ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար
13 Հունիս 2020 ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), երբ այդ գումարները կարելի էր ուղղել բուն վարակի տարածումը կանխելու համար, մատնանշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրները այդքան գումար չեն բաժանել:
Հիշեցնեմ, որ դեռ մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն առաջարկել էր պետական միջոցները ծախսել հիվանդների բուժման, կարանտինային պայմանների ապահովման և պարենավորման վրա: Առհասարակ, անհնար է և հիմարություն կարանտինի պայմաններում խրախուսել տնտեսական ակտիվությունը: Ցավոք, կառավարությունը, տուրք տալով իր պոպուլիստական գործելաոճին, անտեսեց բոլոր առաջարկությունները և օգնության ձեռքերը:
Ներկայումս ճգնաժամը ավելի է խորանում, իսկ կառավարության զուտ ցանկությունը բավարար չէ խնդիրները հաղթահարելու համար: Հարկավոր է օր առաջ ապահովել ազգային ներուժի համախմբում` մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան