ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի մամուլի ասուլիսը
09 Դեկտեմբեր 2019 Այսօր դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի ժողովասրահում տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի մամուլի ասուլիսը:Ասուլիսի մասնակիցները զեկուցեցին դեկտեմբերի 5-7-ը Երևանում կայացած ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և խորհրդի կողմից գումարված ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական եռօրյա համահայկական խորհրդաժողովի աշխատանքների, ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական միությունների հայեցակարգի,
ռազմավարական նպատակների, միությունների համաշխարհային ցանցի և դրանց առնչվող աշխատանքների ու ծրագրերի մասին:
Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, ՀՅԴ Երիտասարդական-ՈՒսանողական միության հրավիրած մամուլի ասուլիսին ասաց երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը։

«Այնպես որ, մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին», – ասաց Արշակ Մեսրոպյանը։
Նա նշեց, որ Երևանում տեղի ունեցած խորհրդաժողովն իր ընդվզումն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ.
«Խորհրդաժողովը դատապարտեց դրանք, միություններն էլ առանձին հայտարարություններով դատապարտեցին այդ երևույթները»։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ շարունակելու են իրենց թիվ 1 օրակարգի շուրջ զարգացումները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում վարվող քաղաքականության վերաբերյալ:
«Շարունակում ենք պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ։ Դրա միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, ով չգնաց հանդիպման երիտասարդների հետ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կունենանք նմանատիպ ակցիա։ Մեր գործողությունների մասին կտեղեկացնենք», – ասաց նա:
Ասուլիսի ընթացքում երիտասարդները պատասխանեցին լրագրողների հարցերին: