Աշխարհը հայտարարություններից զատ պետք է նաև գործնական քայլեր անի
19 Հոկտեմբեր 2020 Աշխարհը հայտարարություններից զատ պետք է նաև գործնական քայլեր անի, որոնք, ցավոք, չկան: Երևի մտածում են՝ պատերազմն իրենցից շատ հեռու է, բայց կարծում եմ՝ սխալվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության ու կառույցների արձագանքին:Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, տեղեկատվական դաշտին, քաղաքական գործիչների հայտարարություններին հետևելով՝ կարելի է ասել՝ ըմբռնումով են մոտենում հայկական կողմին, որ այսօր հայ-ադրբեջանական պատերազմ չէ, դրանում ներառված է Թուրքիան և ահաբեկչական խմբեր, որոնք Մերձավոր Արևելքից տեղափոխվել են և տարածաշրջանը նոր կրակի մեջ են նետում:

«Այս պարագայում աշխարհն անհանգիստ է: Պատերազմը քայլ առ քայլ մոտենում է Եվրոպայի, ՌԴ-ի սահմաններին: Քննադատող խոսք է հնչում, բայց երևի մտածում են՝ պատերազմն իրենցից շատ հեռու է, բայց կարծում եմ՝ սխալվում են, որովհետև այսօրվա տեխնոլոգիաների զարգացման պարագայում երկրագունդը բավականին փոքր է, և եթե քայլեր չկատարեն, պատերազմը «կչոքի իրենց դռանը»»,-ասաց Բալայանը:
Վերջինիս կարծիքով՝ կրակի դադարեցմանը պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ, մանավանդ, որ այդ երկրները ուժային կենտրոններ են ներկայացնում և ունեն համապատասխան ռեսուրսներ՝ իրավիճակի վրա ազդելու և իսկապես կանխելու այն զարգացումները, որ տեղի են ունենում այս տարածաշրջանում: «Կարծում եմ՝ մեծ ցանկություն ունենալու պարագայում հնարավոր է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե հրադադարի մասին առաջին պայմանավորվածությունը եղավ ՌԴ նախագահի ջանքերով, երկրորդ հրադադարի հայտարարման ժամանակ ընդգծվեց Ֆրանսիայի նախագահի անունը, սակայն հակառակորդը խախտեց երկու հրադադարներն էլ, Բալայանը արձագանքեց.
«Հայտարարություններից բացի իրար հետ շփվելու այլ ճանապարհներ կան, չեմ կարող ասել՝ արդյո՞ք այդ հայտարարություններն ամրապնդված են համապատասխան հեռախոսազանգերով կամ ուղղակի բանակցությունների միջոցով: Հայտարարություն անելը, կարծում եմ, հարցի մի մասն է: Հարցը լուծելու համար կա նաև մյուս կողմը՝ ցանկություն, որի միջոցով իսկապես կարելի է հասնել ծրագրի իրագործմանը: Այդ երկրները հնարավորություն ունեն ստիպել հակառակորդին պահպանել հրադադարը. եթե չի արվում, ապա, ինչպես ասում են, համապատասխան ձևով չի ասվում»:
Հարցին՝ տեսնո՞ւմ է այդ կամեցողությունը, Բալայանն արձագանքեց՝ կան խորքային խնդիրներ, զարգացումներ, գերտերությունների շահեր, հարցեր, որոնցից տեղեկացված չենք լինում, և դժվար է ասել՝ ինչ նպատակներ կան. «Բայց որ կամենալու պարագայում կարող են հասնել հրադադարի կայացմանը, ես դրանում կասկած չունեմ»,-հավելեց ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Թե ինչ քայլեր պետք է անեն պետություններն ու միջազգային կառույցները, Բալայանը պատասխանեց՝ քայլերը կարող են տարբեր լինել՝ սկսած պատժամիջոցներից մինչև ռազմական միջամտություն: «Այդ երկրներն ունեն ռեսուրսներ, կարող են հանգիստ անել: Վերջին տարիներին բազմիցս ականտես ենք եղել՝ ինչպես այս կամ այն խնդիրները լուծելու համար ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից սանկցիաներ, միջոցառումներ, բավականին հասցեական ինչ-որ բաներ արվում են: Ցավոք, մեր պարագայում, առայժմ հայտարարություններից այն կողմ որևէ բան չենք տեսնում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս ամսվա ընթացքում կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, Բալայանն արձագանքեց, թե կասկածում է, որ ինչ-որ շոշափելի բան կլինի:
«ԱՄՆ-ն նախընտրական շրջանում է գտնվում, իրենք ուրիշ խնդիրներ են լուծում, բայց անկախ արդյունքից՝ պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել՝ իրավիճակը ներկայացնելու համար»,-ընդգծեց նա:
Հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչ գործողություններից հետո կարող ենք կրակի դադար ակնկալել, Բալայանը պատասխանեց՝ ակնկալիքն այն է, որ ռազմաճակատում հաջողություն արձանագրվի, և այդ պարագայում ամեն ինչ տեղը կընկնի:
Հեղինակ Մարիամ Սարգսյան