Մեր հաջողության միակ գրավականը միասնականությունն է
07 Մայիս 2019
Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը վերջին փամփուշտը չէ մեր զինանոցում, վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման հայտարարությունն է, բայց մինչ այդ անհրաժեշտ է ունենալ Հայաստան-Արցախ իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք, ի վերջո, կհանգեցնեն դրան. Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Այսօր չի կարելի 180 աստիճանի շրջադարձ կատարել և գործի դնել այդ 1989-ի վերամիավորման որոշումը, բայց անհրաժեշտ է այդ ուղղությամբ անել քայլեր՝ անկախ նրանից, թե ով ինչպես կնայի դրան: Հեշտ չի լինելու, բայց դրան դիմագրավելու և մեր հաջողության միակ գրավականը միասնականությունն է: Այստեղ կարող է լինել նաև դերերի բաշխում, և բարձրաձայնել այնպիսի հարցեր, որը կարող է այս կամ այն կողմը նպատակահարմար չգտնել: Բայց պետք չէ ընդունել այնպիսի կեցվածք, որն անարդարացի ձևով կբերի հիասթափության ուրիշների կողմից՝ նման վախվորած կեցվածքի համար»,-նշեց նա՝ ասելով, որ պետք չէ որևէ մեկին մեղադրել, եթե մենք վճռականություն չենք ցուցաբերում՝ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ-ին:
Ըստ Կիրո Մանոյանի՝ ճնշումներ լինելու են, բայց կան պետություններ, որոնք վստահելով իրենց հնարավորություններին, անտեսում են այս կամ այն ուժի դժգոհությունը: