Կոչ եմ անում իշխանություններին, օր առաջ վերջ տալ այս վիճակին
04 Հունիս 2019 Բազմաթիվ ՀՅԴ-ականներ այսօր այցելել են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, որ իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ֆեյսբուքյան իր գրառումների ու ձևակերպումների համար:«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում կենտրոնանալ կուսակցականների վրա, որովհետև անցնող 2-3 ժամերի ընթացքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանցից բազմաթիվ հեռախոսազանգեր ու գրություններ է ստացել.

«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:
https://youtu.be/uZPnztco2Cs
Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց արածը կուսակցական քայլ չէր, սա քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ չի կարելի այլևս հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, ատելության խոսքը, որն այսօր տարածված է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի միջոցով նաև լրատվամիջոցներում, և մի պահ պետք է այս ամենը դադարեցվի:
Հարցին, թե Վարդան Հարությունյանն ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց հորդորով՝ նրա մի քանի գրառումները կարդալ. «Երբ մի երիտասարդ կարող է գրառում անել, «թուրք» կոչել արցախցուն, Պարգև Սրբազանին վերջին գռեհիկ բառերն ասի, ասում ենք խոսքի ազատություն, բայց հո չենք ասում… Ես առիթ եմ ունեցել իրենց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ասել, որ թող ներողություն խնդրի, բազմաթիվ փորձեր են արվել, հիմա չասեմ»:
Հարցին, թե ծեծն են արդարացնում, չէ՞ որ խուլիգանություն է տեղի ունեցել, Գեղամ Մանուկյանը հարցով արձագանքեց. «Դուք քննի՞չ եք: Դուք արդեն հոդված եք ներկայացնում: Ամիսներ շարունակ է այդ տղային փորձ արվել բացատրել, ձևակերպումները, որ օգտագործում է այդ տղան, նույնիսկ թուրքը չի ձևակերպում»:
Մանուկյանի օրինակով այլ քաղաքացիներ ևս պատրաստվում են գնալ ոստիկանություն և հայտնել, որ իրենք են ծեծի ենթարկել ակտիվիստին։
Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին և հիմա գնում է ոստիկանություն` այդ մասին տեղեկացնելու:
«Ծեծել եմ, որ էլ ափռ-ցփռ չխոսի, ազգային արժանապատվությունը չոտնահարի, որ էլ վայրահաչոցներ չարձակի մեր ազգային արժեքների նկատմամբ, որ ավելորդ չխոսի մեր եկեղեցու ու եկեղեցականների հասցեին, որ իմ մարտական ընկեր, Արցախի ազատամարտի մասնակից Հրանտ Մարգարյանին իր թոռնիկների մոտ չանպատվի»: Հարցին, թե քանի հոգով են ծեծել, պատասխանեց. «Միայն ես»:
Լրագրողների հետ զրույցում քաղաքացի Սիմոն Գաֆալյանը նշեց, որ հենց ինքն է եղել Վարդան Հարությունյանին ծեծողը:
«Ծեծել եմ, որովհետև այլևս չէի կարող հանդուրժել նրա ասածները: Նա չափը շատ անցավ: Ինձ համար էլ ոչ մի զղջում չկա: Իհարկե սա քաջագործություն չէ, որովհետև ես վատ եմ զգում այն մտքից, որ հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, եկել եմ, որ պատիժս կրեմ»:
«Էդ դեպքը, որ տեղի է ունեցել, ես անձամբ եմ այնտեղ եղել ու ես եմ անձամբ ծեծել: Այն, ինչ ինքն ու իր ընկերներն են արել հետհեղափոխական շրջանում, դրա համար ավելի մեծ պատիժ էր հասնում», – հայտարարեց հրապարակախոս Էդիկ Անդրեասյանն ու ներկայացավ ոստիկանություն:
Այն անօրինականությունը, այն այլանդակությունը, որ ամիսներ շարունակ թե եթերից, թե սոցիալական ցանցերից հնչում է ողջ հանրության առջև, սերմանում է ատելություն. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որ նույնպես եկել էր ոստիկանության Կենտրոնի բաժին:
Նա նշեց, որ տևական ժամանակ է` ինչ հրապարակային կոչեր են հնչեցվում Արցախյան ազատամարտի հերոսների նկատմամբ, հնչեցվում են հրապարակային սպառնալիքներ`Արցախյան ազատամարտի խորհրդանիշ Պարգև սրբազանի հասցեին: Հնչեցում են սպառնալիքներ Արցախի նախագահի հասցեին, Արցախյան պատերազմում մարտնչած հայորդիների հասցեին:
https://youtu.be/FiX4hD4RmUI
«Եվ այդքանից հետո, տեսնում ենք իշխանությունների ակնհայտ անտարբեր, փնթի, առանձին դեպքերում նաև հրահրող կոչեր, բնական է, որ հասարակության մեջ լինելու են նաև ընդվզումներ: Եվ այն մարդիկ, ովքեր, տեսնելով այս անգործությունը, գնում են իրավունքի ինքնապաշտպանության ճանապարհով: Այս երևույթը կարող է նաև շարունակական բնույթ կրել: Եվ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն են: Պետք է ժամանակին կանխվեր այն այլանդակությունը, որը հնչում էր հրապարակայնորեն: Իսկ իշխանությունը ցուցաբերում էր քար լռություն, անգամ քաղաքական հայտարարությամբ հանդես չի գալիս՝ դատապարտելու իրենց արժանապատիվ քաղաքացի համարող, բայց իրականում ոչ մի արժեքային համակարգ չունեցող անձանց: Հակառակը, թույլատրում է, հիմնավորում, թե ժողովրդավարական ճանապարհով ենք գնում, և ամեն մեկն ինչ ուզենա, կարող է ասել, արդյունքում էլ հրապարակային վիրավորանքն ու սպառնալիքը դառնում է առօրյա երևույթ: Իսկ պատասխանն էլ այսպես է լինելու:
Կոչ եմ անում իշխանություններին, օր առաջ վերջ տալ այս վիճակին: Դատապարտել և հետևողական լինել բոլոր անհանդուրժողական և թշնամություն սերմանող վարքագծին, որն այսօր տիրում է մեր երկրում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով` չի կարող 130 տարեկան քաղաքական ուժն ինչ-որ տեղ նաև հանդուրժի որևէ բռնություն, անկախ նրանից, դա ում նկատմամբ է կիրառվում, եթե հրապարակային այլանդակությունները համարժեք արձագանք չեն ստանում: Նա նշեց, որ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ մարզային ոստիկանությունում նույնպես մարդիկ ինքնաբուխ ներկայանում են և միջադեպի պատասխանատվությունը իրենց վրա վերցնում: Եվ որպես քաղաքական ակցիա, դա կարող է ավելի լայն տարածում և բացասական հետևանքներ ունենալ:
«Այսօր առավոտյան մեր քաղաքացիներն ինքնաբուխ ընդվզեցին այսպիսի երևույթների դեմ: Ժամ առաջ գործող իշխանությունը պետք է քայլ պետք է իրականացնի, որպեսզի բացասական դրսևորումները տարածում չստանան: Մենք, այսօրվա ինքնաբուխ ընդվզման տեղեկությունը ստանալով, կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ չխանգարել ոստիկանությանը հավելյալ ցուցմունքներով, թողենք, որ ոստիկանությունը իր գործն անի: Ակնկալում ենք, որ գործող իշխանությունը ժամ առաջ հանդես կգա լարվածությունը լիցքաթափելու կոնկրետ քայլերով, իսկ հրապարակային սպառնալիքներ հնչեցրած, թշնամություն սերմանող մարդիկ կենթարկվեն իրավական պատասխանատվության»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը: