Չփորձե՛ք սեւացնել շարժումը
14 Նոյեմբեր 2019 Բողոքի ցույցերն՝ ընդդեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման, շարունակվում են: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ցույցի մասնակիցները ԿԳՄՍ-ի շենքի մոտից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ տեղի էր ունենում հերթական նիստը:ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Գերասիմ Վարդանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ Մել Դալուզյանն իր պաշտպանության տակ է. «Եթե վարչապետն իր պաշտպանության տակ է առնում Մելինե Դալուզյանին, ապա երիտասարդությունն իր պաշտպանության տակ է առնում հայոց լեզուն, հայոց պատմությունը և Հայ եկեղեցու պատմությունը»:
ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնության անդամ Գոռ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ սա երիտասարդության ազնիվ ու արդար պայքարն է և չպետք է փորձել այն կապել այլ բաների հետ.«Եթե գիտեք Հայաստանում այնպիսի մարդկանց, որոնք կոռումպացված են և իրենց գործունեությամբ վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանը, ապա ձերբակալեք նրանց և մի փորձեք մեր հարցերի պատասխանները շրջացնել այդ հանգամանքները առաջ քաշելով»:

ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը նշեց, որ այս պայքարը ամենևին նեղ շրջանակում չի իրականացվում. «Բողոքի ցույցերին միացել են Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները, մեզ է միացել Շիրակի պետական համալսարանը, հայտարարությամբ հանդես եկավ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, նախազգուշական 1-օրյա գործադուլ հայտարարեցին ԵՊՀ ավելի քան 50 դասախոս, «Ապրիլյան պատերազմի մասնակիցների դիրքապահ» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցություններ և միություններ»:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իրենց բերած աթոռը մնալու է կառավարության շենքի առաջ, քանի որ այն խորհրդանշում է Արայիկ Հարությունյանի` աթոռից կառչած լինելը:
Ցուցարար ուսանողները կոչ արեցին իրենց շարժումը չսեւացնել եւ չկապել կոռուպցիայի հետ:
Ցույցի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաև աթոռ, որը վերջում թողեցին կառավարության շենքի դիմաց, ի նշան այն բանի, որ Արայիկ Հարությունյանը կառչած է իր աթոռից: