Ֆրանսիայի, Նիդերլանդների և Բելգիայի ընկերվարական երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը
10 Հոկտեմբեր 2020 Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի (Հայկական անվանումը՝ Արցախ) շուրջ հասել է սաստկության գագաթնակետին, որը աննախադեպ է 1994 թվականի հրադադարից այս կողմ։ Վերջին տեղեկությունների համաձայն զոհերի թիվը, որոնց մեջ փոքր թիվ չեն կազմում նաև քաղաքացիական անձիք, անցել է 200-ը: Հրադադարի պայմանավորվածության խախտումը Ադրբեջանում ընթանում է կառավարության կողմից բոլոր ընկերային ցանցերի արգելափակումով և արտասահմանյան թղթակիցների՝ երկիր մուտք գործելու արգելքով։ Միաժամանակ մինչև հրադադարի խախտումը արդեն Թուրքիայի միջոցով Ադրբեջան էին մեկնել մեծ թվով սիրիական վարձկաններ։ Բոլոր այս տեղեկությունները, որոնք ի միջի այլոց արդեն հաստատվել են միջազգային անկախ լրատվությունների միջոցով խոսում են այն մասին, որ հրադադարի այս անգամվա խախտումը վաղուց արդեն նախապատրաստվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի օգնությամբ։
Մենք՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդերլանդների երիտասարդ ընկերվարներս ամենայն ուշադրությամբ հետևում ենք այս զարգացումներին։ Մենք դատապարտում ենք ծանր հրետանու օգտագործումը ապառազմական թիրախների դեմ ինչպիսին է Ստեփանակերտը։ Մենք դատապարտում ենք ազգայնամոլ քարոզչության տարածումը պատերազմական հաջողություններ գրանցելու նպատակով։ Դատապարտում ենք նաև արտասահմանյան թղթակիցների մուտքի արգելքը դեպի Ադրբեջան։ Միաժամանակ դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարձակողական հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ և դրանք համարում ենք տարածաշրջանում խաղաղության մեծագույն սպառնալիք:
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարաել են, որ հայերը այս տարածաշրջանում տեղ չունեն։
Մենք հարգում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նրանք այս պահին այն պատերազմական գործողությունների կիզակետում են հայտնվել, որոնց ամենամեծ զոհը հենց իրենք են։ Մենք կոչ ենք անում անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց նաև պետք է ներառնվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում միջազգային հասարակայնությանը աջակցել լարվածության թուլացմանը՝ հանուն հակամարտության խաղաղ կարգավորման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամբողջությամբ հարգելով։
Մեր արժեքները պարտադրում են մեզ պաշտպանելու հակամարտության միայն խաղաղ կարգավորման ճանապարհը այս տասնամյակներ շարունակվող խնդրի համար։ Այս պատերազմը հաղթողներ ունենալ չի կարող և պատմության դասերը խոսում են այն մասին, որ բռնությունը միայն իրավիճակը ապակայունացնում է և հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև գոյություն ունեցող վիհը է՛լ ավելի խորացնում։
Mouvement des Jeunes Socialistes de France
Jonge Socialisten in de PvdA Netherlands
Mouvement des Jeunes Socialistes de Belgique
Jongsocialisten van Belgïe