Չկա տնտեսության զարգացման ռազմավարություն
03 Սեպտեմբեր 2019 ԵՏՄ անդամությունից հրաժարումը կարող էր հանգեցնել էլ ավելի բացասական հետեւանքների Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 3-ին ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանը եւ միության մյուս անդամ երկրները 70 տարի գոյություն են ունեցել մեկ տնտեսական միջավայրում, ինչը թույլ է տալիս հաստատել ավելի արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։ «Հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն աշխատում արտահանական կողմնորոշում ունեցող տնտեսության ուղղությամբ, ինչ է արվում դրա համար, բացի այն ելույթներից, թե գլուխներում աղքատությունն է տիրում։ Չկա տնտեսության զարգացման ռազմավարություն, այդ թվում օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունների հարցում։ Դրա փոխարեն ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությունները չեն ցանկանում գնալ ռիսկի եւ միջոցների ծախսման արդյունավետ քաղաքականություն վարել։ Ներդրողին ամենից շատ վախեցնում է այն, երբ խոսում են մի բանի մասին, իսկ իրական պատկերն այլ է, ընդ որում՝ օրեցօր խոսքերն ու իրականությունը տարբերվում են ավելի ու ավելի»,- նշել է նա։
Ավետիսյանն ավելացրել է, որ պետական պարտքի սպասարկման ռիսկեր կան, բայց դրանք կառավարելի են, ինչը կապված է մակրոտնտեսական կայունության հետ, որը դեռ պահպանվում է։ «Արտաքին պարտքի առկայությունն ինքնին սարսափելի երեւույթ չէ։ Հարցն այն է, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները։ Եթե պետությունը չի կարող կատարել իր պարտավորությունները եւ արդյունավետ ծախսել ներքին ռեսուրսները, ապա ինչպես է այն օգտագործելու արտաքին փողերը»,- ամփոփել է նա։
Այս տարվա տնտեսական ցուցանիշները խիստ զիջում են անցած տարվա ցուցանիշներին, ասաց Թադեւոս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ եթե 2019թ. հունվար-հունիս ամսիներին ակտիվությունը կազմել է 6,8%, ապա 2018թ. նույն ժամանակաշրջանում ակտիվությունը կազմել է 9,1%, ապա քաղաքական պատճառներով որոշակի անկում է տեղի ունեցել, եւ ակտիվությունը, 2018-ի արդյունքներով, կազմել է 5,2%:
«Իշխանությունները խոսում են 21% ներդրումային աճի մասին, սակայն չեն նշում, որ ուղիղ ներդրումներն ընկել են 11%-ով, ինչը կապված է ներդրումային ռիսկերի առկայության հետ, որոնք դեռեւս պահպանվում են: Աննախադեպ չեն լինի նաեւ հարկային մուտքերը: Նույնիսկ եթե իշխանությունների նշած 62-64 մլրդ դրամի չափով հավաքագրումներն իրականացվեն, ապա աճը կկազմի 15%, ապա՝ ընդամենը 2-3%-ով ավելի, քան վերջին տարիների ցուցանիշները»,- ասաց փորձագետը:
Նա հավելեց, որ առաջին կիսամյակի ընթացքում արտահանումը գրանցել է 0,5% անկում, եւ միայն հուլիսի ցուցանիշները հաշվի առնելով՝ գրանցվել է 3,5% աճ՝ համեմատած անցած տարվա հետ, այն դեպքում, երբ 2018թ. 4-5 ամսվա ընթացքում գրանցվել է արտահանման 25% աճ:
ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ վարձու աշխատողների թիվը կազմել է մոտ 576 հազարը, եւ 7 ամսվա ընթացքում ցուցանիշն աճել է 9%-ով: Սակայն աշխատատեղերի կեսը ստեղծվել է մինչ հեղափոխությունը, այն դեպքում, երբ 2018թ. աճը կազմել է 10%: Միջին աշխատավարձն աճել է 5-6%-ով: 2017-2018թթ. եւս նույն դինամիկան է եղել: Այդ ֆոնին գրանցվել է գործազրկության աճ (16 հազար մարդ), այդ դեպքում, երբ 2018թ. այդ թիվը նվազել է՝ 5 հազար մարդ: Գործազրկությունը 21%-ից աճել է՝ հասնելով 22%-ի: Զբաղվածների թիվը եւս նվազել է՝ 0,2 կետով:
Ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվն աճել է 572-ով: Մշտական բնակությունը նվազել է 8200-ով:
Թադեւոս Ավետիսյանը նշեց, որ տարեվերջին տնտեսական ակտիվության ցուցանիշը կլինի 4-5% մակարդակի վրա՝ հաշվի առնելով գյուղատնտեսությունում անկումը, ինչը հեղափոխական ցուցանիշ չէ, նման ցուցանիշ է գրանցվել գրեթե ամեն տարի:
«Զբաղվածության ծրագիրն իրականացվել է 25%-ով, իսկ վերապատրաստման ծրագիրը՝ ընդամենը 10%-ով: Իշխանություններն այդ հարցի պատճառները բացատրում են նրանով, թե ձայների 70%-ն են ստացել եւ գիտեն՝ ինչ են անում: Սակայն արդյունավետ սոցիալական քաղաքականության փոխարեն տեսնում ենք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ձգտումներ: Չկա նաեւ «ստվերից» տնտեսության խոստացված դուրսբերում»,- հստակեցրեց նա:
Տնտեսագետը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում իշխանություններն ասում էին, թե 2030թ. բնակչությունը կհասնի 6 միլիոնի, ապա ամեն ինչ փոխվեց, եւ այժմ խոսում են մինչեւ 2050թ. 5 միլիոնի մասին, սակայն չկան կոնկրետ գործողություններ եւ ժողովրդագրական քաղաքականության արդյունավետ իրականացման ծրագրեր: