Աշխատանքային քննարկում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հետ
15 Մարտ 2019
ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության հարցերի ոլորտային հանձնախումբը մարտի 14-ին կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ:
Հեղինե Էվինյանը հանդիպման ընթացքում ներկաներին ծանոթացրեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեությանը, մասնավորապես` Եվրոպայում հայկական շահերի պաշտպանությանը, հայկական կազմակերպությունների կողմից իրականացվող հանրային դիվանագիտությանը, Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի հետ համագործակցությանը և այլն:
Գասպար Կարապետյանն ավելի մանրամասն անդրադարձ կատարեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և Եվրանեսթի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության մարտահրավերներին և Արցախյան հիմնախնդրի շուրջ ներեվրոպական զարգացումներին։
Հատուկ անդրադարձ կատարվեց ապակենտրոն համագործակցության, ապակենտրոն ճանաչման և խորհրդարանական կապերի շրջանակում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:
Քննարկվեցին նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Եվրոպայում իրականացվող հակահայ քաղաքականությունն ու նախաձեռնությունները, դրանց հակազդելու՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերը: