Միացե՛ք ազգային արժեքների պաշտպանության մեր պայքարին
13 Նոյեմբեր 2019 «Հարգելի´ ուսանողներ, հարգելի՛ երիտասարդներ, արդեն որերորդ օրն է՝ մենք գալիս ենք այստեղ՝ կոչով ձեզ դիմելու, ձեզ խնդրելու, որ միանաք ազգային արժեքների պաշտպանության՝ մեր պայքարին»,- ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքի մոտ ցուցարարներին միանալու կոչով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երթի մասնակից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նա հայտարարեց նաև, որ այսօր իրենց շարքերում կանգնած են արժեհամակարգ թելադրող բազմաթիվ դասախոսներ, և կրկին կոչ արեց միանալ իրենց պայքարին. «Միացե՛ք ձեր դասախոսներին: Միացե՛ք նրանց արդարացի պայքարին: Միացե՛ք ձեր սերնդակից ուսանողներին: Միացե՛ք մեր լեզվի, մեր պատմության, եկեղեցու համար մղվող պայքարին»:
Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ այսօր որոշ ապազգային երևույթներ ձեռք են բարձրացրել մեր ազգային արժեքների վրա: «Մենք կա՛մ պետք է բռնենք այդ ձեռքը, կա՛մ պետք է կտրենք այն: Մենք թույլ չենք տա, որ կեղտոտ ձեռքերով կեղտոտեն մեր լեզուն, կեղտոտեն մեր կրոնը, կեղտոտեն մեր պատմությունը: Մենք դա թույլ չենք տա»,- հայտարարեց նա:
Վարդանյանը դիմեց նաև մտավորականներին, երգիչներին, դերասաններին՝ որքա՞ն են լռելու:
yerkir.am