«Հայաստան» դաշինք. ուժեղ, պաշտպանված, անվտանգ և կանխատեսելի պետության ռազմավարությունը
07 Ապրիլ 2026 Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական նշանակության ընտրության առջև, որի ժամանակ որոշվելու է ոչ միայն քաղաքական ուժերի հարաբերակցությունը, այլև պետության անվտանգային և արտաքին քաղաքականության հիմնարար ուղեգիծը։ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված տարածաշրջանային նոր իրողությունները արմատապես փոխել են ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում՝ առաջ բերելով որակապես նոր սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնց պայմաններում գործող իշխանությունների կողմից մինչ օրս կիրառված մոտեցումները չեն ապահովում անհրաժեշտ կայունություն և կանխատեսելիություն։ Այս համատեքստում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունները վերածվում են ոչ թե հերթական համապետական ընտրական գործընթացի, այլ՝ ռազմավարական ընտրության այն մասին, թե ինչպիսի պետություն է ցանկանում ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ խոցելի և արտաքին ճնշումների ենթակա, թե ուժեղ և անվտանգությամբ ապահովված։Թեև քաղաքական ուժերը դեռևս չեն հրապարակել իրենց ամբողջական նախընտրական ծրագրերը, այնուամենայնիվ դրանց ներկայացուցիչների հայտարարություններից և ձևավորված քաղաքական մոտեցումներից հնարավոր է եզրակացնել կոնկրետ թեմաների, այս դեպքում՝ անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ, նրանց հայեցակարգային դիրքորոշումները։ Այս համատեքստում «Հայաստան» դաշինքը ներկայացնում է անվտանգային և արտաքին քաղաքականության մի ձևաչափ, որի հիմքում ընկած է ուժի, զսպման մեխանիզմների և հստակ դաշնակցային համակարգերի վրա կառուցված պետության գաղափարը։ Դաշինքի մոտեցումը հիմնված է այն ընկալման վրա, որ միջազգային հարաբերությունները շարունակում են պայմանավորված լինել ուժային հաշվարկներով, և հատկապես փոքր պետությունների համար անվտանգությունը չի կարող կառուցվել միայն ենթադրյալ «խաղաղության» մասին վերացական մոտեցումների, արտաքին ուժերի երաշխիքներ չունեցող խոստումների, դիվանագիտական հայտարարությունների կամ հռչակագրերի վրա։ Ընդհակառակը, կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն ապահովված է իրական ուժով և այդ ուժը բազմապատկող հստակ դաշնակցային մեխանիզմներով։
Դաշինքի անվտանգային հայեցակարգի առանցքային կետը պետության պաշտպանունակության կառուցողական վերականգնումն է։ Բանակը դիտարկվում է ոչ թե որպես պարզապես ռազմական ինստիտուտ, այլ որպես պետականության հիմնասյուներից մեկը, որի թուլացումը անմիջապես հանգեցնում է անվտանգության և արտաքին քաղաքական դիրքերի թուլացման։ Այս տրամաբանության շրջանակում անվտանգությունը ընկալվում է որպես համապարփակ համակարգ, որտեղ ռազմական կարողությունները, պետական ինստիտուտների կայունությունը և արտաքին կապերը փոխկապակցված են։ Հետևաբար, «Հայաստան» դաշինքը շեշտադրում է ոչ միայն սպառազինության արդիականացումը, այլև կառավարման արդյունավետության բարձրացումը, ռազմական պլանավորման նոր որակի ներդրումը և սահմանների պաշտպանության համակարգային ամրապնդումը։ Այս ամենի նպատակն է վերականգնելը այն զսպման մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կանխել ագրեսիան՝ դեռ դրա սկզբնական փուլում։
Արտաքին քաղաքականության ոլորտում դաշինքի մոտեցումը հիմնված է հստակ կողմնորոշման և դաշնակցային համակարգերի վերակառուցման վրա։ Ըստ այս հայեցակարգի՝ փոքր պետության համար «բազմավեկտոր» քաղաքականությունը, հատկապես անկայուն տարածաշրջաններում, հաճախ հանգեցնում է ոչ թե առավելությունների, այլ՝ անորոշության և վստահության պակասի։ Այդ պատճառով առաջարկվում է կառուցել կանխատեսելի և երկարաժամկետ հարաբերություններ այն դերակատարների հետ, որոնք մեզ հետ ունեն համատեղ և երկարաժամկետ շահեր, ինչպես նաև՝ իրական ներգործոն ազդեցություն անվտանգության ոլորտում։ Այս համատեքստում առանցքային նշանակություն է տրվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ինչպես նաև ռազմավարական գործընկերությանը Ռուսաստանի հետ։ Այս կառույցներն ու գործընկերային-ռազմավարական հարաբերությունները դիտարկվում են ոչ միայն որպես քաղաքական կամ տնտեսական հարթակներ, այլև որպես անվտանգության կոնկրետ գործիքներ, որոնք կարող են ապահովել ուժի անհրաժեշտ հավասարակշռություն տարածաշրջանում։
Միաժամանակ, Իրանի հետ համագործակցությունը «Հայաստան» դաշինքի արտաքին քաղաքականության օրակարգում դիտարկվում է որպես տարածաշրջանային համագործակցության կարևոր բաղադրիչ, որը հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսական և տրանսպորտային նախագծեր՝ համատեղ երկարատև շահերի շրջանակում։ Իրանը դիտարկվում է որպես այն եզակի տարածաշրջանային ուժերից մեկը, որի շահերը որոշակիորեն համընկնում են Հայաստանի շահերի հետ, հատկապես տտարածաշրջանային հաղորդակցության ուղիների և տարածքային ամբողջականության հարցերում։ Այս մոտեցումը նպաստում է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ձևավորած առանցքի հակակշռմանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս որպես հիմնական ուժային կոնֆիգուրացիա։ Այսպես, Իրանի հետ համագործակցությունը դիտարկվում է ոչ որպես ինքնանպատակ, այլ որպես քաղաքական, անվտանգության և տնտեսական շահերի համակցված գործիք, որը համալրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցային ուղղությունները և աջակցում կանխատեսելի, կայուն արտաքին քաղաքականության կառուցմանը։
Դաշինքի արտաքին քաղաքականության ուղեգիծը մերժում է այն մոտեցումը, ըստ որի հնարավոր է հավասարապես խորացված հարաբերություններ պահպանել բոլոր հիմնական գլոբալ և տարածաշրջանային կենտրոնների հետ, և փոխարենը առաջարկում է հստակ ռազմավարական ընտրություն, որը հնարավորություն է տալիս ձևավորել վստահելի և կանխատեսելի գործընկերային միջավայր։ Այս տրամաբանությունը հիմնված է այն փաստի վրա, որ անորոշությունը թուլացնում է պետության դիրքերը՝ նվազեցնելով դաշնակիցների վստահությունը՝ խթանելով հակառակորդների հնարավորությունը։ Հետևաբար, արտաքին քաղաքականության հստակությունը դիտարկվում է որպես անվտանգության առանցքային բաղադրիչ, որը ապահովում է պետության կայունություն և կանխատեսելիություն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դաշինքի դիրքորոշումը նույնպես տեղավորվում է նույն տրամաբանության սահմաններում։ Մերժելով հարցի վերջնականապես փակված լինելու մասին գործող իշխանությունների մոտեցումը՝ այն ընդգծում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, միջազգային անվտանգության հստակ երաշխիքների ապահովման և ինքնորոշման իրավունքի պահպանման անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը պայմանավորված է այն եզրակացությամբ, որ չլուծված հակամարտությունները չեն կարգավորվում «բարի ցանկություններով» կամ սին լավատեսական հայտարարություններով, և այս իրողության անտեսումը կարող է հանգեցնել նոր էսկալացիաների։ Հետևաբար անհրաժեշտ է որդեգրել այնպիսի դիրքորոշում, որը միաժամանակ համադրում է քաղաքական պայքարը և անվտանգության ապահովումը։
Այս ամբողջ հայեցակարգի հիմքում ընկած է հստակ իրատեսական մտածողություն, համաձայն որի պետությունների վարքագիծը, առաջին հերթին, պայմանավորված է իրենց անվտանգային շահերով և ուժային հնարավորություններով։ Այս տրամաբանությամբ կառուցվում է «ուժ – զսպման մեխանիզմներ-անվտանգություն-կայունություն» շղթան, որտեղ ուժը դիտարկվում է ոչ որպես ագրեսիայի գործիք, այլ դրա կանխման միջոց։ Ուժեղ բանակը և հստակ դաշնակցային համակարգը ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ հակառակորդը ստիպված է լինելու հաշվի նստել ագրեսիայի հնարավոր հետևանքների հետ, ինչի արդյունքում նվազում է ռազմական բախման հավանականությունը և բարձրանում է անվտանգության և կայունության մակարդակը:
Այս ֆոնին առանձնապես կարևոր է համեմատությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումների հետ, որոնք հիմնված են հիմնականում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» վրա։ Վերջինիս տրամաբանությունը ենթադրում է, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել փոխզիջումների և դիվանագիտական ակտիվության միջոցով՝ նվազեցնելով լարվածությունը և կարգավորելով հարաբերությունները։ Սակայն այս մոտեցումը տրամաբանորեն ենթադրում է, որ մյուս կողմը նույնպես պետք է պատրաստ լինի շարժվել նույն ուղղությամբ, ինչը իրականում չի համապատասխանում առկա իրողությանը։
Եթե «Հայաստան» դաշինքը շեշտադրում է ձևավորված ուժային հարաբերակցության փոփոխությունը և զսպման մեխանիզմները, ապա գործող իշխանության մոտեցումը կենտրոնացած է ցանկացած գնով դեէսկալացիայի և հարաբերությունների կարգավորման վրա։ Առաջինի դեպքում առաջնային է այն հարցը, թե ինչպես կանխել հնարավոր ագրեսիան, իսկ երկրորդի դեպքում՝ ինչպես նվազեցնել հակամարտության սրությունը։ Այս տարբերությունը սկզբունքային է, քանի որ այն որոշում է պետության վարքագիծը ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ դրանից դուրս։
Արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես նկատվում է էական տարբերություն։ Ինչպես նշեցինք, «Հայաստան» դաշինքը կողմ է հստակ կողմնորոշման և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմանը, մինչդեռ գործող իշխանությունը փորձում է վարել այսպես կոչված «բազմավեկտոր» քաղաքականություն՝ զարգացնելով հարաբերություններ տարբեր ուժային կենտրոնների հետ։ Թեև այս մոտեցումը տեսականորեն կարող է ապահովել որոշակի ճկունություն, սակայն գործնականում այն հանգեցնում է հակասությունների և վստահության պակասի, քանի որ տարբեր ուղղություններով միաժամանակ շարժվելը անհնար է դարձնում երկարաժամկետ, կայուն և նպատակային ռազմավարության ձևավորումը։
Տարածաշրջանային քաղաքականության ոլորտում տարբերությունները դրսևորվում են նաև դիրքորոշումների վճռականության մկարդակում։ «Հայաստան» դաշինքը շեշտադրում է հակակշիռների ստեղծումը և հստակ, կայուն դիրքորոշումը ազգային շահերի պաշտպանության հարցում, մինչդեռ գործող իշխանությունը հաճախ առաջնահերթություն է տալիս կոմպրոմիսներին և զիջումներին։ Այս տարբերությունը կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանում առկա է ուժային հարաբերակցության անհավասարություն, և ցանկացած զիջում կարող է ընկալվել որպես թուլության նշան։
Այս համեմատության արդյունքում պարզ է դառնում, որ «Հայաստան» դաշինքի առաջարկած ձևաչափը ունի մի շարք առավելություններ, որոնք ուղղակիորեն կապված են անվտանգության մակարդակի բարձրացման հետ։ Առաջին հերթին դա կանխատեսելիությունն է։ Հստակ դաշնակցային համակարգը և կողմնորոշումը թույլ են տալիս ձևավորել երկարաժամկետ ռազմավարություն, որը հասկանալի է թե՛ գործընկերների, թե՛ հակառակորդների համար։ Երկրորդը զսպման մեխանիզմների վերականգնումն է, որը նվազեցնում է ռազմական բախումների հավանականությունը։ Երրորդը՝ պետական սուվերենության ամրապնդումն է, քանի որ ուժեղ պետությունը կարող է ավելի արդյունավետ պաշտպանել իր շահերը և դիմակայել արտաքին ճնշումներին։
Այս ամենը հանգեցնում է այն եզրակացությանը, որ ուժը չի հակասում խաղաղությանը, այլ դրա ապահովման անհրաժեշտ պայմանն է։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ թույլ պետությունները ավելի հաճախ են դառնում ագրեսիայի թիրախ, մինչդեռ ուժեղ պետությունները կարողանում են պահպանել անվտանգություն և կայունություն նույնիսկ բարդ և անկայուն տարածաշրջաններում։ Հետևաբար, «ուժեղ պետություն՝ անվտանգությամբ ապահովված» գաղափարը ոչ թե պարզապես քաղաքական կարգախոս է, այլ ռազմավարական անհրաժեշտություն, որը բխում է տարածաշրջանային և գլոբալ իրականություններից։
Առաջիկա ընտրությունների համատեքստում սա նշանակում է, որ ընտրողների առջև կա հստակ ընտրություն՝ անվտանգության և արտաքին քաղաքականության տրամագծորեն տարբեր ուղեգծերի և ձևաչափերի միջև։ Մի կողմից կա մոտեցում, որը հիմնված է հույսի վրա, թե հակամարտությունները կարող են կարգավորվել փոխզիջումների միջոցով, մյուս կողմից՝ ձևաչափ, որը կառուցված է ուժի, զսպման մեխանիզմների և դաշնակցային համակարգերի և հարաբերությունների վրա։ Հետևաբար, հունիսի 7-ի ընտրությունը չի կարող պայմանավորված լինել միայն սոցիալական կամ տնտեսական խոստումներով, քանի որ առանց անվտանգության հնարավոր չէ ապահովել ոչ տնտեսական զարգացում, ոչ սոցիալական կայունություն։
Ուստի ընտրողների համար առաջնահերթ պետք է դառնա այն հարցը, թե որ ձևաչափն է առավել արդյունավետ ապահովելու Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը և կայունությունը։ Այս տեսանկյունից «Հայաստան» դաշինքի առաջարկած մոտեցումը ներկայացնում է համապարփակ և համակարգային լուծում, որը միավորում է ռազմական, քաղաքական և դիվանագիտական գործոնները մեկ միասնական ռազմավարության շրջանակում։ Այս ռազմավարությունը նպատակ ունի ոչ միայն արձագանքել առկա սպառնալիքներին, այլև ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ Հայաստանը կդառնա կանխատեսելի, կայուն և պաշտպանված պետություն։
Վերջիվերջո, ընտրությունը վերածվում է հիմնարար հարցի՝ արդյոք Հայաստանը պետք է հենվի ուժի վրա՝ ապահովելու համար իր անվտանգությունը, թե շարունակելու է փորձել կառուցել երևակայական «խաղաղություն» առանց գործնական անվտանգության որևէ երաշխիքի։ Առաջին ճանապարհը պահանջում է հստակություն, վճռականություն և համակարգային մոտեցում, որի արդյունքը կարող է լինել անվտանգ, կայուն և պաշտպանված պետությունը։ Երկրորդ ճանապարհը կարող է թվալ ավելի հեշտ և գրավիչ կարճաժամկետ հեռանկարում, սակայն այն պարունակում է անորոշություն և մեծ ռիսկեր երկարաժամկետ տեսանկյունից։ Այս պայմաններում «Հայաստան» դաշինքի առաջադրած «ուժեղ պետություն՝ անվտանգությամբ ապահովված» գաղափարը դառնում է ոչ միայն քաղաքական ընտրություն, այլև պետականության պահպանման և ամրապնդման ռազմավարական հիմք։
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
