Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Nouvelles d’Arménie-ի վրա կատարված հարձակման հետևում կանգնած են թուրքերը
28 Հոկտեմբեր 2019Վստահ չեմ, որ Փարիզում հայկական կառույցների վրա կատարված երկու հարձակումները կապված են միմյանց հետ: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ֆրանսիայում հայկական կառույցների վրա տեղի ունեցած հարձակումներին, ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Nouvelles d’Arménie-ի տնօրենը համայնքում մեծ համարում ունի: Նա, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների նախագահ Արա Թորանյանը և ես CCAF-ի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ ենք, հետևաբար՝ այս միասնական կառույցի պատասխանատուներս հայ ժողովրդի թշնամիների համար թիրախ ենք»,-ասաց Փափազյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հարձակում էր տեղի ունեցել Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Arménie ամսագրի խմբագրության վրա: Այստեղ հանցագործները կոտրել էին խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ, երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ: Դեպքից հետո էլ հարձակում էր եղել Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում գտնվող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա:
Փափազյանի խոսքով` Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Nouvelles d’Arménie-ի վրա կատարված հարձակման հետևում կանգնած են թուրքերը, ընդ որում` այս հանցագործությունը կատարվել է երկու նպատակով.
«Առաջին պատճառը տեղեկություններ հավաքելն է, երկրորդը` վախի մթնոլորտ ստեղծելը: Ցանկանում էին ցույց տալ, որ կարող են նաև ֆիզիկապես վնաս հասցնել: Վստահ կարող եմ ասել, որ Ֆրանսիայում թե՛ պատգամավորները, թե՛ կուսակցությունները, թե՛ մտավորական շրջանակների ներկայացուցիչները, թե՛ լրագրողները մեր կողքին են, սատարում են մեզ»,-նշեց Փափազյանը: