«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինքնության անխախտելի ուղեցույցը
16 Փետրվար 2026
Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք միաժամանակ համակցում են պատմական խտություն, բարոյական վճռականություն և քաղաքական փիլիսոփայություն։ «Ազատություն կամ մահ» կարգախոսը հենց այդ բացառիկ բանաձևերից է։ Այն չի ծնվել հուզական մղումից, այլ ձևավորվել է հայ ժողովրդի գոյության սպառնալիքի պայմաններում և ամրագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական ինքնության առանցքում որպես անխախտելի արժեքային սահմանագիծ։
Ազատությունը դաշնակցական մտածողության մեջ առաջնային է, կենսական արժեք, առանց որի գոյությունը կորցնում է իմաստը։ Այն չի սահմանափակվում միայն արտաքին կառույցներով կամ պաշտոնական համակարգերով, այլ ընդգրկում է նաև ազգային նախաձեռնողականությունը, որը հնարավորություն է տալիս ազգին որոշելու իր ուղին՝ անկախ արտաքին ճնշումներից։ Ազատությունը ներառում է նաև հոգեբանական և մշակութային շերտեր, որոնք ապահովում են արժանապատվությունը, ինքնությունը և պատմական հիշողության շարունակականությունը։ Այս խորքային հիմքի վրա են ձևավորվում, Դաշնակցության պատկերացմամբ, սոցիալական հարաբերությունները և քաղաքական համակարգը։ Միայն ազատության պայմաններում են սոցիալիստական սկզբունքների վրա հիմնված արդարությունն ու ժողովրդավարությունը ձեռք բերում իրական բովանդակություն. առանց ազատության դրանք վերածվում են ձևական հասկացությունների։
«Մահ»-ը կարգախոսի տրամաբանության մեջ խորհրդանշում է ոչ թե կյանքի կենսաբանական ավարտ, այլ ազգային կամքի կորուստը, ինքնուրույնության խլումը։ Ազգը, որն այլևս չի որոշում իր ճակատագիրը, կորցնում է ազգային գոյության իմաստը։ Այդ պատճառով մահը չի քարոզվում որպես իդեալ. այն սահմանագիծ է, որի առջև կանգնելը նշանակում է դավաճանել սեփական ինքնությանը և խզել կապը արժեքային, ազգային կամքի հետ։
Պատմական համատեքստում «Ազատություն կամ մահ» կարգախոսի ծնունդը պայմանավորված էր անմիջական գոյաբանական սպառնալիքով։ Հայ ժողովուրդը կանգնած էր ոչ միայն քաղաքական ճնշման, այլև ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև։ Այս պայմանները ստիպեցին Դաշնակացությանը հաստատելու անկոտրում դիմադրության սկզբունք. Ազգային ինքնապաշտպանությունը չի ճանաչում միջանկյալ լուծումներ: Ինչպես նշում էր Քրիստափոր Միքայելյանը՝ «Լռություն պիտի նշանակեր միայն և միայն ամբողջ ազգի բարոյական անկումը…», իսկ Ռոստոմն իր կյանքով ցույց էր տալիս, որ պարտադրված խաղաղությունը կամ պայքարի բացակայությունը երբեք չեն կարող ապահովել արժանապատվություն և ազատություն։
Ժամանակակից դաշնակցական մտքի համար այս սկզբունքը խորացել է և ստացել կառուցվածքային ձև։ Հրայր Մարուխարյանը ընդգծում էր, որ ազգային քաղաքականությունը առաջին հերթին արժեքային քաղաքականություն է. առանց սկզբունքային հիմքի ոչ մի քաղաքական հաջողություն հնարավոր չէ։ Նա նկատում է, որ ազգի փլուզումը հաճախ չի բխում արտաքին ճնշումներից, այլ սկսվում է այն ժամանակ, երբ նա կորցնում է արժեքային ուղղորդումը։ «Ազատություն կամ մահ»-ը ցույց է տալիս, որ ազատությունը նպատակ է, իսկ մահը՝ արժեքի պաշտպանության սահմանագիծ, որը պաշտպանում է ազգի ինքնությունը և ապագան։
Իր հերթին, ըստ Սարգիս Զեյթլյանի ազատությունը շարունակական գործընթաց է, որը պահանջում է մշտական պաշտպանություն՝ քաղաքական, հոգեբանական և մշակութային մակարդակներում, քանի որ այն աստիճանաբար խամրում է, նույնիսկ խաղաղ պայմաններում, եթե արժեքային զգոնությունը թուլանում է։ Այս իմաստով, «Ազատություն կամ մահ» կարգախոսի ուղերձը մշտական զգոնության կոչ է, որը պաշտպանում է ազգի ինքնությունն ու արժանապատվությունը։
Այս գաղափարական տեսանկյունը թույլ է տալիս մեր առկա իրականության մեջ, այսպես կոչված, «իրատեսության» վրա հիմնված «պրագմատիկ քաղաքականություն» կիրառելու անհրաժեշտության մասին հնչող բարձրագոչ հայտարարությունները դիտարկել ոչ թե որպես «իմաստուն քաղաքականություն», այլ որպես պատմական հիշողությունից զրկված, գաղափարականորեն սնանկ քաղաքականություն, որտեղ պայքարի կամքը զիջում է հարմարվողականությանը և սպառնում է ազգի գոյությանը։ Այն հստակ ցույց է տալիս, թե «Ազատություն կամ մահ» կարգախոսը ինչու է պահպանում իր պատմական ու գաղափարական նշանակությունը։
«Ազատություն կամ մահ»-ը այսօր մնում է արդիական, որովհետև ազատությունը սպառնալիքի տակ է ոչ միայն արտաքին ճնշումներից, այլև գաղափարական նահանջից, մշակութային և սոցիալական մարտահրավերներից: Այս բոլոր վտանգները ընդգծում են, որ ազատության պահպանությունը պահանջում է քաղաքական տեսլական, բարոյական վճռականություն և հասարակական գիտակցություն։
Կարգախոսի ուղերձը ոչ միայն դաշնակցականների, այլև ողջ հայության համար է, և հիշեցնում է, որ արժանապատիվ կյանքը հնարավոր է միայն արժեքային հիմքի վրա կառուցված ազատության մեջ: Այն համախմբում է ազգային ինքնությունը, պատմական գիտակցությունը և սոցիալական արդարությունը մեկ միասնական գաղափարական ամբողջության մեջ, որտեղ յուրաքանչյուր հաջողություն կախված է ազատության հաստատման կարողությունից։
Ազատությունը, անկախության իրավունքը, սոցիալական արդարությունն ու քաղաքականապես ինքնիշխան գործելու կարողությունը համախմբվում են մեկ ամբողջական համակարգում, որի կարգախոսային խտացումը «Ազատություն կամ մահ»-ն է։ Սա չի սահմանափակվում միայն անցյալով: Այն հանդիսանում է ուղեցույց ներկայի և ապագայի համար, պահանջում է քաղաքական, բարոյական և մշակութային զգոնություն։ Ազատությունը հավասարազոր է ազգի գոյությանը, իսկ նրա պաշտպանությունը ներկայացնում է ազգի ամենակարևոր պարտականությունը։
Ազատության արժեքը թերագնահատելը կամ այն մոռացության տալը կարող է հանգեցնել այնպիսի կեղծ արժեքների ընդունմանը, որոնք չեն ապահովում ազգային ինքնիշխանություն ու արժանապատվություն, և խիստ պայմանական են։ Քննադատությունները, որոնք սահմանափակվում են «Ազատություն կամ մահ» կարգախոսի բառացի ընթերցմամբ, հաճախ անտեսում են նրա խորքային գաղափարական իմաստը։ Եթե ազատությունը այլևս չի դիտարկվում որպես բացարձակ արժեք, ապա ինչո՞վ կարող է այն փոխարինվել. տնտեսական աճո՞վ, միջազգային բարեհաճությա՞մբ, կոնֆորմիզմո՞վ, թե՞… Սակայն առանց ինքնիշխանության և արժեքային հստակության այդ բոլոր թվացյալ ձեռքբերումները դառնում են պայմանական և կախված արտաքին կամքից։ Դաշնակցության քաղաքական մտածողության մեջ ազատությունը այն հիմքն է, որի վրա կարող են կառուցվել մնացած արժեքները: Առանց այդ հիմքի ամեն մի ձեռքբերում կորցնում է կայունությունն ու իր իրական նշանակությունը։
«Ազատություն կամ մահ»-ը նաև դաստիարակչական պատգամ է։ Այն պահանջում է ներքին հստակություն՝ գիտակցել, որ անկախությունը պարգև չէ, այլ նվաճում, որն ապահովում է միայն գաղափարապես բյուրեղացած ազգային կամքը։ Ազատությունը չի պահպանվում անտարբերությամբ. այն պահանջում է պատասխանատվություն, զոհողության պատրաստակամություն և գաղափարական հստակություն։ Նոր սերնդի համար այս կարգախոսը կարող է դառնալ ինքնաճանաչման միջոց՝ հասկանալու, որ ազգային արժանապատվությունը չափվում է ոչ թե հռչակագրերով, այլ գաղափարական և գիտակցված ընտրությամբ ու նպատակային գործողություններով։
Դաշնակցության ծրագրում հստակ նշվում է, որ հայ ժողովուրդը պետք է ապրի ազատ, անկախ և միավորված հայրենիքում, որտեղ ապահովված են սոցիալական արդարությունն ու ժողովրդավարական կարգը։ Սա ընդգծում է, որ ազատությունը ամբողջական է՝ այն չի սահմանափակվում միայն սահմանների պաշտպանությամբ, այլ ներառում է նաև մարդու իրավունքների և սոցիալական համերաշխության ամբողջական պաշտպանությունը: «Ազատություն կամ մահ»-ը հենց այդ ամբողջականության բանաձևն է, քանի որ այն արտահայտում է և՛ ազգային, և՛ համամարդկային արժեքներ՝ հիմք հանդիսանալով արժանապատիվ գոյության իրավունքի համար։
Այսպիսով, «Ազատություն կամ մահ»-ը Դաշնակցության գաղափարական սկզբունքների բյուրեղացումն է, ոչ թե այժմեականությունը կորցրած՝ անցյալի բանաձևում, այլ՝ ներկայի և ապագայի ուղեցույց: Այն ծնվել է ազգային-ազատագրական պայքարի պահանջից, ձևավորվել է գաղափարական հստակությամբ և շարունակել է զարգանալ ժամանակակից դաշնակցական մտքի շրջանակում։ Այն չի քարոզում մահը, այլ հաստատում է այն պատկերացումը, որ ազատությունը հավասարազոր է գոյությանը, իսկ նրա պաշտպանությունը ազգի ամենակարևոր պարտականությունն է։
Արամ Շահնազարյան
