Մտահոգիչ ցուցանիշ. Օտարերկրյա ներդրումները Հայաստանում պակասել են 30 մլրդ դրամով
23 Սեպտեմբեր 2019
Սեպտեմբերի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է ՀՀ կառավարության տնտեսական օրակարգին՝ նշելով, որ 2019թ. առաջին կիսամյակում բավական մտահոգիչ ցուցանիշ է գրանցվել օտարերկրյա ներդրումների մասով:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/QpfBfYH8_rI
Ծրագրված կապիտալ ծախսերի 74 տոկոսը չի կատարվել
Ծրագրված կապիտալ ծախսերի 74 տոկոսը չի կատարվել, լրագրողների հետ զրույցում ասաց Թադևոս Ավետիսյանը: Ըստ նրա` հիմնավորումը, թե չկան բավականաչափ մեխանիզմներ այդ ոլորտի կոռուպցիան կանխարգելելու համար, հիմնավոր բացատրություն չէ:
«Այդ գումարները պետք է ծառայեին ՀՆԱ-ի աճին, տնտեսության մեջ լրացուցիչ պահանջարկի խթանմանը, ինչը շատ կարևոր է, սակայն, երբ պետական հարկերը հավաքվում են և ծախսերը չեն կատարվում կամ թերակատարվում են, այստեղ արդեն տնտեսության զարգացման բացասական ազդակներ են արձանագրվում: Սա ազդեցություն է թողնում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում հատկապես, քանի որ այսօրվա չկատարված կապիտալ ծախսերը զսպող գործոն են լինելու հաջորդ տարվա տնտեսական աճի տեսանկյունից»,- նշեց նա:
Անդրադառնալով գրանցված աշխատողների թվի աճին` տնտեսագետն արձանագրեց, որ ստվերից աշխատողներին դուրս բերելու գործընթացը մեկնարկել է 2017-ի վերջերից:
«2018-ի առաջին չորս ամիսներին գրանցված աշխատողների թվի աճը միջին հաշվով մոտ 40 տոկոսով ավելի է եղել, քան դրանից հետո: 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թիվն ամսվա կտրվածքով միջինում աճել է շուրջ 7.000-ով, իսկ այս տարվա մայիսից մինչև օգոստոս` 4100-ով: Այսինքն` աճի տեմպը միջին ամսական նվազել է 40 տոկոսով»,- մանրամասնեց Ավետիսյանը:
Դաշնակցական տնտեսագետը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2019-ի առաջին եռամսյակի տվյալներով` գործազուրկների թիվը 16.000-ով ավելացել է, այսինքն` մեկ տոկոսային կետով, ըստ այդմ` 21 տոկոսից գործազրկության մակարդակը դարձել է 22 տոկոս:
«Բացի այս, նվազել է զբաղվածության մակարդակը, և այս պարագայում խոսել 7 ամսվա ընթացքում պետական ծրագրերով տեղավորված 1000 աշխատողից, ուշագրավ չէ, երբ այդ ցուցանիշը ժամանակին 3-4 անգամ ավելի էր, քան նախորդ տարիներին: Կամ կենսաթոշակային համակարգում արձանագրվեց, որ 3.8 միլիարդ դրամի խնայողություն ենք ունեցել, ասեմ, որ նախորդ տարիներին սրանից էապես բարձր խնայողություն է եղել, որի համար ներդրվել է էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը` ապահովելով առավել թափանցիկ կառավարում»,- լրացրեց նա:
Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա, ըստ Թադևոս Ավետիսյանի, 2015 թվականից հետո բարձրացում չի եղել և շուրջ 15 տոկոսով ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղից, և շեղումն ամեն օր ավելի է մեծանում:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
168.am
100 փաստերի թվում բացասական ցուցանիշները չեն նշվում
Նիկոլ Փաշինյանի հրապարակած 100 փաստերում տեղ չեն գտնում նոր իշխանությունների արձանագրած բացասական ցուցանիշները, որոնցից մեկն, ըստ տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի, ժողովրդագրության անկում ապրած ցուցանիշներն են: Պարոն Ավետիսյանը, ասաց, որ անցյալ տարվա վեց ամիսների համեմատությամբ, այս տարվա վեց ամիսների տվյալներով, 8200-ով մշտական բնակչության թիվը կրճատվել է, ծնունդները, նույնպես, ճիշտ է քիչ, բայց 150-ով նվազել են, մահացության ցուցանիշն էլ բարձրացել է: Տնտեսագետը գտնում է, որ այս տեմպերով դժվար թե հասնենք 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու Փաշինյանի թեզին:
Թադեւոս Ավետիսյանը որպես բացասական փաստ մատնանշեց նաեւ պետական բյուջեի կապիտալ ծախսերը շուրջ 65 միլիարդ դրամով թերակատարումը: «Այն հիմնավորումները, թե չկան բավականաչափ մեխանիզմներ, այդ կոռուպցիան կանխարգելելու համար, սա բացատրություն չէ, որովհետեւ այդ գումարները պետք է ծառայեն համախառն ներքին արդյունքի աճին, տնտեսության մեջ լրացուցիչ պահանջարկ խթանելուն, ինչը կարեւոր է: Բայց երբ որ պետությունը հարկերը հավաքում է տնտեսությունից եւ ծախսերը չի կատարում, թերակատարում է, այստեղ արդեն բացասական ազդակներ են տնտեսության զարգացման առումով, մանավանդ՝ դրանք իրենց ազդեցությունը կթողնեն միջնաժամկետ, երկարաժամկետ հատվածում»:
Տնտեսագետը բացթողում համարեց բազմազավակ ընտանիքներին պետական աջակցման ծրագրերի բացակայությունը: Ըստ նրա, նոր Սահմանադրության պահանջներից է նաեւ այդպիսի ընտանիքների համար պետական աջակցության ծրագրերը՝ օրենքով. «Մինչդեռ այսօր ո՜չ այդ օրենքն ունենք, ո՜չ էլ այդ ծրագրերը: Ցավոք միջնաժամկետ ծախսային ծրագրերում՝ 2020-21 թվականների, հիմա նաեւ 22-ն է մշակվում չունենք նաեւ ապագա ծրագրերում այդ մասին առանձին հատկացումներ, ինչը եւս մտահոգիչ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
aravot.am