Ադրբեջանին մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի
06 Հոկտեմբեր 2020 ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որպեսզի Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի ու տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ:
«Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը»,- գրել է Համբարյանն ու ամփոփելով նամակը, հույս հայտնել, որ դեսպանը հրատապ կերպով իր մտահոգությունները կհայտնի Իսրայելի կառավարությանը, աշխատանք կտարվի Ադրբեջանին զենքի վաճառքը և փոխադրումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ և կերաշխավորվի, որ Իսրայելը երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ Ցեղասպանությանը: