Կառաջարկեի գյուղատնտեսության նախարարության գործելաոճի փոփոխություն
14 Մարտ 2019 Գյուղատնտեսական բյուջեն այնքան փոքր է, որ ինչ էլ անես, միևնույնն է, էական արդյունքի չես հասնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:«Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ մեր գյուղատնտեսական բյուջեն կատաստրոֆիկ փոքր է: Հիմա էլ, երբ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է միավորվի Էկոնոմիկայի նախարարության հետ, մի քիչ կդժվարանա պետական աջակցության տրամադրումը գյուղացիներին»,- ասաց նա:

Նախկին նախարարը նշեց, որ հիմա արդեն շատ մարդ հետաքրքրված է ոչխարաբուծությամբ, բայց նշեց, որ դեռ մարզպետ եղած ժամանակ ասում էր, որ սովորական հովիվ գտնելը խնդիր է: «Եթե մենք ուզում ենք էականորեն խթանել գյուղատնտեսությունը, պետք է հասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպես ենք տրամադրում պետական աջակցությունը, հետո արդեն հասկանանք, թե որքան գումար է պետք ռեալ փոփոխություն առաջացնելու համար»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարության գործելաոճի մեջ փոփոխություն կառաջարկեր, և ասաց, որ ավելի ակտիվ քաղաքականության անցնելու անհրաժեշտություն է տեսնում: «Անհրաժեշտ է պարզ սուբսիդավորումից հրաժարում և քաղաքականության մշակում, որ մենք պատրաստ ենք աջակցել այն հողօգտագործողներին, ովքեր վարում են այն քաղաքականությունը, որն առաջարկում է նախարարությունը, և որը արդյունավետ է՝ բարձրարժեք մշակաբույսերի անցում, ճիշտ խորհրդատվություն: Այսինքն՝ ուղղորդել գյուղացուն, տալ այն սերմացուն, որ նախարարությունն ավելի ճիշտ է համարում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԾԻԳ-երի գործունեությանը, ապա նախկին նախարարն ասաց, որ ձեռնպահ կմնա գնահատական տալ դրանց գործունեության վերաբերյալ: Նա ասաց, որ Կառավարության մոտեցումն այնպիսինն էր, որ այդ կառույցները միավորվեն Կառավարության մեջ և դառնան նախարարության աշխատող:
Հեղինակ Լիանա Առաքելյան