Հասունացել է պահը, որ Հայաստանը Արցախի հետ շատ արագ ստորագրի ռազմաքաղաքական համագործակցության դաշինք
04 Հոկտեմբեր 2020 Մենք չպետք է բավարար համարենք միջազգային արձագանքը, մինչև որ մեզ նման չարձագանքեն կատարվածին: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային արձագանքին։Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսելու հնարավորությանը, Կիրո Մանոյանն ասաց, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը` Կիրո Մանոյանը նախ ասաց, որ Արցախը դիմել է միջազգային համայնքին ճանաչման համար, իրենք էլ իրենց բոլոր կառույցներով աջակցում են: «Հայաստանը կարող է ճանաչել, սակայն պետք է շատ արագ ստորագրի ռազմաքաղաքական համագործակցության դաշինքը, հասունացել է այդ դաշինքը ստորագրելու պահը: Դաշինքի ստորագրումը իր մեջ ճանաչման տարրեր ունի, այնպես չէ, որ Հայաստանը ընդհանրապես չի ճանաչել, Հայաստանում կա Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր, պայմանագրեր կան, նաև միջկառավարական: Այնպես չէ, որ Հայաստանը ընդհանրապես չի ճանաչել, մի քայլ առաջ անելու հարց կա, բայց մինչ այդ անհրաժեշտ է ստորագրել դաշինքը»,-ասաց նա:
Մասնավորապես Ռուսաստանի արձագանքի համաչափ լինելու հարցի մասին Կիրո Մանոյանն ասաց, որ մանրամասները չգիտի, թե ինչ է անում և որքան է անում Ռուսաստանը և դրա համար չի ուզում գնահատական տալ և խոսքը հայտարարությունների մասին չէ: Ինչ վերաբերում է ռազմական հանգուցալուծմանը, ապա նա ասաց. «Մենք մեր գոյության իրավունքն ենք պաշտպանում, պետք է հաղթենք»