Նախարարի հետ հանդիպման պահանջին հաջորդեցին ոստիկանության բռնի գործողությունները
03 Դեկտեմբեր 2019
Այսօր, դեկտեմբերի 3-ին ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Նրանք հավաքված մարդկանց ներկայացրեցին, թե ինչ պահանջների շուրջ են ցանկանում խոսել նախարարի հետ:
Քիչ անց նախարարությունից փոխանցեցին, թե առհասարակ ինչ կարգով է տեղի ունենում նախարարի ընդունելությունը: Սա իհարկե նշանակում էր մերժում, այն էլ նախարարի, արդեն ծանոթ, ցինիկ ոճով:
Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝հանդիպելու նախարարին։
Ճեղքելով ոստիկանական պատը, ցուցարարները հավաքվեցին շենքի դռան դիմաց: Քիչ անց, ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, հեռացրեց նրանց շենքի մոտից: ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը:
«Մեր պայքարը չի ավարտվում, Արայիկ Հարությունյանը մեզ համար այլեւս նախարար չէ: Թող նա մեզ սպասի իր բոլոր ասուլիսների ժամանակ, բոլոր այն վայրերում, ուր ինքը կլինի: Մեր բոլոր քայլերով մենք նրան հասկացնելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականությամբ նախարար չի կարող լինել: Արայիկ Հարությունյանին կսպասեն նաեւ 22-23 երկրներում, ուր նա կգնա իր պաշտոնական, իհարկե անլեգալ, այցելությունների ծրագրով»,- լրագրողներին ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:
Շարունակո՞ւմ եք պահանջել հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ՝ հարցին, հնչեց պատասխան․ «Ո՛չ, Կարող ենք հանդիպել և քննարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի տեքստը»։
Այդ ընթացքում ավելի ու ավելի էր ստվարանում ցուցարարների մոտ գտնվող ոստիկանների թիվը: Որոշ ժամանակ զգուշացնելուց հետո ոստիկանները բռնի ուժով ցուցարարներին քարշ տվեցին դեպի ոստիկանական մեքենաներ եւ տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի ու Էրեբունու բաժիններ: Ընդհանուր հաշվով բաժիններ են տեղափոխվել 24 երիտասարդներ: Նախարարության առջեւ գտնվող մարդիկ եւս շարժվեցին դեպի ոստիկանության բաժիններ: Այսպիսով, ինչպես ցուցարարներից մեկն ասաց. «Ոստիկանությունը ոչ թե ծառայում է ժողովրդին, այլ օրվա իշխանությանը․ոչինչ չի փոխվել՝ նույն անհարգալից վերաբերմունքը, նույն խեղդելը, նույն միջոցները, որ կիրառում էին քաղաքացու հանդեպ նախկինում, հիմա էլ են կիրառում։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը կոչ արեց Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ հետևալ բացատրությամբ. «Ես տապալել եմ քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, իմ գործողություններով չեմ նպաստել պետականամետ և զարգացած քաղաքացու կերտմանը, ուստի խնդրում եմ ինձ ազատել նախարարի պաշտոնից»։
Կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան մարմիիններին, ՄԻՊ-ում աշխատող բոլոր ահնատներին՝օգնություն ցուցաբերել մեզ, որպեսզի խուսափենք մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:
Վարդանյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման ենթարկված այլ ցուցարարների ազատ արձակումից հետո էլ կհայտարարվի հետագա անելիքների մասին:
Ավելի ուշ՝ բերման ենթարկվելուց երեք ժամ անց, երիտասարդները ազատ արձակվեցին:
https://youtu.be/7xJF9CZSaSc