Ապրիլի 24-ը ոչ միայն նահատակներին ոգեկոչելու, այլև մեր իրավունքները պահանջելու օր է
23 Ապրիլ 2019
«Այսօրվա մեր խնդիրն իրականում այն է՝ ցույց տալ, որ սա ոչ միայն նահատակներին ոգեկոչելու օր է, այլև մեր իրավունքները պահանջելու օր»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ Կիրո Մանոյանի՝ 100 տարի այս օրը մենք չենք սպասել ճանաչման, քանի որ իրականում 100 տարվա առաջին տասնամյակներում սա նշվել է որեւէ բացառապես սգի օր, և ժողովուրդը գնացել, իր հարգանքն է մատուցել եկեղեցիներում: Մնացածն իրականում սկսվել է 50-րդ տարելիցից հետո, բայց ինչպես Երևանի փողոցներում, այնպես էլ սփյուռքում Թուրքիայից հիմնական պահանջը եղել է իրավունքների պահանջը:
Կիրո Մանոյանը փաստեց՝ ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը միշտ եղել է՝ ամեն ինչ անել, որ նման բան երբեք չկրկնվի, ոչ միայն մեր նկատմամբ, այլև կանխարգելվեն նաև ուրիշների նկատմամբ նման հանցագործությունները:
Դառնալով ՀՀ նախորդ և ներկայիս կառավարությունների՝ ցեղասպանության ճանաչման հարցում վարած քաղաքականությանը՝ Կիրո Մանոյանը նկատեց. «Ե՛վ նախորդ, և՛ այս կառավարությունները մեկ բացթողում ունեն: Հակառակ, որ հատկապես նախորդ իշխանության օրոք կարելի էր նույնիսկ նախագահի մակարդակով խոսել ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այլև հետևանքների վերացման մասին, ապա նախորդ իշխանությունների և այս իշխանության օրոք կառավարության ծրագրում ցեղասպանության հետևանքների վերացում հասկացողությունը մաս չի կազմում: Դա բացթողում է: Չի կարելի հարյուր առավել տարի հետո խոսել ընդամենը ճանաչման և դատապարտման մասին: 100-րդ տարելիցի առիթով համահայկական հռչակագրով ուրվագծվեց ընդհանուր պահանջների շրջանակը, որ հայությունն ունի, և դրանից հետո անհրաժեշտ է, որ այդ ուրվագծումն ունենա իր շարունակությունը և պատրաստվի թղթածրար: Դրա աշխատանքները սկսվել են, բայց բավարար թափով չի շարունակվել ու շարունակվում»:
Կիրո Մանոյանը շեշտեց՝ արդեն ցեղասպանության փաստը ոչ մի լուրջ պետական կառույցի կողմից վիճարկման չի ենթարկվում:
Ըստ նրա՝ անգամ Թուրքիան չի վիճարկում: Որակավորումը վիճարկում է, բայց որ հայությունը պետության կողմից տեղահանվեց, այդ ընթացքում նաև սպանվեց, կոտորածների ենթարկվեց, դա արդեն ոչ մի պետություն էլ չի վիճարկում:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ եթե կան այնպիսիք, որոնք մերժում են առ այսօր ճանաչել ցեղասպանության փաստը՝ Իսրայելը, Մեծ Բրիտանիան, դա անում են Թուրքիային չանհանգստացնելու համար: