«Սոսե» մանկապարտեզում մեկնարկել է կարուձեւի եւ ասեղնագործության դասընթացը
27 Օգոստոս 2019 Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզում` օգոստոսի 26-ին մեկնարկել է ՀՕՄ-ի Արցախի միավորի եւ Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խմբի կողմից համատեղ նախաձեռնված կարուձեւի եւ ասեղնագործության դասընթացը:Արցախում պատրաստված արվեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում վաճառքի հանող «Թեւանիկ» խումբը պատահական չէ ձեռնարկել կարուձեւի դասընթաց:
«Պատրաստի աշխատանքները վաճառքի ենք հանելու Իրանում: Բացի այդ, դասընթացը հնարավորություն է տալիս տեղացիներին զարգացնել իրենց հմտությունները՝ լուծելով կանանց զբաղվածության հարցը»,- ասել է դասընթացի մասնակիցներին կարուձեւի հմտությունները փոխանցելու նպատակով Իրանից Արցախ ժամանած Սվետա Դանիելյանը:

Ծրագիրն Արցախում նախաձեռնվում է 3-րդ անգամ: Մեկ շաբաթ տեւող դասընթացին մասնակցում են շուրջ 50 կանայք եւ աղջիկներ՝ Ստեփանակերտից եւ Արցախի մի քանի շրջաններից:
Դասընթացի ընթացքում օգտագործվող 13 կարի մեքենաներն ու կարուձեւի համար անհրաժեշտ հարակից բոլոր պիտույքները տրամադրել է «Թեւանիկ» խումբը: ՀՕՄ-ի Արցախի միավորն իր մասնակցությունը ծրագրին բերում է շրջանների մասնակիցների ճանապարհածախսը եւ դասընթացի բոլոր մասնակիցների ճաշը հոգալով:
«Դասընթացը փորձի փոխանակման եւ նոր կարողություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռնում, եւ ելնելով մասնակիցների խանդավառությունից, կարող եմ ասել, որ այն ծառայում է իր նպատակին»,- ասել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը:
Լուսինե Թեւոսյան
aparaj.am