Սա սովորական պատերազմ չէ, միակ փրկությունն Արցախի միջազգային ճանաչման մեջ է
16 Հոկտեմբեր 2020 Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:Ազգային ժողով ներկայացված բանաձևում պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Գի Թեսիեն կառավարությանը հորդորում են անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:
lefigaro.fr-ի փոխանցմամբ՝ մոտ քսան պատգամավոր պահանջել է, որպեսզի Ֆրանսիան անհապաղ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Հայ համայնքի ներկայացուցիչներն այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տանում, երթեր, ցույցեր են կազմակերպում:
«Կիրակի օրն Արցախի ճանաչման պահանջով քայլերթ ենք կազմակերպելու՝ Ազգային ժողովից մինչև Ելիսեյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահի նստավայր և Արտաքին գործերի նախարարություն: Հիմնականը, անշուշտ, Արցախի անկախությունը ճանաչելու պահանջն է: Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրությամբ է նաև ձևավորվել այս խորհրդարանը, իրավունք ունենք Ֆրանսիայի Ազգային ժողովից պահանջել՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Արցախը գտնվում է իրական վտանգի առջև: Սա սովորական պատերազմ չէ, այստեղ Արցախի ժողովրդի գոյության հարցն է, և այս առումով միակ փրկությունն Արցախի միջազգային ճանաչման մեջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը:
Նա հայտնեց նաև, որ օրինագծի քննարկման հստակ օր նշված չէ, բայց հավանական է, որ առաջիկա երեքշաբթի բերվի օրակարգ: