Հատուցում ասելով՝ չպետք է հասկանալ միայն տարածքային խնդիր
24 Ապրիլ 2019
«Նախորդ և այս կառավարությունների բացթողումն այն է, որ իրենց ծրագրերում չունեին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում հասկացությունը»,- այս գնահատականի հեղինակը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն է:
«Հետևանքների վերացում ասելով՝ նկատի է առնված հատուցումը,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց Կ. Մանոյանը: – 2017թ. ձևավորված կառավարության մաս էինք կազմում, բայց կառավարության ծրագրում չկարողացանք ավելացնել այդ կետը: Նաև Փաշինյանի առաջին կառավարության մաս էինք կազմում, բայց նորից չկարողացանք ծրագրում այդ կետը մտցնել: Եվ դա բացատրվում էր նրանով, որ դա արտաքին գործերի նախարարության գործունեության ոլորտն է: Սա խնդիր է, որովհետև հատուցման հարցը կամայականության խնդիր չէ, և հատուցում ասելով՝ չպետք է հասկանալ միայն տարածքային խնդիրը:
Ցեղասպանության տարելիցին՝ 2015թ. հրապարակված Համահայկական հռչակագրում ընդհանուր առմամբ ուրվագծված են, որ ազգային իրավունքների, հատուցման հարցեր կան, բայց պետք է պետական հանձնաժողով կամ մասնագիտական խումբը թղթածրար կազմեր, բայց առ այսօր այդ աշխատանքն ավարտին չի հասցվել: Այդ աշխատանքի ամբողջացման մեջ պետությունն իր դերակատարումը պետք է ունենա:
Հայաստանի անկախ պետականության առկայությունը նոր հնարավորություն է այս հարցն իսկապես լրջորեն բարձրացնելու: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համահայկական համախոհության կարիք ունի: Այս հարցը մեկ կուսակցության անելիք չէ»:
Պատասխանելով հարցին, թե իշխանության եկած քաղաքական ուժի համար կա՞ որևէ բարենպաստ պայման Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ հաշվի առնելով, որ հեղափոխական փոփոխություն է կատարվել Հայաստանում, Կ. Մանոյանն ընդգծեց. «Վարչապետը և արտգործնախարարը հայտարարում են, որ հետևողական են լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, նաև պատմական արդարության վերականգնման հարցում: Այս իշխանությունը լեգիտիմության հարց չունի, մեծ ժողովրդական վստահություն ունի, և կարող է հանգիստ հատուցման պահանջ ներկայացնել: Ոչ ոք ծուռ աչքով չի նայի»:
Մանրամասն՝ տեսանյութում: