Եթե բանակցային սեղանի շուրջ չեն խոսում, ապա կրակում են հրանոթները
22 Սեպտեմբեր 2020 Եթե բանակցային սեղանի շուրջ չեն խոսում, ապա կրակում են հրանոթները, Ադրբեջանը միջնորդ երկրներին, համաշխարհային հանրությանը փորձում է ցույց տալ, որ ինքը ռազմական գործողությունների միջոցով տարածաշրջանը կարող է ներքաշել անկայունության մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով:
«Սա միջնորդ երկրների համար մտահոգիչ է ոչ միայն այն տեսանկյունից, որ երկու երկրների միջև կվերսկսեն ռազմական գործողություններ, այլ կամա, թե ակամա միջնորդ երկրները, տարածաշրջանով հետաքրքրվող երկները նույնպես ստիպված կլինեն ներքաշվել այդ ամենի մեջ, որը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 20-րդ դարի սկզբից առ այսօր, հիմա ավելի ակտիվ փորձում է իր դերակատարությունը հաստատել Այսրկովկասում՝փորձելով դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից»,-ասաց նա։
Վահրամ Բալայանի՝ խոսքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ փորձում է խնդրին սրություն հաղորդել և այդ ամենում մեղադրել հայկական կողմին՝ մոռանալով որ վերջին տարիներին ճակատային գիծը բորբոքողը հենց ադրբեջանական կողմն է եղել՝ դիվերսիոն ներթափանցումից մինչև ապրիլյան պատերազմ, այլ դեպքեր։
Անդրադառնալով դիտարկմանը, որ հնչում են մտահոգություններ այն մասին, որ վտանգ կա, թե միջազգային հանրությունն արդեն հայկական կողմի վերաբերյալ մեղադրանքներ կարող է հնչեցնել, Վահրամ Բալայանն ասաց․ «Աշխարհաքաղաքական զարգացումների, տարբեր ուժային կենտրոնների շահերի հետ կարելի է կապել այն, որ ինչ-որ մի տեղ փորձում են Ադրբեջանին կարևորել։ Ակնհայտ են նաև այն ռեսուրսները, որոնք Ադրբեջանն այսօր ունի, լոբբիստական աշխատանքի համար ծախսվող միջոցները բերում են որոշակի արդյունքի։ Կարծում եմ՝ հայկական կողմը աշխատելու տեղ ունի, պետք է երկուՀանրապետությունների համապատասխան մարմիններն ավելի նախաձեռնող լինեն, առավել ակտիվ գործունեություն ծավալեն բարեկամների շրջանակը մեծացնելու տեսանկյունից և ընդհանրապես համաշխարհային հանրությանը խնդրի էությունը ներկայացնելու համար»,-ասաց նա։
Վահրամ Բալայանը ընդգծեց, որ չնայած հայկական կողմը բանակցությունների կողմնակից է, բայց պատրաստ է նաև պատերազմի և դա գործնականում ապացուցել է։