Տնտեսական զարգացման նոր մոդելի ուրվականը
27 Մարտ 2019 Օր օրի ավելի տեսանելի են դառնում տնտեսկան զարգացման վերաբերյալ նոր կառավարության հիմնական մոտեցումները: Եվ դրանք արդեն, որպես ձևակերպված մոդել, ներկայացվում են հանրությանը:Այս մոդելի էությունը հետևյալն է՝ առանցքային դերակատարն ու պատասխանատուն են այն քաղաքացիները, որոնք, հավատալով ու ապավինելով իրենց ուժերին, կաշխատեն կամ կզբաղվեն ձեռնարկատիրությամբ և կլինեն երջանիկ:
Կառավարությունն էլ կլինի երջանիկ, քանզի ունենալու է նվազագույն պատասխանատվություն և անելիք, հետևաբար նաև՝ իր քաղաքական ծրագիրը ձախողելու և հետագայում վերարտադրվելու նվազագույն ռիսկ: Կառավարությունը հիմնականում զբաղվելու է աշխատանքի քաջալերմամբ՝ շուկայական հավասար մրցակցային պայմաններ ապահովելով, պետական միջամտությունը՝ կարգավորումներն ու մասնակցությունը նվազագույնի հասցնելով, հարկային բեռը բոլորի համար համահարթեցնելով և հետագայում նվազեցման խոստումներով:

Եվ ամենակարևորը, որով էլ գործողները տարբերվելու են նախորդ իշխանություններից՝ պետական պաշտոնյանները չեն խանգարելու ձեռնարկատիրությանը՝ անօրինական ճանապարհով փայատեր դառնալով և անաշխատ եկամուտներ ստանալով, ստվերային տնտեսությունը հովանավորելով:
Իհարկե, այս մոդելը պարունակում է մեր երկրի զարգացման տեսանկյունից օբյեկտիվորեն սպասված լուծումներ: Հուսանք, որ դրանք լիարժեք կյանքի կկոչվեն:
Սակայն շատերի մոտ օբյեկտիվորեն առաջանում են նաև կոնկրետ մտահոգություններ և հարցեր:
Մասնավորապես, այս մոդելը մեր երկիրը կտանի՞, արդյոք, տնտեսության ներառական զարգացման սպասված ճանապարհով՝ ապահովելով խորացող սոցիալ-ժողովրդագրական խնդիրների առաջանցիկ լուծումներ: Եվ ի վերջո առաջարկվող մոդելը համապատասխանո՞ւմ է մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը: Սահմանադրությամբ հստակ է նաև կառավարության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:
Բարձրացված հարցերի պատասխանները գտնելու նպատակով հատկանշական են ստորև բերված որոշ փաստերն ու շարունակվող խնդիրները:
Մեր երկրում համախառն ներքին արդյունքը պետության կողմից վերաբաշխելու միջոցով դրա միայն 10-12 տոկոսն է բաժին հասնում սոցիալական ոլորտին, ներառյալ՝ սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման մոդել ունեցող զարգացած երկրներում այս ցուցանիշը շուրջ 3 անգամ բարձր է և ընկած է 30-40 տոկոս միջակայքում: Իսկ նոր կառավարության առաջարկած մոդելով նախատեսվում է էլ ավելի կրճատել տնտեսության զարգացման գործում պետության կարգավորիչ դերն ու մասնակցությունը: Ի դեպ, կառավարության հնգամյա ծրագրում ևս սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող պետական միջոցների աճ նախատեսված չէ:
Բազմիցս հիմնավորել ենք, որ կոռուպցիայից և անօրինական սահմանափակումներից զերծ շուկայական մրցակցությանն ապավինումը՝ առանց անհրաժեշտ և լրացնող պետական կարգավորման ու մասնակցության, չի կարող բերել կայուն տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն: Ազատ շուկան նույնպես ունի պարբերաբար ձախողումներ արձանագրելու անխուսափելի միտում և որևէ երկիր չի կարող խուսափել դրանից: Իսկ կոռուպցիան նվազեցնելու համար արդյունավետ ճանապարհ չի պետական անհրաժեշտ գործառույթների և ապարատի կրճատումը:
Նոր մոդելով առաջարկվում է եկամտահարկի դրույքաչափի համահարթեցում, որի պարագայում բարձր եկամուտներ ունեցողների հարկային բեռն էական կնվազի, իսկ ցածր եկամուտ ունեցողներինը՝ կմնա նույնը: Զուգահեռաբար կավելանան անուղղակի հարկերը և ապրանքների գները, որը վճարում ենք բոլորս: Այսինքն՝ վերացվում է հարկային համակարգի սոցիալական կարգավորման բաղադրիչը: Հարկային գործիքով չի խթանվում նաև ցածր եկամուտներ ունեցողների եկամուտների առաջանցիկ ավելացումը:
Նվազագույն աշխատավարձի և սոցիալական նպաստների բարձրացում չի նախատեսվում, իսկ կենսաթոշակները բարձրացվելու են չնչին չափով՝ կենսաթոշակառուների ընդամենը մի փոքր հատվածի համար: Եվ սա էլ այն պարագայում, երբ կառավարությունը մտադրված է աղքատության էական կրճատմանը՝ ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առաջանցիկ աճն ապահովելու ճանապարհով:
2019 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճերը նախորդ տարվա համեմատ նախատեսված են գրեթե նույն չափով՝ շուրջ 10-11 տոկոս, ինչն արձանագրված է վերջին տարիներին: Եվ սա այն դեպքում, երբ տարբեր գնահատումներով մեր երկրի տնտեսությունում առկա է շուրջ 30-40 տոկոս ստվերային հատված:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (հաշմանդամություն ունեցող անձինք, երկարատև գործազուրկներ, մասնագիտություն չունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքի անդամներ և այլն), ինչպես նաև տնտեսական զարգացման առումով առավել խոցելի բնակավայրերի (բարձր լեռնային, սահմանամերձ, հեռավոր գյուղական բնակավայրեր և այլն) բնակչության համար կայուն զբաղվածություն ապահովող պետական աջակցությունը և դրա կոնկրետ արդյունքները բավարար չեն: Մասնավորապես, զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող առանց այն էլ ոչ բավարար միջոցները չեն ավելացել: Պետական մասնակցությամբ սոցիալական ձեռնարկությունների հիմնում ևս չի նախատեսվում, որոնք շատ դեպքերում սոցիալապես խոցելի բնակավայրերի և անձանց համար կարող են հանդիսանալ զարգացման առաջնային բևեռներ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ