Վտանգավոր է ու կործանարար մեր մեջ հակառակորդներ որոնելը
06 Հունիս 2019 Երկու կողմերի հարաբերությունները պիտի լինեն նորմալ, ջերմ, փաստն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արել է, նախագահ Բակո Սահակյանն էլ պատասխանել է, այդ հարցն արդեն մեկնաբանվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախը տեղյակ չի եղել բանակցային գործընթացից, և ինքն է տրամադրել այդ փաստաթղթերն Արցախին:Բալայանը մեջբերեց նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ Արցախը տեղյակ է եղել բանակցությունների գործընթացից:
«Այստեղ ուրիշ բան կա, երբ սկսենք նախագահի, վարչապետի հայտարարությունները մեկնաբանել, քննարկման նյութ դարձնել, դրանից դրական բան չի ստացվի, դրանից չենք շահի:

Կցանկանայի, որ երկու կողմերի հարաբերությունները լինեն գործընկերային, ջերմ, նորմալ, բարեկամական»,- շեշտեց Բալայանը և հավելեց, որ եթե ինչ-որ հայտարարություն է արվում, դրան հակադարձող խոսք է ասվում, դա ոչ մեկին օգուտ չի բերի:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանդիպում է Արցախում մարդկանց հետ, հետո այդ մարդիկ իր դեմ գրառումներ են անում, թե հողեր է «հանձնում», ԱԺ փոխնախագահն ասաց. «Անկեղծ ասած՝ մեր ընկերներից այսօր հարցրի, թե խոսքն ում մասին է, իրենք չկարողացան պատասխանել: Ճիշտ կլինի՝ անուններ տրվեն, թե ում մասին է խոսքը, ովքեր են դրանք: Հիմա համացանցում ինչ ասես գրում են, բայց պաշտոնական նման հայտարարություն, թե ՀՀ վարչապետն այսպիսի տրամադրություններ ունի, չկա»:
Հարցին՝ այս պահին հայկական երկու պետությունների հարաբերությունները լարվա՞ծ են, Բալայանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, կարող է աշխատանքային քննարկումներ են եղել, մեկն այս կարծիքը չի կիսել, մյուսը՝ այն, բայց դա չի նշանակում, որ հակասություններ կամ ինչ-որ խնդիրներ կան երկու հայկական երկրների միջև:
Հիմա Սերժ Սարգսյանն էլ, երբ հանրապետության նախագահն է եղել, նման խնդիրներ, նման քննարկումներ էլի են եղել, տարբեր կարծիքների ներկայացում է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ժամանակ պետք է խոսեինք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև խիստ լարված հակասություններ կան, այդպիսի բան չկա, հիմա էլ չկա:
Աշխատանքային մթնոլորտ է: Ներկա ժամանակներում, այս բացախոսության պայմաններում հասկանալի է՝ տարբեր կարծիքներ տարբեր մոտեցումներ կլինեն, դրա մեջ փորձել ինչ-որ հակասություններ որոնել շնորհակալ գործ չէ, և դա օգտավետ չէ ոչ մեկիս»:
ԱՀ ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ եթե կան ինչ-որ խնդիրներ, կարելի է քննարկման նյութ դարձնել դրանք, անուններ, հարցեր ներկայացել: «Մեզ համար շատ վտանգավոր է անընդհատ փորձել մեր մեջ ինչ-որ հակառակորդներ որոնել, ինչ-որ խնդիրներ որոնել, սա միանշանակ կործանարար է, և պետք է անընդհատ խույս տանք նման բաներից, վերջիվերջո մենք փոքր ժողովուրդ ենք և փորձել արգելապատնեշներ, բաժանարար գծեր դնել սա համենայն դեպս ոչ մեկին օգուտ չէ»,- եզրափակեց նա:
Հեղինակ Ամալյա Առաքելյան