Բեյրութի պայթյունի հետեւանքով փլուզումների մասշտաբներն աննախադեպ են
07 Օգոստոս 2020
Բեյրութի պայթյունի հետեւանքով փլուզումների մասշտաբներն աննախադեպ են: Այս մասին հայտարարել է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը ողբերգական դեպքի օնլայն քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ նույնիսկ պատերազմ տեսածներն են ցնցված: Այս պահին հայտնի է համայնքում 11 զոհի եւ 250 վիրավորի մասին: Սակայն թվերը կարող են աճել, քանի որ կան անհետ կորածներ եւ ծանր վիրավորներ:
Նավահանգստի շրջանում տեղակայված գրեթե բոլոր տները վնասվել են: «Չկան դռներ եւ պատուհաններ: Կան անօթեւան մնացած մարդիկ: Այժմ իշխանությունները քննարկում են նրանց հյուրանոցներում կացարան տրամադրելու հարցը: Վնասվել են դպրոցները, եկեղեցիները: Շրջանը աղետի գոտի է հայտարարվել: Տարբեր պետություններ հայտնում են, որ պատրաստակամ են օգնել, արդեն օգնում են, օգնություն ենք ակնկալում Երեւանից»,-նշել է Գանտահարյանը: