Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարող է մտնել փակուղի
11 Դեկտեմբեր 2019 Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրումը մի քանի խնդիր կլուծի։ Այս մասին, այսօր, դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։Նրա խոսքով՝ դա հայկական կողմին հնարավորություն կտա հիմնավորելու շփման գծում հայ զինծառայողների առկայության փաստը, ինչը հաճախ մատնանշում է ադրբեջանական կողմը։ «Երկրորդ՝ երեւույթը հասկանալի կդառնա նաեւ միջազգային հանրության համար։ Չպետք է վախենալ այն բանից, որ պայմանագրի ստորագրումը կարող է ոչ միանշանակ արձագանքի արժանանալ միջազգային որոշ գործընկերների կողմից, քանի որ հակամարտությունն ինքնին պարզ չէ, եւ հեշտ ճանապարհներ չեն լինելու»,- ընդգծեց նա։

Մանոյանը նկատեց, որ ճիշտ չի լինի ասել, թե Հայաստանը ոչ մի ձեւով չի ճանաչել Ղարաբաղը, ինչի մասին վկայում են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության առկայությունը, տրամադրվող վարկերը, երկու հանրապետությունների պաշտոնյաների հանդիպումները։ «Ղարաբաղի համար կարեւոր է նման մակարդակի հարաբերություններ հաստատել 7-8 երկրների հետ, ինչն էապես կբարձրացնի նրա սուբյեկտությունը։ Այս առումով շատ կարեւոր է Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեությունը, եւ այս կետը պետք է ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր, առաջնահերթ ուղղությունների թվում»,- ասել է Կիրո Մանոյանը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարող է փակուղի մտնել,-ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները կատարում են այն նույն սխալները, ինչ եւ նախորդ իշխանությունները: «Խոսքը Ղարաբաղի պաշտոնական ճանաչման եւ ռազմաքաղաքական համաձայնագրի կնքման մասին է: Այդպիսի գործողությունները կարող են ազդել իրադրության վրա, սակայն Հայաստանի իշխանությունները չեն շտապում այս հարցերն առաջին պլան մղել»,- պարզաբանեց Մանոյանը:
Նա նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում հակասություն է դիտվում, դա, մասնավորապես, վերաբերում է մի կողմից՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» եւ «հակամարտության կարգավորման հարցում Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումները նույնական են» արտահայտություններին, մյուս կողմից՝ պնդում է արվում բանակցությունների սեղան Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտության մասին: «Կարող է հարց առաջանալ՝ եթե Ղարաբաղը Հայաստան է, ապա բանակցություններին ԼՂՀ-ի ինչ մասնակցության մասին կարող է խոսք գնալ»,- շեշտեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ առաջին երկու արտահայտությունները կարող են մեկնաբանվել որպես բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության բացակայություն:
Նրա համոզմամբ՝ Երեւանը պետք է պաշտոնապես հաստատի ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը: Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ Բրատիսլավայում ԱԳ նախարարի ելույթի տեքստի հատկապես անհետացած հատվածի միջադեպը բուռն ռեակցիա առաջացրեց, եւ այդ հատվածը հենց կապված է այն հանգամանքին, որ Ստեփանակերտը կարող է իրեն պաշտպանել, իսկ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:
Ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու մոտեցումները նման են հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին:
Նրա խոսքով՝ 1994 – 1995 թվականներին ՀՅԴ ներկայացուցիչները ենթարկվել են հետապնդումների, իշխանությունները ջանքեր են ներդրել, որ կուսակցության գործունեությունն արգելեն: «Նույն բանը տեղի է ունենում նաեւ հիմա: Չնայած այն փաստին, որ «զրոյական ազդեցության» մասին Փաշինյանի արտահայտությունը մի փոքր խեղաթյուրում են, վարչապետն, այնուամենայնիվ, պետք է հասկանա, որ ՀՅԴ-ն միասնական կուսակցություն է, այս պատճառով թե՛ արտաքին, թե՛ ներքին կառույցները հանդես են գալիս միասնական ճակատով»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում