Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել Սփյուռքում
04 Փետրվար 2026
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը, լուրջ մտահոգություն են առաջացրել Սփյուռքում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Կանադայի Հայ դատի պատասխանատու Սևակ Բելյանը։
Նա նշել է, որ անկախ առօրյա գործունեությունից՝ կանադահայ համայնքը ուշադրությամբ հետևում է հայրենիքում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և դրանք դիտարկում է Հայաստանի առջև ծառացած ավելի լայն ու համակարգային խնդիրների համատեքստում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հատկապես Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ, առանձին հարց չէ։ Գործող իշխանությունների կողմից դա պետք է դիտարկել որպես կանխամտածված և հաշվարկված քաղաքական քայլ, որի նպատակն առաջիկա ընտրությունների ֆոնին ներքին դաշտում դիրքերի կոնսոլիդացումն է»,- նշել է նա։
Սևակ Բելյանի գնահատմամբ՝ եկեղեցին այսօր այն եզակի ազգային հաստատությունն է, որը շարունակում է պաշտպանել ազգային արժեքները և ազգային ինքնության ավանդական ընկալումները՝ միաժամանակ վայելելով բարձր հանրային վստահություն։
«Հենց այդ պատճառով էլ եկեղեցին դառնում է իշխանությունների թիրախ։ Սա Սփյուռքում, մասնավորապես՝ Կանադայում, միանշանակ դատապարտվում է»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
