Բազմաթիվ մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու
04 Փետրվար 2020 Բազմաթիվ մարդիկ իրենց տներն են գրավադրել, մեքենաներ ներկրել, և փաստացի վարկային բեռը տեղափոխվում է նաև բանկային ոլորտ և ռիսկայնությունն ավելացնում է այս ոլորտում։ Այդ մասին փետրվարի 3–ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։Տնտեսագետի խոսքով, 2019 թ. 190 հազար ներկրված մեքենաներն իրենց հստակ բաժինն ունեն տնտեսական աճի ցուցանիշում, բայց մի կարևոր խնդիր կա. բազմաթիվ մարդիկ իրենց տներն են գրավադրել, մեքենաներ ներկրել, և փաստացի վարկային բեռը տեղափոխվում է նաև բանկային ոլորտ և ռիսկայնությունն ավելացնում է այս ոլորտում։

«Այդ մեքենաները, որոնք չենք կարողանալու վաճառել, չեն կարողանալու իրացնել, քանի որ մեր ներքին պահանջարկը չորս անգամ ավելի պակաս է, քան ներկրված մեքենաները։ Ներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որ շղթայաբար կբերի նաև տնտեսական խնդիրների»,- նշեց տնտեսագետը։
Վերջինիս խոսքով, քաղաքացիների թվաքանակի փոփոխությունը՝ կապված մեքենաների ներկրման հետ, արձանագրվել է վիճակագրությամբ։
Շուրջ 26 հազար օտարերկրացու անձնագրով մարդիկ 2019 թվականին եկել, մնացել են Հայաստանում, դրա փոխարեն 35500 Հայաստանի քաղաքացի գնացել և չի վերադարձել. «Միգրացիայի բացասական ցուցանիշը 14700 է, որը վիճակագրությունը համապատասխան մեթոդով հաշվում է։ 2017 թվականին, օրինակ, այդ թիվը եղել է ավելի պակաս՝ 13500, 2018-ին՝ 10200»։