ՀՅԴ-ն պահանջում է բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը
02 Ապրիլ 2019 Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը:Դաշնակցությունը պահանջում է 2013 թվականին Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի օբյեկտիվ, բազմակողմանի և ամբողջական բացահայտում:
«6 տարի է չի դադարել հանրային պահանջը բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, օժանդակողներին: 6 տարի թե՛ Պռոշյան համայնքի, թե՛ այլ բնակավայրերի բնակիչները, Հրաչ Մուրադյանին ճանաչող մարդիկ, հետևողական են սպանության բացահայտման հարցում: Պահանջում ենք, որ իրավական համակարգը գործի պատշաճ՝ ապահովելով լիարժեք բացահայտումը: Այնինչ, մենք հանդիպում ենք իրավական համակարգի անտարբերության: Սա անթույլատրելի է»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ սպանությանը նախորդել էին մի շարք քայլեր, որոնց նպատակը Հրաչ Մուրադյանին սպանելն էր:
«Եղել է գույքի հրկիզում, արհեստական վեճ են հրահրել, առևանգման փորձ է կատարվել: Ընտրական գործընթացի ժամանակ նրա նկատմամբ ապօրինի գործողություններ են եղել, որի ժամանակ իրավական համակարգը անտարբեր էր, փորձ էր արվում քողարկել, ստեղծել պատրանք, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր: Ապացույցների կեղծման միջոցով փորձել են շեղել ամբողջ քրեական գործը»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ «Դաշնակցության Աստվածն այնքան մեծ է», որ կարող են շատ ավելի մեծ բաներ անել, բայց օրենքի երկրում ցանկանում են հավատալ պետական-իրավական համակարգին, որը պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքը:
Նա նշեց, որ իշխանությունները միշտ ասել են, որ շահագրգիռ են բացահայտման հարցում, բայց իրականությունն այլ է:
«Անցյալ տարվա սեպտեմբերին Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի դիմումի հիման վրա քրեական գործի վարույթը վերսկսվեց, սակայն, ի զարմանս բոլորի, դեկտեմբերին որոշվեց կասեցնել վարույթը: Հիմնավորումը քանի որ մեղադրվող անձը բացահայտված չէ, հետևաբար` կասեցնում ենք վարույթը: Դա աբսուրդ է, դա իրավական համակարգի նոնսենս է, որովհետև այդ ուղղությամբ է անհրաժեշտ, որ քրեական գործի վարույթը սկսվի, ու ապացույցների հավաքագրման, հայթայթման աշխատանքներ իրականացվեն: Երբ ծանոթանում ենք քրեական գործի հասանելի նյութերին, տեսնում ենք, որ քննչական խմբի գործողությունները ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև օրենքի պահանջներին էականորեն չհամապատասխանող»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
https://youtu.be/4me4pTGf998
Ցույցի մասնակիցները 4 հիմնական պահանջ ունեն, այդ թվում` քննչական ենթակայության փոփոխություն, Հրաչ Մուրադյանի գործունեության ընթացքում նրա նկատմամբ իրականացված ոտնձգությունների վերաբերյալ ցանկացած շարժառիթի և դեպքի ներառում քրեական գործի մեջ, ինչպես նաև բոլոր այն անձանց բացահայտում, որոնք ինչ-որ կերպ քողարկել ու անտեսել են ապացույցները, և նրանց պատասխանատվության ենթարկում ու վերոհիշյալ քրեական գործի վերահսկողության հանձնում ՀՀ գլխավոր դատախազին:
«Առանց այդ անձանց և շարժառիթների բացահայտման` մենք չենք կարող, ըստ էության, բացահայտել ու հասկանալ` ովքեր են եղել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ հանրային ծառայողները, որոնք հետևողականորեն փորձել են շեղել իրավապահ մարմիններին այս ապացույցների հավաքագրումից: Պահանջում ենք նաև այս քրեական գործի անմիջական հսկողությունը վերապահել գլխավոր դատախազին, այլ ոչ թե դատախազի տեղակալին կամ այլ անձի, որովհետև սա մեր երկրի, պետության արժանապատվության հարցն է:
Պահանջում ենք նրա երաշխավորությունը գործի օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունն իրականացնելու հարցում, ինչպես նաև` գործի վերաբերյալ պարբերական հրապարակային հաշվետվություն»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով. «Թող ոչ ոք չմտածի, որ Արցախի հերոսի վրա իրականացված այս ոտնձգությունը անպատիժ է մնալու: Չի լինելու նման բան: Մենք դիմում ենք պետությանը, որովհետև վստահ ենք` սա իրավական պետություն է, և եթե այլ դեպքերում իշխանության քաղաքական շահագրգռվածությունը ստիպում է իրավապահ համակարգին` ավելի արագ գործել, ապա այս դեպքում մենք ստիպում ենք իշխանությանը, որ սա դառնա իշխանության արագ գործելու շարժառիթ, որովհետև նա ոչ թե պատահական մի անցորդ էր, այլ ՀՀ հպարտ քաղաքացի: Հայի այս տեսակին սպանելով` սպանվում է ՀՀ-ն ու նրա արժանապատվությունը»: