ՀՅԴ աշխարհի Երիտասարդական և Ուսանողական միությունները միանում են Հայաստանի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը
07 Նոյեմբեր 2019 Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու հայտարարություններով: Վերջիններս միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին և իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել ուսանողական շարժմանը.
Հայաստանի ուսանողական շարժմանն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միությունը, ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը , ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպությունը, որոնք ևս իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրել են կոչեր, Երևանում անցկացվող հանրահավաքների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կարգախոսներով մակագրված լուսանկարներ:
ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունն այդ առթիվ տարածել է նաև հատուկ հայտարարություն, որտեղ ասված է.
«Կը զօրակցինք ՀԵՄ-ին
Արայիկ Յարութիւնեան, ՀՀ կրթութեան նախարարը կը ցանկանայ հանել հայոց լեզուի եւ պատմութեան պարտադիր ուսուցումը համալսարաններէն: ԱՆ նաեւ կը ցանկանայ հեռացնել հայ եկեղեցուոյ պատմութիւնը դպրոցական կրթական համակարգէն: Ասոնք քայլեր են, որոնք ուղակիօրէն կը հարուածեն մեր ազգային ինքնութեանն ու նկարագրին։
Նոյն ԿԳ նախարարը միլիոնավոր դրամներ կը տրամադրէ մեր մշակոյթին չհամապատասխանող ձեռնարկներուն, անտեսելով հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնութիւնները:
Այդ պատճառով, ՀԵՄ-ը եւ նաեւ ուսանողներ կը պահանջեն Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:
Կ’ուզենք նաեւ շեշտել թէ իշխանութեան փորձերը, Դաշնակցութեան մէջ բաժանարար գիծեր գտնելու ի սկզբանէ ձախողած են։ Դաշնակցութիւնը մէկ եւ միասնական կուսակցութիւն է, Հայաստանով եւ սփիւռքով։
Կ’աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:
#պատվովհեռացիր #Démission»:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունն ու «Շանթ» ուսանողական միությունն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ուսանողներին, ովքեր պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է.
«Նախարարի առաջարկած քաղաքականությունը խստորեն վտանգում է այն արժեքներն ու պահանջները, որոնք բխել են 2018-ին ժողովրդական շարժումից մեր հայրենիքում: Արայիկ Հարությունյանն առաջարկել է` հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների շարքից: Կրթությունն այս ոլորտներում, որպես ազգայինա արժեք, հայրենիքում քաղաքացիների անբաժանելի ազգային ինքնության մասն է, և այդ տարրերը հեռացնելը ստեղծում է գիտելիքների անդունդ հասակակիցների և սերունդների շրջանում: Նախարարի վերաբերմունքն այն արժեքների նկատմամբ, որոնք սփյուռքը շարունակում է բարձրացնել և խթանել համալսարանական մակարդակի ուսանողների շրջանում, ամբողջովին անընդունելի է
Ավելին, նախարարը հարցազրույցներից մեկում անդրադարձավ իր հրաժարականի պահանջներին՝ասելով, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Մենք հրաժարվում ենք ընդունել նախարարի հայտարարությունների բաժանարար բնույթը: Որպես այսօր Հայաստանում կրթության դեմք՝ մենք հուսով ենք, որ համենայն դեպս, պարոն Հարությունյանը գիտի, որ մեր կազմակերպությունները ապակենտրոնացված են աշխատանքում, բայց ոչ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ կհամախմբվենք կանգնելու ի պաշտպանություն մեր լեզվի, ժառանգության և ինքնության»:
Միության ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրվել է նաև Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «# պատվով _ հեռացիր » մակագրությամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Լիբանանի Երիտասարդական միությունը տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիային.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ՀԵՄ-ականներ, Բեյրութից ՀՅԴ ՀԵՄ ընկերների անունից ցանկանում եմ զորակցություն հայտնել ձեզ այս օրերին Հայաստանում ձեր կազմակերպած նախաձեռնությունների համար: Մենք հպարտություն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր ընկերները առաջնագծում ազգային արժեքների պաշտպանության և ազգային պետությանը սպառնացող սադրանքների դեմ հանդիման են: Ցավոք այսօր մենք այդտեղ չենք և հակառակ մեր ցանկության չենք կարող ուղղակի մասնակցություն բերել հայրենանպաստ գործունեության: Բայց կգանք հաստատելու, որ ձեր բարձրացրած խնդիրները մեզ նույնպես մտահոգում են: Ձեր հնչեցրած զգոնության կոչը մեր բոլորիս խղճի ձայնն է: Կուզենք նաև մեր միության ափսոսանքը հայտնել դրսի և ներսի դաշնակցականի կեղծ օրակարգի տեսական շահարկումների համար: Կհորդորենք կեղծ օրակարգով չկոծկել իրական խնդիրները, որովհետև այդ վարքագիծը կտանի լճացումի և հիասթափության մեծ ալիքի: Եվս մեկ անգամ կցանկանանք ասել մեր ընկերնեին, որ ձեր կողքին ենք՝ ազգային արժեքների պահպանման և ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին», – ասված է տեսաուղերձում:
ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունը արձագանքել է Արայիկ Հարությունյանի որակումներին և իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է կոչ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՉԿԱ՛Յ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ԿԱ ՄԵ՛Կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»:
ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միությունը տարածել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Բոլորս մէկ ենք: Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէ՛կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»։ Երիտասարդական միության ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրել է նաև Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «# պատվով _ հեռացիր » մակագրությամբ:
Շարժմանն է միացել նաեւ ՀՅԴ ՌՈւԵ միությունը: Վերջինս իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությանն ու պահանջում է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը.
«Մենք անընդունելի ենք համարում կրթության և մշակույթի ոլորտի Հայաստանի ներկա քաղաքականությունն ու ՀՀ ԿԳՍՄ նախարարի աշխատանքը գնահատում ենք անբավարար:
Հայագիտական առարկաների արժեզրկումն ու դերի նվազեցումը, քրիստոնեական դաստիարակության դեմ մեկնարկած պայքարը, ազգային արժեհամակարգին անհարիր մշակույթի խրախուսումն ու արկածախնդիր նախաձեռնությունները ուղղակի հարված են Հայ Ազգի միասնականությանն ու երիտասարդ սերնդի հոգևոր-բարոյական զարգացմանը:
Ակնհայտ է, որ նախարար Հարությունյանն ու իր թիմը պատերազմ են հայտարարել հայ մշակույթին և ազգային արժեհամակարգին՝ ակտիվ պայքար մղելով նաև այն ուժերի դեմ, ովքեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում խոչընդոտում են իրենց ազգադավ քաղաքականության իրագործմանը: Այս գործընթացն օր առաջ անհրաժեշտ է կասեցնել, քանզի շարունակությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
ՀՅԴ Ռուսաստանի Ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ երիտասարդներին տեր կանգնել իրենց արժեքներին, թույլ չտալ, որ օտարածին ախտերը թուլացնեն մեր պետականության հիմքերը, և միանալ հայաստանյան մեր եղբայրների և քույրերի արդար պայքարին:
ՀՅԴ Ռուսաստանի «Լևոն Շանթ»
ուսանողական-երիտասարդական միություն»
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիային է միացել Արցախի Երիտասարդական Միությունը.
«Դաշնակցական երիտասարդի համար առանցքային և անշրջելի է ազգային գաղափարական ուղին:
Բոլոր ապազգային և օտարածին երևույթներն ու դրանց հետևորդները երբեք տեղ չունեն հայ իրականության մեջ:
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պառակտված տեսնելու ցանկություն ունեցող բոլոր անձանց հիշեցնում ենք, որ չկա «ներսի» և «դրսի», կա մեկ միասնական և միակամ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որը ներկայացնում է համայն հայ ազգի շահերը թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի Հանրապետություններում:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Հայաստանի երիտասարդական միության կողքին է, քանզի ազգային արժեքներով սնվող հայ ժողովրդի միասնական կամքի և պայքարի հաղթանակը կանխորոշված է:
#պատվովհեռացիր»
ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «Պատվով հեռացիր» մակագրությամբ, ինչպես նաև ՀՅԴ աշխարհի մի քանի տասնյակ երկրների ուսանողական – երիտասարդական միությունների տարբերանշաններով լուսանկարը՝ կից հետևյալ գրությամբ.
«Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէկ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ: @arayik.harutyunyan.official @arfhem
#ayflondon #ayf #պատվով_հեռացիր #armenianrevolutionaryfederation #tashnag»:
Մոնրեալի Հայ ուսանողական միության հայտարարությունը.
«Մոնրէալի Համալսարանի Հայ ուսանողական միությունը զորակցում է շարժմանը
Արդեն մի քանի օր է ՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության և նոր վարդապետության հետևանքների վերաբերյալ:
Նախարարությունը որոշել է , որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չեն լինելու ։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետևաբար և պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:
Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին և մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը:
Այս փոփոխությունները անհանգստացնում են ոչ միայն հայաստանյան համալսարանական դասի և ոլորտի մասնագետներին, այլև հայ սփյուռքի հայ ուսանողներին.
*
Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է Պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։
Ուստի, պահանջում ենք՝
– Հաշվի առնելով հայապահպանության գործում հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի և հայ առաքելական կրոնի պաշտպանելու կարևորությունը,
– Հավատալով, որ հայ ուսանողների հայոց պատմության և լեզվի ընդհանուր կրթությունը հիմնարար և անվերապահ հիմք է համալսարանական բնակչության բարձրագույն կրթության համար,
– Ակնկալելով, որ նախարարությունը կհամագործակցի բոլոր ներգրավված կողմերի հետ, ներառյալ ասոցատիվ և քաղաքական շրջանակները։
Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան՝
– Կոչ է անում նախարար Հարությունյանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները և չբաժանել Հայրենիքն ու Սփյուռքը,
– Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմության և հայ գրականության պարտադիր հանրակրթությունը ուսումնական հաստատություններում, նամանավանդ , այս ավելի ու ավելի համասեռված աշխարհում,
– Շեշտում է սփյուռքի դպրոցների և հայկական համայնքների վերաբերյալ այս նոր վարդապետության հնարավոր սոցիալ-քաղաքական հետևանքները,
– Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատված բարձրագույն կրթության տարբեր մոդելները, ներառյալ Կանադա-Քվեբեկի համակարգը,
– Նշում է, որ անհանգստացնող է նախարարի քաղաքական անկայունությունը մշակութային բնագավառում նախագծերի ֆինանսավորման առումով, որը սպառնում է հայկական ինքնությանը և մշակույթին։
Փոքր ժողովուրրդների լեզուների պահպանությունը մեր ժամանակների դժվարին պրոբլեմներից է և այն նրա զավակների ձեռքում է։
Պահպանենք մեր միամորիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնությունն ու կրոնը։
Մենք, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների եւ քոյրերի շարժման։ Մենք ձեր կողքին ենք։
AÉAUM- ի Գործադիր Մարմին
2019 թ. Նոյեմբերի 8»: