Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում
08 Նոյեմբեր 2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը:«Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում», - ասաց Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդներին, ովքեր գիշերել էին նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ թեզերից են բողոքում երիտասարդները՝ նշելով, որ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները ոչ թե նախարարությունը, այլ կառավարությունն է իրականացնում:

«Ինչի որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկ դեմ չէր լինի, չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում ՀՀ կրթական քաղաքականությունը, այն իրականցնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում այդ թեմային անդրադարձել եմ», – ասաց Փաշինյանը:
Ցուցարարները դժգոհեցին նաև նախարարի՝ դաշնակցականներին ուղղված արտահայտություններից, Փաշինյանն էլ ասաց, որ չի կարծում, թե նախարարը նման վիրավորական արտահայտություններ արած լինի:
Հիշեցնենք, երեկ նախարարը ասել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։
«Խիստ կասկածում եմ, որ այսպես ասած լինի: Չի կարող այդպիսի գնահատական լինել», – ասաց Փաշինյանը:
«Պարոն վարչապետ, մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ ինքը հրաժարական տա: Ժամ առաջ ազատվեք, որ ձեր վրա էլ չգա: Դիմադրեք պարոն վարչապետ», – ասաց ցուցարարներից մեկը:
Երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին իրենց հետ հանդիպման եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փոխանցել նախարարին:
«Սա իր արած հայտարարությունները և ժետոնը, խնդրում եմ փոխանցեք», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ վարչապետին փոխանցելով երեկ ՀՅԴ մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների տպագիր տարբերակը:
Մետրոյի ժետոնն էլ երիտասարդները փոխանցեցին՝ պդնելով, որ եթե Հարությույանը չգիտի, թե ինչ վերաբերմունք կա հասարակության մոտ նրա նկատմամբ, ապա կարող է մետրոյով տուն գնալ և հարցնել մարդկանց:
«Ինքը, կարծում եմ, 100 դրամ կունենա», – ասաց Փաշինյանը, մինչդեռ ակցիայի մասնակիցը պնդեց, որ Փաշինյանը հենց իրենց տված ժետոնը փոխանցի նախարարին՝ ասելով.
«Ժողովրդի ժետոնը փոխանցեք»:
Փաշինյանը վերցրել ժետոնն՝ ասելով. «Ժողովրդի ժետոնը ես կպահեմ որպես հիշատակ»: