Միասնական լինելու դեպքում մենք կհաջողենք
17 Ապրիլ 2019 ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք մշտապես կապված են եղել արտաքին գործերի նախարարության հետ և տարիներ շարունակ Սփյուռքում «անպաշտոն դիվանագիտության» դերն ենք խաղացել՝ զորավիգ կանգնելով Հայաստանի պետականության և հայ ժողովրդի շահերն առաջ տանելուն:Նա նման դիտարկում արեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և համայնքի միջև սպասվող հանդիպմանը ենթադրվող հարցերի քննարկմանը:
«Մտահոգություններ կան, որ Հայաստանը զարգացնի իր դիվանագիտական կապերը պետությունների հետ: Մենք՝ Սփյուռքը, այս հարցում կարող ենք մեծ դեր խաղալ, բայց նաև ունենք երկու այլ մտահոգություններ, որոնք են՝ Արցախյան հիմնախնդիրը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում, որ օրակարգ նորից մտնի հայ-թուրքական արձանագրությունների հարցը: «Պետք է այս հարցի շուրջ ներքին երկխոսություն լինի Հայաստանի կառավարության և տարբեր հայկական հաստատությունների միջև, որ համադրված տեսակետ լինի: Քանի որ, եթե ներքին համաձայնություն չլինի, մեծ խնդիրներ կառաջանան»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այս կառավարությունն առանձնապես չի անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սովորաբար ասում է, որ դա կարող է հնարավոր լինել միայն, եթե Թուրքիան համաձայնի առանց նախապայմանների նման քայլի գնալ, Մուրադ Փափազյանն արձագանքեց․«Մենք չենք ասում, որ նման հարց կա սեղանին, բայց ցանկանում ենք դա կանխել: Մենք չենք ասում, որ վախեր ունենք Թուրքիայի մասով, ինչպես ունենք Արցախի շուրջ զարգացումների վերաբերյալ, բայց նախընտրում ենք նախապես կանխարգելել նման հարցի առաջ գալը»,- ասաց նա:

Ֆրանսահայ համայնքին, ըստ Մուրադ Փափազյանի՝ ամենաշատը մտահոգում են Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները:
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է խոսել խաղաղությունից Ադրբեջանի պես հակառակորդ ունենալու պարագայում, նա նշեց, որ իրենք չեն վստահում Ադրբեջանին, գիտեն, որ վերջինս պատերազմական նպատակներ ունի:
«Գիտենք, որ հիմա Ալիևի իշխանությունը պատրաստ չէ որևէ խաղաղ, արդարության վրա հիմնված կարգավորման: Եթե սխալվում ենք, շատ ավելի լավ, բայց հիմա մենք ցանկանում ենք վատ հետևանքների առաջն առնել: Գիտենք, որ Հայաստանի կառավարության վրա ճնշում կա, և մենք ցանկանում ենք պատգամ ուղարկել, որ միասնականորեն հայ ազգը, հայ ժողովուրդը, հայկական աշխարհը զորավիգ է կանգնում Արցախին և պատրաստ չէ զիջել այն, ինչ ձեռք է բերվել արյունով»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում:
«Մենք տպավորություն ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ընդհանրապես միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա ճնշումներ կան, որ զիջի 7 շրջանները և հետո հանգրվանային հիմքի վրա հիմնախնդրի լուծումը գտնի: Այդ հայեցակարգը մենք ի սկզբանե մերժել ենք: Այսօր ճնշումներ կան գերտերությունների կողմից, որովհետև առևտրատնտեսական ոլորտում պայմանագրեր են կնքել Ադրբեջանի հետ և ցանկանում են, որ հիմնախնդրի լուծման ժամանակ նա շահի: Հնարավոր է՝ Հայաստանը դժվար դրության մեջ է, բայց մենք ասում ենք, վստահեցնում ենք, որ միասնական լինելու դեպքում մենք կհաջողենք: Մեր միասնականությունը պարտադրելու է, որ ապահովենք Արցախի, հայ ժողովրդի շահերը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարություններին, Մուրադ Փափազյանը նշեց, որ ողջունել են Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
«Եթե նոր մոտեցում ունի Ադրբեջանը, ապա առաջին բանը, որ պետք է անի, ընդունելն է այս ցանկությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ և չի կարող ներկայացնել Արցախին, պետք է ընդունելի լինի Ադրբեջանի և համանախագահների համար: Եթե Ադրբեջանը դրական մոտեցում ունի այսօր, ապա չպետք է դժվարություն ունենա Արցախին բանակցային սեղանին ընդունելու հարցում»,- ասաց նա:
Խոսելով Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի պասիվությանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Մուրադ Փափազյանը պատճառաբանեց՝ Ֆրանսիայի համար դժվար է մեծ ազդեցություն ունենալ գործընթացի վրա, որտեղ ակտիվ են գերտերություններ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
«Ռուսաստանն ուղղակի ազդեցություն ունի տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել այստեղ: Իսկ Ֆրանսիան այս երկու մեծ պետությունների մեջ է և փորձում է լսելի դարձել իր դիսկուրսը»,- ասաց նա, նկատեց նաև, որ միևնույն ժամանակ չի կարող անտեսվել հարցը, քանի որ հայտնի է՝ ֆրանսահայ համայնքի համար առաջնահերթություն է Արցախը և ընտրություններին հաշվի է առնում, թե թեկնածուները ինչպես են վերաբերում հիմնախնդրին:
Ֆրանսիան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ըստ Մուրադ Փափազյանի, համակրում է հայկական կողմին, բայց միևնույն ժամանակ գիտի, որ պետք է չեզոք լինել:
«Պետք է փորձեն հիմնախնդրի լուծման ճանապարհ գտնել: Նախագահ Օլանդը առաջարկ էր արել, որ հինգ շրջանները հանձնենք Ադրբեջանին և այնուհետ Արցախում հանրաքվե անցկացնենք: Բայց դա էլ պետք է քննարկել Արցախի հետ, իմանալ՝ արդյոք այն ընդունելի է՞ նրա համար: Որոշողն իրենք են»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանը նշեց, որ վստահ է, որ այսօր հանդիպումից հետո նախարար Մնացականյանը հաշվի կառնի իրենց դիտարկումները: «Եթե Հայաստանի կառավարությունը և ֆրանսահայ համայնքը կարողանան նույն պատգամները փոխանցել, ապա հնարավոր կլինի ապահովել Ֆրանսիայի դրական դերը հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,- ասաց նա:
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան