Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը…
19 Փետրվար 2026
Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու եւս մի շարք դրդիչ յայտարարութիւններով՝ ն. փ.-ն հրահրեց թուրք-ադրբեջանական տանդեմին, որպէսզի հայկական Արցախի վաղուց ի վեր (դեռեւս նախորդ դարասկզբից) կորուստը նախանշող անգլոսաքսոնական ծրագիրն կենսագործւի։ Պատերազմի ողջ ընթացքում էլ, ընդհուպ մինչեւ վերջին օրերը, նոյն ն. փ.-ի մանիպուլատորները «յաղթելու ենք» գոբելզեան ոճի ստերով՝ նոյն թւականի նոյ. 9-ին իրենց շեֆին ուղեւորեցին դէպի ամենախայտառակ պարտութեանն համարժէք՝ կապիտուլիացիայի թուղթն ստորագրելու…։
Պարզ են հետագայ դէպքերը՝ Արցախի մինչայդ ազատագրւած հողերի խոշոր տոկոսի վերաբռնագրաւում ու մինչեւիսկ՝ Հայաստանի սահմանային շրջանների (զորօրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհ) ինքնակամ զիջում…։
Ահաւասիկ, սոյն թւականից մէկ տարի անց, 2021-ի պառլամենտական յուլիսեան «ընտրութիւնների» յայտ ներկայացրեց ն. փ.-ն իր խունտայով, վերոգրեալ ծանրակշիռ աւարի միւս նժարին ունենալով հինգ հազար զոհւած երիտասարդների ու կրկնակի հաշմանդամների ըստ ամենայնի խեղւած ճակատագրի պատասխանատւութիւնը…։
Ինչեւէ, նախընտրական մանիպուլատորներին դարձեալ ուղեկցեց «գոբելզեան» մեծամե՜ծ ստերը, որոնք ներգործեցին թերահաւատ ու մոլորեալ հասարակայնութեան գիտակցութեան վրայ այնպէս՝ որով ապացուցւեց, թէ կարելի է նոյն հասարակայնութեանը խայթել՝ թիրախաւորելով միեւնոյն վէրքը…։
Հասարակական կողմնորոշման նման անհամաչափութեան արդիւնքում եւ ի զարմանս ոչ միայն համընդհանուր հայութեան, այլեւ միջազգային հանրութեան ու առաւելեւս քաղաքական-հասարակական փորձագիտական լայն շրջանակների ապշած հայեացքների ներքոյ, վերընտրւեցին պատերազմը հրահրած ու այդ պատերազմը աննախադէպ կորուստներով տանուլ տւած արկածախնդիր ու անգրագէտ իշխանաւորները…!!
Յարգելի ընթերցող, չորս ամիս անց, կրկին պարլամենտական ընտրութիւններ են Հայաստանում։ Ի ՞նչ կարծիքի ես տւեալ ընտրութիւնների ելքի մասին։ Իսկ ամենակարեւոր հարցադրումը. անցնող հինգ տարիների ի՜նչ աւարով ու ո՜ր ձեռքբերումներով է ուզում երաշխաւորել ն.փ.-ական իշխանութիւնն իր երանելի՜ վերարտադրութիւնը…
– Արցախի կորուստո՞վ ու հայաթափմա՞մբ,
– 150 հազար արցախահայերին ցիրուցան անելով ու նրանց հանդէպ մեղմ ասած՝ խորթ վերաբերմունք ցուցաբերելո՞վ,
– Հայութեանը պառակտելո՞վ ու Հայաստան-Սփիւռք կենսատու կապերը իսպառ խզելո՞վ,
– Կալանքի խուցերը քաղբանտարկեալներով համալրելո՞վ,
– Հայոց Ցեղասպանութիւնն ուրանալո՞վ ու Հայոց պատմութիւնը նենգափոխելո՞վ , թէ՞ ԱՐԱՐԱՏԸ թուրքական համարելով,
– Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պղծելո՞վ ու բարձրաստիճան հոգեւորականների դէմ շինծու մեղադրանքներ յօրինելով ու ի հաճոյս Ադրբեջանաթուրքական բորենիների՝ նրանց բանտարկելո՞վ,
– Ս. Էջմիածին գրոհելո՞վ ու Հայոց Հայրապետին բոլշեւիկաբարոյ անարգանքի թիրախ դարձնելո՞վ , թէ՞ Նրա հասցէին «դատական» վճիռ արձակելով ու երկրից Նրա ելքը արգելելով…
– … Ու դեռ էդ ողորմելի թրամփեան «թրիփ»-ո՞վ, որն ըստ էութեան նոյն պանթուրքիզմի «Զանգեզուրեան միջանցք»-ն է, կամ՝ հայատեաց ադրբեջանցիների համար հայկական Սիւնիքն էլ Արցախի օրինակով արեւմտեան Ադրբեջան յորջորջելո՜վ,
– Եւ ի վերջոյ՝ մօտ 15 միլիարդ դոլարի արտաքին պարտքո՞վ, որին էլ պէտք է աւելանայ իրենց իսկ «գլուխգործոց» 9-ը միլիարդանոց գործարքը, որն էլ հերթական ստերի օրինակով՝ հրամցնում են հասարակայնութեանը որպէս ամերիկեան ներդրում…։
Ու դեռ կարելի է սրանց 8-ամեայ աննախադէպ «ձեռքբերումները» բոլոր բնագաւառներում թւարկել, որոնք լոկ խրախուսւում են նախ՝ թուրքադրբեջանական դաշինքի կողմից արդէն բարձրաձայն, եւ ապա՝ միջազգային այն ուժային կենտրոնների կողմից, որոնց տարածաշրջանային շահերին ստորաքարշ կերպով ծառայելու են կոչւել որպէս թուրքահպատակ իշխանատենչներ…։
Մնում է սպասել՝ Հայաստանի ժողովրդի արժանապատիւ կողմնորոշմանն ու բախտորոշ ընտրութեանը, ի խնդիր Հայոց Պետականութեան ու բովանդակ հայութեան հազարամեա՜յ ինքնութեան պահպանման…:
«Դերենիկ Մելիքեան»
Ալիք
