությամբ ահաբեկումների պատմության մեջ այն բացառիկ է: Բացառիկ է նաև իր նկատմամբ ժողովրդի անխարդախ սիրով ու լայն ճանաչումով:
«Նեմեսիսի» անդամներից բացի, բազմաթիվ հայորդիներ են վրեժ լուծել հայերի տեղահանության և կոտորածների պատասխանատուներից ու իրականացնողներից։ Այդ գործողությունները կրել են տարերային բնույթ, եղել են անձնական նախաձեռնության արդյունք կամ հանգամանքների հետևանք։ Նրանցից մեկն էլ Կարմիր բանակի հրամանատար, ծնունդով արցախցի Հակոբ Մելքումյանի (Մելքումով) արարքն էր, ով բոլորովին պատահաբար, իմանալով, որ Միջին Ասիայում իր զորաջոկատի դեմ կռվող ուժերի հրամանատարը Էնվեր փաշան է, զանց առնելով Մոսկվայից ստացած հրամանը՝ նրան չսպանել, այլ միայն գերել, գործադրեց բոլոր ջանքերը, ջախջախեց Էնվերի զորաջոկատը և սպանեց հայոց մեծագույն դահիճներից մեկին:
Վրեժխնդրության առաջին կազմակերպված կառույցը
Ինչպես նշվեց, գաղափարական ուղղվածությամբ, կազմակերպվածությամբ և գործունեության աշխարհագրական ընդգրկումներով «Նեմեսիս» գործողությունը հիրավի բացառիկ երևույթ էր: Սակայն պետք է նշել, որ իր բնույթով և նպատակադրությամբ հայ իրականության մեջ «Նեմեսիսին» նախորդել է մի կազմակերպություն, որի բուն նպատակը եղել է նույնը՝ վերժ լուծել հայերի տեղահանության ու կոտորածների պատասխանատուներից և իրականացնողներից: Կազմակերպությունը գործել է միայն Տրապիզոնի նահանգում՝ համշենահայերի միջավայրում, իսկ նրա թիրախները եղել են նահանգի մասշտաբով թուրք պետական, քաղաքական և ռազմական գործիչները: Այս կառույցի անունը մեզ հայտնի չէ։ Սակայն վերջին կարևոր ժողովում ուր սահմանվում են մի շարք պայմաններ և գործելաոճի կանոններ, այդ աշխատանքները համակարգելու համար ստեղծվում է մարմին, ուստի այն պայմանականորեն կկոչենք «Հանձնախումբ»:
Բացի նպատակից՝ «Հանձնախմբի» և «Նեմեսիսի» միջև կարելի է նշել ևս մեկ-երկու ընդհանրություն. երկուսն էլ գործում էին խիստ գաղտնիության պայմաններում, երկուսն էլ ունեին թիրախների ստուգված և ճշտված ցանկեր: Մյուս նմանությունն այն է, որ երկուսին էլ կյանքի էին կոչել Դաշնակցական մարմիններն ու գործիչները, սակայն, եթե «Հանձնախմբի» դեպքում հասկանալի պատճառներով խոսքը մեծ չափով կազմի հիմնական մասը կորցրած կուսակցական կառույցների և ղեկավար մարմինների առանձին գործիչների մասին է, ապա «Նեմեսիսի» հիմնադիրը եղել է ՀՅԴ բարձրագույն՝ Ընդհանուր ժողովը, իսկ ղեկավարները եղել են կուսակցության փորձառու և ազդեցիկ դեմքեր:
«Հանձնախմբի» հիմնադիրն ու ղեկավարը եղել է նշանավոր վրիժառու, Հայաստանի Հանրապետության կայացման համար բազմաթիվ կռիվների ու ճակատամարտների մասնակից, հետագայում «Նեմեսիսի» հատուկ մարմնի անդամ և Ադրբեջանի ներքին գործոց նախարար, Բաքվի հազարավոր հայերի դահիճ Բեհբութ խան Ջիվանշիրին Պոլսում դիմահար կրակով սպանած Միսաք Թոռլաքյանը: Նրա հերոսական և արկածներով հարուստ կյանքին կարելի է ծանոթանալ «Օրերուս հետ» հուշագրության, Հ. Հովակիմյանի «Պատմություն հայկական Պոնտոսի» աշխատություններից: Սփյուռքի, իսկ ՀՀ անկախացումից հետո՝ նաև հայաստանյան մամուլում, ամսագրերում և զանազան ժողովածուներում նրա մասին հրատարակվել են հոդվածներ , հուշեր և այլն: Նրա անունը փորագրված է 2023 թ. ապրիլի 25-ին Երևանի Օղակաձև զբոսայգում բացված աղբյուր-հուշակոթողին չորրորդ հատվածում:
Եվ քանի որ «Դրօշակի» հղված համարներում հանգամանալից կերպով ներկայացրել ենք համշենահայության ինքնապաշտպանական կռիվները և Մ. Թոռլաքյանի դերն ու գործունեությունը դրանցում, այս հոդվածում կանդրադառնանք միայն «Հանձնախմբի» վրեժխնդրական գործունեությանը:
Տարերային շրջանից անցում դեպի համակարգված գործունեություն
Մ. Թոռլաքյանի խումբը 1915 թ. մայիսին՝ ինքնապաշտպանական աշխատանքների եռուն շրջանում, ՀՅԴ Արևմտյան բյուրոյի հանձնարարությամբ անցել էր Ռուսաստան: Հանձնարարությունը կատարելուց և Դաշնակցության վերադաս մարմինների հետ հանդիպումներից հետո Աբխազիայում բնակվող համշենցի ընկերներով համալրված՝ դեկտեմբերին խումբը ժամանում է Բաթում, ուր ռուսական զորքերի հրամանատար զորավար Լյախովին են ներկայանում իրենց փաստաթղթերով: Լյախովը նրանց ընդունում է, տալիս թուրք զինվորի նոր հանդերձանք, զենք, հեռադիտակներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Այդ պահից սկսած՝ նրանք ռուսական բանակի հետախույզներ էին, ինչը Տրապիզոնում գործելու համար լայն հեռանկարներ էր բացում:
Երբ խումբը տեղ է հասնում և թռուցիկ կերպով ծանոթանում շրջանի կացությանը, առաջին տպավորությունն այն է լինում, որ տեղահանության և կոտորածների պատճառով ոչ մի հայ չի մնացել նահանգում. «Միսաքին խումբին մեծ մասը կը յուսալքուի տեսնելով ամայացած գիւղերը եւ անոնց թուրք մուհաճիրներով լեցուիլը, ասով ալ կ’եզրակացնեն թէ ծրագրուած ինքնապաշտպանութիւնը ձախողած է եւ Հայուն հետքն իսկ չէ մնացած»։ Հիասթափությանը գումարվում են ցուրտն ու քաղցը, և շատերը որոշում են վերադառնալ Բաթում, «Բայց Միսաքին վճռականութեան շնորհիւ» իրավիճակը շուտով փոխվում է: Նա ծանոթ թուրքերի միջոցով տեղեկանում է, որ բազմաթիվ զինված հայեր, նրանց հետ՝ նաև կանայք, երեխաներ և ծերեր, բարձրացել են լեռները կամ քաշվել անտառները:
Ծառայության բերումով կարճ ժամանակով Բաթում վերադառնալուց առաջ Մ. Թոռլաքյանը կապեր է հաստատում հայ խմբապետների հետ, որոնք արդեն թուրքերի դեմ մի քանի հաղթական կռիվներ էին մղել: Ընկերներին տեղեկացնում է իր խմբի ծրագրերի և մտադրությունների մասին. «Խորհուրդ տուինք, որ բոլորս ալ իրարու հետ կապ պահենք մեր նամակին մէջ գրուած հասցէով, որպէսզի մեր երկրորդ գալուն կարենանք զիրար անմիջապէս գտնել և եթէ կարելի ըլլայ, բոլորը տեղափոխել Ռուսաստան»։
Բաթումից վերադառնալուց հետո Մ. Թոռլաքյանը հանդիպումներ է ունենում լեռներում ու անտառներում ապաստանած հայ զինյալ խմբերի հետ, նրանց աջակցում իր տեղեկություններով և խորհուրդներով: Վստահելի թուրքերի օգնությամբ կազմակերպում է հայերի անվտանգ տեղափոխությունը Ռուսաստան. «Առաջին հերթին որոշեցինք Սիւրմենէէն փրկել այն միամիտ հայ տղաքը, որոնք հաւատալով թուրքերուն, յանձնուել էին անոնց»։ Այս գործում նրանց մեծ օգնություն են ցույց տալիս ազգությամբ թուրք Շևքեթ բեյը և նրա որդին՝ Հյուսեին բեյը:
Տրապիզոնը ռուսական տիրապետության տակ
1916 թ. մարտին Մ. Թոռլաքյանը ժամանակավորապես կասեցնում է խմբի գործունեությունը և Հայկազուն Խանդանյանի ու Երվանդ Կամսզյանի հետ անցնում է Բաթում, այնտեղից՝ Թիֆլիս, ուր հանդիպում է Ռոստոմին: Ռոստոմը նրան տանում է ՀՅԴ Բյուրոյի գրասենյակ. «Հոն ծանօթացուց ղեկավար ընկերներէն Կորիւն Ղազազեանի եւ Տիգրան Աւետիսեանի հետ եւ անոնց յանձնարարեց, որ մօտս եղած կարեւոր նիւթերը գրի առնեն: Սակայն այս գործը գլուխ չելաւ, որովհետև Գանձակի համար տոմսեր գնած էինք եւ կը շտապէինք»:
Ապրիլի կեսերին ռուսական զորքերը գրավում են Տրապիզոնը: Միսաքն ընկերների հետ վերադառնում է և աշխատանքի անցնում ռուսական բանակի հակահետախուզական բաժնում: Իր հուշերում նա գրում է. «Այդ պաշտօնը վերցուցի վրաս ոչ թէ աշխարհակալ ռուսերուն ծառայելու նպատակով, այլ որովհետև ատով դիւրութիւն կը գտնէի թրքական գիւղերը մտնելու, խուզարկութիւններ կատարելու և անոնց թաքցուցած հայ բեկորները հաւաքելու, ինչպէս նաև թուրք այդ ոճրագործներէն վրէժ լուծելու: Եւ մեկնեցայ գիւղերը»։
Ռուսական զորքի հետ Տրապիզոն էր վերադարձել Բաթումում համշենահայերից ստեղծված Հայկական կոմիտեն, որի հետ Թոռլաքյանի խումբը մասնակցում է հայ որբերին հայտնաբերելու, հավաքելու և հարազատներին վերադարձնելու կամ Բաթումի որբանոցում տեղավորելու աշխատանքներին:
Կոտորածներից փրկված հայ խլյակների նկատմամբ ռուսական հրամանատարության բարյացակամ վերաբերմունքը, սակայն, խիստ յուրահատուկ էր. նրանք ջանքեր գործադրում էին հայերի բեկորները հավաքելու գործում, սակայն նպատակը մեկն էր՝ նրանց ուղարկել ռուսական քաղաքներ Բաթում, Սուխում, Սոչի և այլն: Իսկ զենքի ընդունակ փոքրաթիվ հայերից ակնկալում էին ընդամենը աջակցություն՝ իրենց ծրագրերի իրականացման համար: Հայ ազգային-քաղաքական գործիչները շատ շուտ հասկացան ռուսների մտադրությունները: Մ. Թոռլաքյանը, նշելով, որ «քրիստոնեա ռուսերը» չարդարացրին հայերի հույսերը, գրում է. «Անոնք գրաւելով Արևմտեան Հայաստանի մեծ մասը եւ հաստատ գիտենալով թէ թուրքերը ինչպիսի անլուր ոճրագործութիւններ կատարած էին հայերուն հանդէպ, նոյնիսկ այդ թուրքերուն համակրանքը շահելու համար, սկսան աւելի լաւ վերաբերմունք ցոյց տալ տալ անոնց հանդէպ, քան այս վերջիններու եաթաղանէն հրաշքով ազատած հայ բեկորներուն հանդէպ: Կարծես ռուսերուն թշնամին հայերն էին եղած եւ ոչ թէ թուրքերը, որոնցմէ եթէ մէկը սպանուէր՝ խստորէն կը պատժէին հայերը: Այդ օրերուն ինծի համար պարզ եղաւ ռուսերուն դիմագիծը եւ հասկցայ, թէ անոնք նպատակ ունէին Հայաստանին տիրելու առանց հայութէան»։
Ահա այսպիսի պայմաններում պետք է Մ. Թոռլաքյանը ընկերների հետ իրականացներ թուրք ոճրագործներին պատժելու իր ծրագիրը:
Տարերային վրեժխնդրության շրջան
Վրեժխնդրության ծրագիրը արդյունավորելու համար Մ. Թոռլաքյանը նախ՝ վերականգնում է խումբը, որի հենքի վրա կարճ ժամանակ անց ստեղծվելու էր «Հանձնախումբը», ապա ընկերների հետ խորհրդակցաբար կազմում հայտնի թուրք ոճրագործների մոտավոր մի ցանկ, որն ընթացքում լրացվում և խմբագրվում է: Ցանկում ընդգրկում են՝
ա. այն թուրքերի անունները, որոնք, ըստ հասարակության մեջ տարածված կարծիքի, հայերի նկատմամբ վատ չէին տրամադրված, թեև կարող էր իրականում հակառակը լինել,
բ. այն թուրքերի անունները, որոնց մասին հասարակության մեջ վատ լուրեր էին տարածված:
Առաջին խմբի թուրքերին խնայելն ուներ երկու նպատակ. նախ՝ ժողովրդի մեջ ամրապնդվում էր այն համոզմունքը, որ հայերն անմեղներին չեն պատժում, երկրորդ՝ սրանց հետ Մ. Թոռլաքյանը կապեր է հաստատում և օգտագործում իր ծրագրերի իրականացման համար:
Երկրորդ խմբի թուրքերին պատժում էին առանց վարանելու. «Այսպիսիները շատ անգամ իրենց՝ թուրքերու միջոցով մաքրագործել կու տայինք»։
Գործողություններն իրականացվում են երկու ուղղությամբ, ինչը պայմանավորված էր մի քանի հանգամանքով: Առաջին դեպքում իրենց ձեռքն ընկած թուրքին ոչնչացնում էին ռուսներից գաղտնի, եթե կար դրա հնարավորությունը, իսկ եթե դա անհնար էր, փորձում էին այդ թուրքին ռուսական հրամանատարությանը ներկայացնել որպես ապստամբ: Սակայն ռուսները, հասկանալի պատճառներով, հայերին շատ չէին վստահում, և այդպիսի իրավիճակներում իրենք էլ էին թուրք վկաների դիմում՝ հստակ պատկերացում կազմելու համար: Նման դեպքերում Մ. Թոռլաքյանը գտնում էր տվյալ թուրքի դեմ ցուցմունք տվող մեկ այլ թուրքի։
Հայ վրիժառուները դիմում էին նաև այլ միջոցների. ձևանում էին ռուս զինվորներ, ձերբակալում որոնվող թուրքերին և գիշերները նրանց ոչնչացնում: Հնարավորության դեպքում դիմում էին ռուսական բանակում ծառայող հայ զինվորների օգնությանը: Մ. Թոռլաքյանը պատմում է նման մի դեպքի մասին: Մի օր երկու հայ վրիժառուներ՝ Հակոբը և Հովհաննեսը, Թոռլաքյանին են ներկայացնում երկու ղարաբաղցի հայ զինվորի, ստանում են պատժի ենթակա թուրքերի մի ցանկ, միասին ձերբակալում են թուրք ոճրագործներին և գիշերը բոլորին ոչնչացնում։
Հայերի նկատմամբ բռնություններով և ոճիրներով հայտնի թուրքերի մի ցանկ էլ Մ. Թոռլաքյանը հանձնում է Տրապիզոնի գաղտնի ոստիկանությանը՝ նրանց ներկայացնելով որպես ռուսական իշխանությունների դեմ գաղտնի կերպով ապստամբություն նախապատրաստողների: Հայերի նկատմամբ դրականորեն տրամադրված թուրք Միքդադ Հասանբաշօղլուն հաստատում է Թոռլաքյանի խոսքերը: Գաղտնի ոստիկանությունը գոհ է մնում Թոռլաքյանի զեկույցից և նրա իրավասությունների շրջանակն ընդլայնում է՝ նրա տրամադրության տակ դնելով բավականաչափ դրամական միջոցներ։
Այս իրադարձություններից հետո Թոռլաքյանը ինը հոգիանոց խմբով շարժվում է դեպի Գյումուշխանեի յայլաները, որտեղ որոշել էր պատժել կոտորածների հիմնական կազմակերպիչներին և բուն մասնակիցներին: Շարժվում են իրենց ազգակիցների ոսկորներով լեցուն ճանապարհներով և անցնում գործի. «Երեկոյեան արդէն հաւաքած էինք քառասունեօթը հոգի: Բոլորն ալ իրարու կապած դուրս բերինք ու ձորի մը մէջ անոնց հաշիւները մաքրեցինք, ճիշդ այնպէս՝ ինչպէս իրենք ըրած էին հայերուն:
Նոյն գիշերը վերադարձանք Սուլայի սարը: Յաջորդ օրը հոն ալ տասնըեօթը հոգի բռնեցինք եւ նոյն ձևով անոնց հաշիվը մաքրեցինք»։
Վերադառնալով քաղաք՝ գաղտնի ոստիկանությանն է հանձնում աչքի ընկնող թուրքերի մի մեծ ցանկ, որոնց մեղադրում է թուրքական բանակի հետ գաղտնի կապերի և նրանցից զենք ստանալու մեջ: Թոռլաքյանի խոսքերը հաստատում են նաև հակահետախուզությունում աշխատող այլ հայեր և հույներ, որոնց հետ նախապես պայմանավորվել էր:
Անկազմակերպ վիճակի հաղթահարումից դեպի կազմակերպված վրիժառություն
Ռուսների կողմից Տրապիզոնի գրավումից հետո լեռներից իջած հայ ֆիդայիները, հատկապես երիտասարդ մարտիկները, ամենուր վրեժ էին լուծում թուրք ոճրագործներից. «Մեր երիտասարդութիւնը, լեռներէն քաղաք կամ գիւղ իջած օրերէն լծուեցաւ թուրք ջարդարարները, հայերու գոյքն ու ինչքը թալանողները, հայ կիներն ու աղջիկները բռնաբարող եւ առեւանգողները պատժելու եւ որբուկներ փնտրելու աշխատանքին»։ Ստեղծվել էր մի իրավիճակ, որը կարող էր վնասակար հետևանքներ ունենալ Մ. Թոռլաքյանի խմբի հետագա գործունեության համար, քանի որ ռուսական զինվորական իշխանությունը հայ վրիժառուների դեմ էր տրամադրում, ովքեր թուրքերի հետ հաստատել էին բնականոն կամ բարեկամական հարաբերություններ: Թուրքերը, բնականաբար, փորձում էին հայ վրիժառուների դեմ տրամադրել ռուսներին, որոնք առանց այն էլ հայերի նկատմամբ, մեղմ ասած, բարեկամական հարաբերություններով աչքի չէին ընկնում: Ավելին՝ հայերի և թուրքերի միջև խնդրահարույց իրավիճակներում ռուսները պաշտպանում էին թուրքերին. «Թուրքերը շատ շուտ հասկցած էին, թէ գրաւման բանակը բարեացակամ էր իրենց հանդէպ եւ կը պաշտպաներ զիրենք»։
Մ. Թոռլաքյանը շուտ հասկացավ, որ պետք է այս խառը և վտանգներով հղի դրությունն արմատապես փոխել. «Առաջին գործս եղաւ վերջ տալ այս անկազմակերպ դրութեան և ստեղծել կեդրոն մը, որուն գիտութեամբ եւ թելադրութեամբ միայն վրէժխնդրական աքտերը կատարուին»։ Այս նպատակով նա շրջանի ամենահեղինակավոր մարտիկներից ստեղծում է քսան հոգիանոց մի խումբ, որը պետք է համակարգեր բոլոր աշխատանքները, իսկ վրեժխնդրության բոլոր գործողությունները պետք է իրականացվեին միայն այս խմբի հավանությունից և հաստատումից հետո:
Խմբի առաջին գործերից մեկը եղավ Բաբերդի և Յաղմուր դերեի ճանապարհների վրա վերահսկողություն հաստատելը: Առաջին իսկ առիթով ոչնչացվում է նախ՝ ութ, իսկ ամբողջ օրվա ընթացքում՝ քառասուն թուրք: Խմբի առաջին օրվա հաջողությունը ահ ու սարսափ է տարածում ոճրագործների շրջանում, իսկ հայ վրիժառուների մեջ ամրապնդում հավատն ու վստահությունը խմբի նկատմամբ:
«Հանձնախմբի» ստեղծումը
Հաջողությամբ ավարտվող վրեժխնդրական գործողությունները նախապայման և հնարավորություն են ստեղծում դրանց աշխարհագրությունն ընդլայնելու և կարգապահությունն ամրապնդելու համար: Խումբը որոշում է ստեղծել մնայուն հանձնախումբ, որի համար գումարվում է հատուկ ժողով՝ խիստ գաղտնիության պայմաններում: Ժողովին մասնակցում են պատվիրակներ Սյուրմենեից, Ապիոնից, Կալաֆկայից, Կյուշանայից, Ծինկիլայից, Կրոմիլայից, Սկաֆիտայից, Զիզակսայից, Մալայի տարածքի գյուղերից, Բարիանից, Վերանայից: Ընտրվում է ղեկավար հանձնախումբ՝ հետևյալ կազմով.
1. Միսաք Թոռլաքյան՝ Կյուշանայից,
2. Աբգար Չեփնյան՝ Ապիոնից,
3. Գաբրիել Մատինյան՝ Սյուրմենեից,
4. Համբարձում Չեփնյան՝ Կյուշանայից,
5. Միսաք Նուբարյան՝ Վերանայից:
Ժողովը որոշում է.
ա. «Ցուցակագրել շրջանի ազդեցիկ թուրքերու անունները եւ նիւթեր ներկայացնել յանձնախումբին՝ հայերու հանդէպ անոնց կատարած վայրագութիւններուն մասին:
բ. Ահաբեկումներու կատարման գործը յանձնել այնպիսի տղոց, որոնց մասին ո՛չ ժողովուրդ եւ ո՛չ ալ կառավարութիւնը կրնան կասկած ունենալ»։
Ժողովը վճռում է նաև առաջին ահաբեկումները սկսել թուրքական հինգ գյուղերի մեջ ապրող ոճրագործներից: Հատկապես կարևորվում է բոլոր ահաբեկումները նույն օրը կատարելու հանգամանքը՝ թուրքերի վրա ահ ու սարսափ տարածելու համար: Որոշումն իրագործվում է շատ հստակ և ստանում լայն արձագանք: Ոճրագործների ցանկում էր նաև Դրոնա գյուղից մեկ հույն, որը գործակցում էր թուրքերի հետ: Թուրքերի մեջ մեծ սարսափ է ընկնում, որոնք իրենց տներից փախչում են ավելի ապահով տեղեր, «Սակայն մեր վրեժխնդրութենէն չէին ազատեր»:
Հետագա ահաբեկումների ընթացքում օգտագործվում է նաև որպես ռուսական բանակի զինվոր ներկայանալու և ոճրագործներին կալանավորելու, ապա գիշերով նրանց ոչնչացնելու փորձված եղանակը: Պատահում էին դեպքեր, երբ վրիժառուները, ձերբակալված ոճրագործին ազատելու խոստումի դիմաց, ինչը երբեք չէին անում, զինաթափում էին նրա հարազատներին, ընկերներին, համագյուղացիներին:
Ռուսական զինվորական հակահետախուզությունն իր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ ճշտում էր՝ հատկապես հենվելով հայերի և հույների տրամադրած նյութերի և զեկույցների վրա, որոնց համաձայն՝ թուրքերը նախապատրաստվում էին ապստամբության: Այս համոզմունքն ամրապնդվում է նաև այն իրողությամբ, որ ռուսական հրամանատարությունը նման տեղեկություններ ստանում էր նաև ազդեցիկ և ռուսներին «հավատարիմ» թուրքերից, որոնք, ըստ էության, Մ. Թոռլաքյանի և հույների առաջնորդ Իստիլ աղայի մարդիկ էին. «Ռուսական զինուորական հակահետախուզութիւնը, իր ձեռքին տակ ունեցած նիւթերով, զորս հայերս եւ յոյներս էինք հայթայթած, կը խորհէր թէ թուրքերը կրնան եւ ի վիճակի են ապստամբութիւն առաջ բերել»:
Նման փայլուն գործողություններից հատկապես հիշատակելի է որպես Դրոնայի հայերի դահիճ հռչակված Գյումրյուքչիօղլի Հասան աղայի և նրա երեք եղբայրների ոչնչացումը ռուսական զորաջոկատի կողմից: Թոռլաքյանին հաջողվել էր ռուսական հրամանատարությանը համոզել, որ նրանք իրենց զինյալ ջոկատներով պատրաստում են ապստամբություն, ինչը հաստատել էին Թոռլաքյանի գործակից ազդեցիկ հույն և թուրք վկաները: Սրանց մեծ ուժի դեմ ռուսները դուրս են բերում 800 զինվոր, որոնցից 400-ին 50 հայ մարտիկներ առաջնորդում են դեպի Յոմուրիայի գյուղերը, իսկ մյուս 400-ը՝ Սարգիս Զեքիարյանի և սկաֆիտացի Բյուզանդ Ասլանյանի առաջնորդությամբ, շարժվում է դեպի Ճոշարա և Սամարուքսա գյուղերը: Լուսադեմին ոճրագործ եղբայրներն ու նրանց մարտական ուժերը ոչնչացված էին:
Այս դեպքից հետո ռուսների մեջ թուլանում է այն համոզմունքը, թե թուրքերի հակառուսականությունը մեծապես պայմանավորված է հայերի և հույների թրքատյացությամբ: Իսկ ամենակարևոր ձեռքբերումը, ըստ Թոռլաքյանի, լինում է այն, որ «հակահետախուզական բաժնին հետ համաձայնութեան եկանք, որ միայն մեր մարդոցմով այսուհետեւ հետախուզութիւն կատարենք եւ կարիք զգալու պարագային՝ զինուորական իշխանութեան դիմենք օժանդակութիւն ստանալու համար»: Այս համաձայնությամբ փաստորեն լիովին ազատվում էին հայկական հետախուզական խմբի անդամների ձեռքերը, իսկ պատժիչ միջոցների զինանոցը՝ մեծանում:
«Հանձնախումբ»-ն իր ցուցակներում ճշտված հանցագործներին կամ նրանց զինված խմբավորումներին հաճախ հանում է միմյանց դեմ՝ մեկ ոճրագործի ձեռքով ոչնչացնելով մյուսին:
Ռուսական զորքի հեռացումը և «Հանձնախմբի» գործունեության ավարտը
1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում սկիզբ առած գործընթացների հետևանքները լինում են բանակի բարոյալքումը, կազմալուծման վտանգավոր դրսևորումները, որոնք շուտով հասնում են կովկասյան ճակատ: Զորքերը, որ վերածվել էին կամ անկազմակերպ զանգվածների, կամ թալանչիական խմբավորումների, շուտով լքում են ճակատը: Անգամ այս խառնակ պայմաններում, երբ թուրքերն աշխուժացել էին և նույնիսկ տարբեր վայրերում հարձակումներ էին գործում հեռացող ռուսական զորքերի վրա, հայ վրիժառուները գործում էին խիստ կազմակերպված և վերջին հնարավորություններն էին օգտագործում թաքստոցներից դուրս եկած թուրք ջարդարարներին ոչնչացնելու համար:
Բազմաթիվ դեպքերից նշենք մեկը, որ կատարվել է Պլատանայի մերձակա մի գյուղում, որը դարձել էր հայերի դահիճների հավաքատեղի: Տեղեկանալով հերթական հավաքի մասին՝ Թոռլաքյանի խումբն ուղևորվում է այդ գյուղ և, ներկայանալով որպես պետական հանձնարարությամբ եկած պաշտոնյաներ, տարբեր տեղերից եկած բազմաթիվ թուրքերի հավաքում են սրճարանում, հույներին, իբր որպես անցանկալի տարրերի, հրամայում են դուրս գալ սրճարանից. «Սրճարանի մէջ մնացին միայն թուրքերը, որոնք այդ շրջանի հայոց տեղահանության ժամանակ սարսափելի հրեշութիւններ կատարած էին: Այդ սրիկաներուն հարցը մաքրելէ ետք վերադարձանք»։
Շրջակա բնակավայրերի թուրք և հույն բնակչությունը դեռևս այս դեպքի տպավորության տակ էր, երբ լուրեր են տարածվում, որ հայերը ջարդեր են կազմակերպել Պլատանա քաղաքում, ուր թուրքական և ռուսական զորքերը իրար էին հանդիպել գրկախառնությամբ, որին պիտի հաջորդեր ռուսների հեռացումը շրջանից. «Բայց այդ սրտաշարժ տեսարանի ժամանակ, – իր հուշերում գրում է Վ. Մինախորյանը, – յանկարծ պայթել է քաղաքի գլխաւոր զինամթերանոցի պահեստը»։
Ռուսական զորքերը շտապում էին հնարավորինս շուտ հեռանալ Տրապիզոնից, թաքստոցներից դուրս եկած, սակայն դեռևս բավականաչափ զգուշավոր թուրք ջարդարարներն օր առաջ շտապում էին զբաղեցնել ռուսների տեղը, իսկ հայ վրիժառուներն ամեն ինչ անում էին առավել շատ հանցագործների ոչնչացնելու համար:
Մինչև վերջին պահը թե՛ քաղաքը պահպանող մարտական խմբերը, թե՛ հայ վրիժառուների խումբը շարունակում են իրենց գործը, և միայն 1918 թ. սկզբին, երբ ռուսական զորքը հեռացել էր, իսկ հայերի վերջին խլյակներին հաջողվել էր նավերով տեղափոխել ռուսական ծովափնյա քաղաքներ, «Հանձնախմբի» անդամները բազում դժվարություններից և դեգերումներից հետո ափ են իջնում Բաթումում՝ այնտեղից Արևմտյան Հայաստան գնալու մտադրությամբ:
Ամփոփում
«Հանձնախումբը», որն, ըստ էության, Մ. Թոռլաքյանի վրիժառու խումբն էր, Տրապիզոնի նահանգում գործեց մոտ երկու տարի՝ 1916-1918, և ոչնչացրեց Հայոց ցեղասպանության հարյուրավոր մասնակիցների՝ պետական պաշտոնյաների, երիտթուրքական կուսակցության ներկայացուցիչների, ոստիկանական և զինվորական բարձրաստիճան սպաների, թուրք ավազակախմբերի և քուրդ չեթեների խմբավորումների, շարքային մարդասպանների…
Այս համեստ հոդվածով փորձեցի անդրադառնալ նրա գործունեության որոշ դրվագներին, սակայ համոզված եմ, որ «Հանձնախմբի» գործունեության հանգամանալից ուսումնասիրությունն սպասում է իր հետազոտողներին:
Հայկազուն Ալվրցյան
«Դրօշակ» թիվ 1 2026 թ.
